tert.am:  Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին և այդ զրույցի ընթացքում հայտնել է, որ 2018-ին տեղի ունեցած իրադարձություններին աջակցել են դրսի ուժերը:

- Հարցերի առաջին մասը Ձեր հրաժարականն է: Իմ ծանոթներից շատերը, պարո՛ն նախագահ, բոլոր նրանցից, ովքեր 2018 թվականին դուրս էին եկել հրապարակ և պահանջում էին Ձեր հրաժարականը, շատ-շատերը հիմա Ձեզ մեղադրում են նրանում, որ Դուք տվեցիք իշխանությունը: Նրանք ասում են. «Լավ, մենք չէինք հասկանում, բայց նախագահը հո հասկանո՞ւմ էր»: Մտածում եմ այդ հարցի շուրջ:

Դուք ունեիք վերլուծաբաններ, Դուք ունեիք ԱԱԾ, հզոր ստրուկտուրա էր:  Ինչու՞ թույլ տվեցիք, պարո՛ն նախագահ: Ի՞նչ կարելի է այդ մարդկանց պատասխանել: Այո, Ձեզ մեղադրում են, որ տվեցիք իշխանությունը:

- Ինձ համար զարմանալի չէ, որ մարդիկ այդպիսի հարցեր են տալիս, ես դա համարում եմ բնական. բա ի՞նչ անեն` իրենք իրե՞նց մեղադրեն: Ասեն, որ իրենք հրապարակո՞ւմ էին, ասեն, որ իրենք փողոցնե՞ր էին փակում, որ իրենք «դըմփ-դըմփ-հո՞ւ» էին անում: Տեղ ունեն մեղադրելու:

- Այնուամենայնիվ, պարոն նախագահ, Դուք հասկանո՞ւմ էիք, թե այն ժամանակ դեռ չէիք հասկանում՝ ազգային էսպիսի աղետ լինելու է, թե ոչ:

– Իհարկե, որ ասում եմ՝ բա մարդիկ ո՞ւմ մեղադրեն, իրե՞նց մեղադրեն, չի նշանակում, որ ինքս ինձ մեղավոր չեմ համարում դրանում:

Անշուշտ, ես չէի պատկերացնում, որ կարող էր այսպիսի հետևանք լինել: Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում է, ես շատ լավ հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձել են հավատացնել, որ Հայաստանը չզարգացող երկիր է, որ Հայաստանում կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ-ինչ աստիճանների, որ Հայաստանում անարդարությունը անսահման է և այլն, և այլն: Բայց, որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, ես չէի կարող կանխատեսել: Ես հասկանում էի, որ, այո, կարող են լինել խնդիրներ, հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ՝ հավանականությունը մեծ էր: Ես այդպես էի կարծում:

-  Չգիտեմ,  միգուցե հեշտ է խոսել երեք տարի անց, բայց հիմա վերհիշելով նույն Ռադիոտունը, օրինակ (ռազմավարական օբյեկտ է Ռադիոյի տունը), երբ մտան և գրավեցին Ռադիոյի տունը, պետք չի նույնիսկ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ բոլոր հիմքերը կային Նիկոլին ձերբակալելու: Եվ հիմա նույն այդ մարդկանց հայացքով նայելով` ինչու՞ չձերբակալեցիք Ռադիոյի տունը գրավելուց հետո:

– Այո, ակնհայտ է, որ հանցագործություն կար: Բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, այլ տեսանկյունից էի նայում, քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որևէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, այն մասշտաբները, որ հետո ունեցավ: Եվ որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարներին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում էին բոլորովին այլ բնույթ: Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ:

Կարծում էինք, որ դա միգուցե խայծ էր, խայծ էր, որպեսզի նա ձերբակալվի, այնուհետև հերոսացվի, և դրա հիման վրա շարժումը թափ հավաքի:

- Հարց, որը չեմ կարող չտալ, պարո՛ն նախագահ. իմ ֆիլմում ոստիկանապետն ասում է՝ տվեք ինձ մի ժամ, և քաղաքը կվերդառնա սովորական կյանքի: Չեմ կարող չհարցնել՝ դա ռեժիսորի գայթակղություն է, իրականում ոստիկանապետը նման բան ասե՞լ է Ձեզ:

– Դա մի քիչ չափազանցված է: Բայց եթե որոշում կայացնեինք ուժ կիրառելու, անպայման այդպես կանեինք: Սկզբնական փուլում մենք չունեինք այդպիսի որոշում, որովհետև կարծում էինք, որ ավելի ճիշտ ճանապարհը մեղմ մոտեցնումն է, մաշեցնելու՝ այդ շարժումը տանելով դեպի մարում, հատկապես, որ դրա փորձն ունեինք: Հիշենք «էլեկտրիկ Երևանը», հիշենք ՊՊԾ գնդի գրավումը, այլ դեպքեր, երբ ներգրավված մարդկանց քանակը այդ, այսպես ասենք, միջոցառումներին շատ ավելին էր, բայց այդուհանդերձ մեզ հաջողվեց առանց որևէ լուրջ ուժ կիրառելու այդ շարժումները տանել դեպի մարում: Նորից եմ կրկնում՝ այո, ցանկացած պահի, ընդգծեմ՝ ցանկացած պահի, կարելի էր ուժ կիրառելու միջոցով խնդիրը լուծել: Բայց, եթե մենք փորձեինք ուժ կիրառել արդեն ապրիլի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին,  կարծում եմ հետևանքները շատ ծանր կլինեին: Հիշեք, թե ցուցարարների շարքում ինչքան երեխաներ, կանայք կային, և մենք դրա համար ձեռնպահ մնացինք:

–  Շատ ժամանակ իմ ընկերների հետ շփման մեջ, երբ նույն հարցին փորձում եմ ես պատասխանել, ասում եմ՝ բայց արյուն կթափվեր, շուռ են գալիս ու ասում՝ չթափվե՞ց, նայիր ինչքան արյուն թափվեց: Եթե իմանայիք, որ այսպես է լինելու, ուժ կկիրառեի՞ք:

– Եթե իմանայի, որ այսպես է լինելու, ես կձեռնարկեի ցանկացած միջոց, որպեսզի այսպես չլիներ հետո: Ես ուղղակի հեռացա, որպեսզի այդ մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը: Ես չէի կարող կարծել, որ իրենց երազածն ուրիշ բան է կամ որ իրենք այդքան ոչ կոմպետենտ կգտնվեն: Չէի կարող ենթադրել այսպիսի խայտառակություն: Նորից եմ կրկնում՝ ես համոզված էի, որ երկիրը մի քիչ այլ ճանապարհով պետք է շարժվեր, դրանում, խնդրում եմ, չկասկածես: Բայց, որ այսպիսի հետևանքներ պետք է ունենային «դըմփ-դըմփ-հուերը»...

- 27 տարի ապրելով Ռուսաստանում` ես շատ լավ գիտեմ, գիտակցում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեղմ ասած, ատում է հեղափոխության յուրաքանչյուր տեսակ: Ինչպե՞ս ստացվեց, որ 2018 թվականին նույն մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, չեմ ասում ուժով, գոնե վերաբերմունքով, ինչ-որ մեսիջներով չօգնեց Ձեզ: Ոչ ոք չօգնեց Ձեզ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ աշխարհը այսպես լուռ էր, տպավորություն էր, որ էդպես բոլորին ձեռնտու է իշխանափոխությունը Հայաստանում: Ինչո՞ւ: Այսինքն, ի՞նչ կար Ձեր դեմ: 

– Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին՝ Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ: Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ: Պատասխանը շատ պարզ է` բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի զարգացման մասին չեն համընկնում մեր պատկերացումների հետ: Նախ, մեր դաշնակիցները և գործընկերները ընդհանրապես, կարծում եմ, որ երեք տարբերակ ունեն սատարելու կամ չսատարելու: Տարբերակներից մեկն այն է, երբ տվյալ երկրի ղեկավարը շնորհավորում է որևէ այլ երկրում ընտրությունների արդյունքում իշխանության եկած անձին, քաղաքական ուժին: Սա՝ մի տարբերակ: Երկրորդ տարբերակն այն է, որ այդ երկրների արտաքին գերատեսչությունները հայտարարություն են անում: Եվ երրորդ տարբերակն այն է, երբ այդ երկրներն ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնվող ուժերին, անհատներին և այլն: