hetq.am: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կգերադասեր տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, այլ ոչ բացառապես ռուսական անձնակազմ։ Այդ մասին Շարպը հայտարարել է BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում։
Վերջինիս խոսքերով՝ Մեծ Բրիտանիան կնախընտրեր, որ հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ անձնակազմը լիներ միջազգային։ «Պետք է ուսումնասիրել ՌԴ խաղաղապահ ուժերի մանդատը, ավարտել այդ մանդատը<...> Ինչը կարող է լինել այլընտրանք, ինչը կարող է դրան փոխարինել»,- նշել է Բաքվում բրիտանական դեսպանը։
Շարպն ընդգծել է, որ դեռևս չլուծված է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Վերջիվերջո, վերջնական կարգավորման հարցը, խաղաղության պայմանագիրը, պետք է լուծվի, և Մինսկի խմբի համանախագահները դրանում պետք է դեր ունենան»,- նշել է Շարպը։
Բաքվում բրիտանական դեսպանը հայկական կողմին կոչ է արել Արդբեջանին տալ ականապատ դաշտերի քարտեզը, իսկ Ադրբեջանին կոչ արել վերադարձնել հայ ռազմագերիներին։
comment.count (0)