Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել է վերջին շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությունը և ստացել պարզաբանումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մասնավորապես, ԱՀԿ-ն ուսումնասիրում է պատվաստվածների շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Կարևոր է նշել, որ համաձայն Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման` պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, և պատվաստանյութը կարող է շարունակել կիրառվել մինչև հետազոտությունների ավարտը:
Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն (GACVS) մանրակրկիտ ուսումնասիրում է «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ առկա տվյալները, որոնց վերջնական ամփոփումից հետո ԱՀԿ դիրքորոշման ցանկացած փոփոխության մասին կտեղեկացվի հանրությանը:
Միաժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստումները չեն կարող նվազեցնել այլ պատճառներով պայմանավորված մահացությունը: Նման դեպքերը կշարունակեն գրանցվել նաև պատվաստումից հետո` չունենալով պատճառահետևանքային կապ պատվաստման հետ:
2021 թվականի մարտի 12-ի դրությամբ` ամբողջ աշխարհում իրականացվել է ավելի քան 335 միլիոն դեղաչափ պատվաստում COVID-19-ի դեմ, և մինչ օրս պատվաստանյութերով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել, այն պարագայում, որ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է առնվազն 2,6 միլիոն մահ: ԱՀԿ-ն երկրներին առաջարկում է շարունակել հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի դիտարկումը:
«AstraZeneca» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենց պատվաստանյութի անվտանգության և որակի առումով չկա որևէ անհանգստացնող փաստ: Իրականացվել են լրացուցիչ բազմաթիվ հետազոտություններ եվրոպական մի շարք անկախ առողջապահական մարմինների կողմից, որոնց արդյունքում ոչ մի խնդրահարույց երևույթ չի հայտնաբերվել:
Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում պատվաստվել է ավելի քան 17 մլն անձ, որոնց առկա տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չկա թոքային զարկերակի էմբոլիայի, խորը երակների թրոմբոզի կամ թրոմբոցիտոպենիայի առաջացման ռիսկի աճ որևէ սեռային, տարիքային խմբում, կոնկրետ երկրում կամ կոնկրետ խմբաքանակում: Միաժամանակ, հաղորդված դեպքերի թիվը շատ ավելի ցածր է, քան թրոմբոզի այն հարյուրավոր դեպքերը, որոնք ակնկալվում են բնակչության ընդհանուր պոպուլյացիայում (հղում):
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերն ունեն համադրելի արդյունավետություն: Ներկայումս այն գնահատվում է՝ հիմնվելով միլիոնավոր անձանց շրջանում կիրառվող պատվաստումների տվյալների վրա, ովքեր նույն ժամանակահատվածում միևնույն երկրում ստանում են տարբեր պատվաստանյութեր: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում կիրառվել է մոտ 20մլն դեղաչափ «Pfizer» ընկերության պատվաստանյութ և 20մլն դեղաչափ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի մեկ դեղաչափի արդյունավետությունը նույնն է: «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունը 70 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում անախտանիշ դեպքերի կանխարգելման առումով ավելի բարձր է, քան «Pfizer»-ինը: Շոտլանդիայում «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է բոլոր տարիքային խմբերում հոսպիտալացումների կանխարգելման առումով: Երկու պատվաստանյութերն էլ նվազեցնում են հոսպիտալացման և մահվան դեպքերի առաջացման ռիսկը (հղում):
comment.count (0)