Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։


«Ռազմականացված մասկուլինության և ապակոնտեքստուալացված ռացիոնալության գերիշխող ձայնը այնքան բարձր է հնչում մեր մշակույթում, որ որևէ այլ ձայն դժվար լսելի լինի մինչև այն պահը․․․ երբ այդ ձայնը ապալեգիտիմացվի»։

Քերոլ Քոն[1]

 

Այս վերլուծությունը միտված է վեր հանելու այն սոցիալ-լեզվաբանական առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են պատերազմով։ Տեքստը չունի խորքային հետազոտության հավակնություն, ավելի շուտ նպատակ ունի ցույց տալու, թե ինչ կապ կա պատերազմի, լեզվի և գենդերային ինքնության միջև, և ինչ հավելյալ շերտեր կան նշված թեմայի հետագա ուսումնասիրման համար։

Հայտնի է, որ ռազմական հռետորաբանությունը հիմնված է բռնության լեզվի վրա[2], իսկ բռնությունը սերտորեն փոխկապակցված է գենդերային ինքնության հետ։ Լեզուն դիտարկվում է որպես բռնությունը, այդ թվում և պատերազմը ռացիոնալացնելու և արդարացնելու գործիք, եթե անգամ այդ պատերազմը անցանկալի է հանրության լայն շերտերի համար։ Այս փոխկապակցվածությունը պայմանավորված է կոնկրետ լեզվամտածողությամբ, տվյալ հասարակությունում անձի վարքագծի, հայացքների և զգացմունքների նկատմամբ առկա վերահսկողությամբ, հարաբերությունների և սոցիալական կապերի բարդ համախմբերով, ազգային գաղափարախոսությամբ, մարդկային հարաբերությունների վրա հիմնված սոցիալական կառույցներով, որոնք անընդհատ դինամիկ փոփոխության մեջ են։

Ղարաբաղյան առաջին պատերազմում (1992-1994 թթ․) հայկական կողմի «հաղթանակը» առկա բոլոր քաղաքական և հասարակական ինստիտուտների միջոցով ռոմանտիզացվեց, և պատերազմի ու դրան սպասարկող բոլոր օղակների քննադատությունը տաբուացվեց։ Պատերազմի խոսույթը դարձավ տղամարդկանց մենաշնորհը, իսկ կանայք, որոնք կրել էին պատերազմի տնտեսական ու սոցիալական հիմնական բեռը, մնացին անտեսանելի ու լռեցված[3]։ Արդյո՞ք վերջին պատերազմը փոխեց այս իրավիճակը, արդյո՞ք պարտությունը հնարավորություն է տալիս վերաձևակերպելու հայրիշխանական պատերազմական լեզուն և վերադիրքավորվելու։

 

Մեդիան, խոսույթը և լռությունը

Մեդիան/սոցիալական մեդիան նպաստել է, որ կանանց ձայնը վերջին տարիներին և, մասնավորապես, վերջին պատերազմի ժամանակ ավելի լսելի դառնա, եթե անգամ այդ ձայնը հնչում է հայրիշխանական դիրքերից։ Պատերազմի օրերին շատ քիչ էին մարդիկ, որոնք հակապատերազմական մտքեր էին արտահայտում, կոչերով հանդես գալիս կամ գրառումներ անում հանրային տարածքում, ու, որպես կանոն, դրանք կանայք էին։ Ավելի հաճախ նման քննարկումները տեղի էին ունենում նեղ վստահելիության և համախոհության շրջանակներում։ 

Եթե փորձենք որոշակիորեն համակարգել այն տեքստերը, որոնք տարածվում էին պատերազմի օրերին, ապա կարելի է առանձնացնել հանրային և ոչ հանրային տեքստեր, դիրքորոշում արտահայտող և զգայական/զգացմունքային տեքստեր։ Զարմանալի չէ, որ կանանց խոսույթում վերջին տիպի տեքստերը գերակայում էին։ Այն կանայք, որոնց որդիները, ամուսինները կամ եղբայրները ռազմի դաշտում էին, մասնավոր տարածքում միանշանակ քննադատում էին պատերազմը և ուզում էին, որ այն հնարավորինս շուտ ավարտվի։ Այս քննադատությունները, սակայն, գրեթե կամ երբեք չէին հնչում հանրային տարածքում։ Պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնելու հանրային պահանջը լսելի չէր,  իսկ տարածաշրջանային և ներհայաստանյան անվտանգության հարցերի չլուծվածությունը նպաստում էր լռության ամրապնդմանը։

Հանրային տարածքում չխոսելու վախը/տաբուն նախ և առաջ պայմանավորված էր կանացի որոշակի սոլիդարությամբ, որը ենթադրում էր, որ պատերազմի ավարտից հետո կլինեն բազմաթիվ մայրեր, որոնց որդիները և մյուս հարազատները զոհվել են կամ վիրավորվել, և նրանք ապրիորի կփորձեն հիմնավորել, որ այդ մահերը անիմաստ չեն եղել, ու, հետևաբար, պատերազմն էլ անիմաստ չէր։ Ընդհակառակը, «եթե որդին չի զոհվել պատերազմում, իրավունք չունի խոսելու»․ գոյություն ուներ հստակ լռեցվածություն հայրիշխանական մեր հասարակությունում։

Այս մտայնությունը նպաստեց ավելի ռազմատենչ պատերազմական և որդեծնության կոչերի ակտիվ տարածմանը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո[4]։ Արդյո՞ք նման կոչերով հանդես եկող մարդիկ պատրաստ էին զոհաբերել իրենց երեխաներին/հարազատներին «պատերազմի աստծուն», թե՞ նման խոսույթը գիտակցված չէր, ուներ մանիպուլյատիվ բնույթ և կոչված էր սպասարկելու պետության ռազմականացված քաղաքականությանը։ Բոլոր դեպքերում մենք բախվում ենք դասական հայրիշխանական մոտեցմանը, համաձայն որի՝ կինը երեխա/զինվոր ծնող/արտադրող մեքենա է, իսկ կնոջ՝ երեխա ունենալ-չունենալու որոշումը՝ պետության մենաշնորհը։

Սոցիալական մեդիան նպաստեց նաև նրան, որ հայհոյանքը դարձավ «նորմավորված» լեզու հայ հասարակության համար։ Պատերազմի ժամանակ և դրանից հետո ագրեսիվ, հայհոյանքներով հարուստ տեքստերը դարձան համատարած ու անցան կանանց խոսույթի դաշտ։ Վերջիններս ևս սկսեցին լայնորեն օգտագործել բռնության և հայհոյանքի լեզուն, ինչն առավել ակնհայտ արտահայտվեց քաղաքական գործիչների մեդիա հրապարակումների ներքո և ադրբեջանական համացանցային գրառումների տակ։ Այս պատերազմը որոշակիորեն ցույց տվեց, որ տեղի է ունեցել կանանց լեզվի ապանորմատիվացում։ Թվում է, որ նման փոփոխությունը տանում է կանանց ազատականացման, սակայն, մյուս կողմից, երևույթն ունի ագրեսիվության զգալի լիցք և հասարակության մեջ խորացնում է մասկուլին խոսույթը։

 

Սիմվոլիզմի լեզուն և կնոջ ապրանքայնացումը

Վիզուալ սիմվոլիզմը` որպես լեզու, շատ հաճախ օգտագործվում է ընդհանուր հռետորաբանությանը զուգահեռ քաղաքական և հասարակական գործիչների իմիջը կերտելու և ուղերձը ավելի թիրախային դարձնելու համար։

2018 թ․-ի հեղափոխությունից հետո Աննա Հակոբյանը հանդես եկավ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությամբ[5], որի շրջանակներում կազմակերպվեցին տարատեսակ քննարկումներ, մարտավարական հիմունքների դասընթացներ և հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում վերջինս ներկայացավ զինվորական համազգեստով և ծաղիկներով։ Այս ոչ միանշանակ ուղերձը նախապես ուներ խաղաղարարական ենթատեքստ, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ ստացավ արտահայտված միլիտարիստական ձևակերպում։ Թեման մեծապես շահարկվեց մեդիայի կողմից և լայն քննադատության արժանացավ այն բանից հետո, երբ պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը Արցախի ԶՈՒ-ի բունկերում է։ Հասարակության զգալի մասն այս քայլը դիտարկեց որպես «վտանգավոր շոու», և դրա հիմնավորումը եղավ այն, որ կինը/վարչապետի տիկինը իրավունք չունի գտնվելու ստրատեգիկ անվտանգային օբյեկտում։ Մյուս կողմից երևույթը բացասաբար ընկալվեց հակամիլիտարիստ քաղհասարակության կողմից, որն Աննա Հակոբյանի նման արարքը որակեց որպես ռազմական գործողությունների մեջ ընդգրկվելու սիմվոլիկ կոչ` ուղղված հայ կանանց։ Այս վիզուալ ուղերձը գուցե նախապես միտված էր խաղաղարարությանը, բայց բովանդակային առումով հստակորեն պաշտպանում էր նույն հայրիշխանական գիծը և ուներ պատերազմը ռոմանտիզացնելու աղերս։

Սիմվոլիզմի տեսանկյունից հետաքրքիր և դրական ուղերձի փորձ էր Շուշան Ստեփանյանի նշանակվելը որպես պաշտպանության նախարարության խոսնակ։ Սակայն սա ևս միանշանակ չընկալվեց հայ հասարակության կողմից, քանի որ պատերազմի օրերին նրա անգամ շատ ավելի հավասարակշռված և ինֆորմատիվ հաղորդագրությունները նույն ազդեցությունը չէին գործում հանրության վրա, ինչ տղամարդ խոսնակի՝ պաթետիկ և ստահոդ հաղորդագրությունները։ Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ պաշտպանության նախարարությունը ռազմականացումը ձևակերպող և դրան սպասարկող հիմնական կառույցն է, որում անգամ կին կադրերի ընդլայնումը չի տանում երկրի և հասարակության ապամիլիտարիզացիայի։

Կանանց ներգրավվածությունն այս պատերազմում անհամեմատ ավելի մեծ էր, քան նախկինում։ Վերոնշյալ երևույթի թվացյալ ազատականացնող բաղադրիչն իրականում ուներ այլ տրիքստերային կողմ․ ներգրավվելով պատերազմի մեջ՝ կանայք դառնում էին միլիտարիստական խոսույթի կրողը և բազմապատկողը։ Բացի դրանից՝ այս պատերազմի ամենատարբեր մակարդակներում իրենց մասնակցությամբ կանայք նաև նպաստեցին դրա կոմերցիալացմանը՝ չկարողանալով հորինել այլ բան, քան իրենց, պատերազմին մասնակցելու դիմաց, որպես պարգև առաջարկելը։ Պատերազմի դաշտ ուղարկվող շոկոլադների՝ «Սնիկերսների» վրա փակցված էին գրություններ՝ «Շուտ արի, որ Մոսկվայից գամ, քո պես սիրուն տղա ունենանք», «Արի՛, որ երեխեքս քեզ պապա ասեն[6]», որոնք իռացիոնալ էին, ոչ միշտ ռեֆլեքսիայի ենթարկված, և որոնք անմիջապես որսացին խոշոր ձեռնարկատերերը՝ օգտագործելով այս հանգամանքը շոկոլադի վաճառքն ընդլայնելու համար։ Հայ կանանց այս թվացյալ անմեղ, արմատաբուխ նախաձեռնությունը և նմանօրինակ այլ նախաձեռնություններ կոչվեցին սպասարկելու պատերազմի կապիտալիզմին։

 

***

Այսպիսով, եթե ամփոփենք այս համառոտ ակնարկը, միանշանակ կարող ենք պնդել, որ թվացյալ ազատականացնող մի շարք երևույթներ՝ լեզվի ապանորմատիվացումը, կանանց ներգրավվածության ընդլայնումը պատերազմում, ՊՆ կին խոսնակի նշանակումը, իրենց բնույթով խորացնում են հայրիշխանական, միլիտարիստական մշակույթը հայ հասարակությունում։

Խաղաղության մասին խոսելը մեզանում դիտարկվում է որպես թուլություն/դավաճանություն և ռեցեսիվ խոսույթ, այդ իսկ պատճառով այն հաճախ վերագրվում է կանանց։ Ցավոք սրտի, այս պատերազմի ընթացքում անգամ կանանց շրջանակում այն չդարձավ գերակա և հանրայնորեն լսելի։

Տվյալ վերլուծական տեքստի ձևակերպման և դրա շուրջ մտափոխանակման համար շնորհակալ եմ Սոնա Մանուսյանին, Լուսինե Խառատյանին, Գայանե Այվազյանին, Ռիմա Գրիգորյանին և Համլետ Մելքումյանին։ Թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Գայանե Ղազարյանին և Սոնա Մանուսյանին:

 

[1] Carol Cohn. Sex and Death in the Rational World of Defense Intellectuals. Signs: Journal of Women in Culture and Society 12 (1987): 687-718.

[2] Բռնության մշակույթը Հայաստանում, խմբ․՝ Գ․ Տեր-Գաբրիելյան, Երևան. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 2020: 

[3] Մարտիրոսյան Ա․, Գալֆայան Ա․, Շահնազարյան Ա․, Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն, հրապարակման ամսաթիվ՝ 25.02.2021, URL: https://epress.am/2021/02/25/radical_choice_statement_1226.html :

[4] Ավետյան Ա․, Վերականգնել կորուստները՝ թեկուզ օրենքը խախտելով, հրապարակման ամսաթիվ՝ 09.02.2021, URL: https://www.aliqmedia.am/2021/02/09/6009/?fbclid=IwAR3ALQGcTZH7pyup6z1I3x7GOS4dUBVBoXVjk1PUyEvJ_RoQZ0HSjY5ucyc:

[5]«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնություն (մեկնարկել է՝ 24․07.2018), URL: https://bit.ly/3styVGJ :

[6] Պողոսյան Ժ․, «Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին, հրապարակման ամսաթիվ՝ 02.10.2020, URL: https://m.armeniasputnik.am/society/20210401/27018427/odanavakayan-taqsi-spitak-meqena-mec-gumar.html ; «Շուտ արի, որ Մոսկվայից գամ, քո պես սիրուն տղա ունենանք». շարունակում են զինվորներին «Սնիկերսներ» ուղարկել, հրապարակման ամսաթիվ՝ 13․10․2020, URL: https://www.aysor.am/am/news/2020/10/13/%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A5%D6%80%D5%BD-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80/1756403: