Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին․ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ
19:15 - 13 մայիսի, 2021

Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին․ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ

Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը եւ Սեւ լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ ՀՀ ԶՈՒ-երը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Այս մասին այսօր ԱԽ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց, որ ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։  Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրադրության խոր եւ համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ․

«Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը, հնարավոր է, հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով։ Սրա մասին են վկայում հետեւյալ փաստերը․ առաջին, տվյալ տեղանքում իրենց գտնվելը Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է։ Ինչպես արդեն նշել եմ՝ Խորհրդային միության ժամանակ հաստատվված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որեւէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները։ 

Երկրորդ՝ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին։ Երրորդ՝ դեռեւս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հանդես եկավ բացահայտ սպառնալիքներով՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջնացք կբացի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ ինչպես ինքն է հորջորջում՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով»,- հավելեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ տեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։

«Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ միջոցներ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության՝ 2010-ի դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված որոշումներ ընդունելու մեխանիզմը։

Չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության եւ փոխհրաձգության դեպքեր չունենք, ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար, եւ այս միջոցները մենք ձեռնարկում ենք որպես ՀԱՊԿ անդամ։»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել