Ռուսական կողմը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը․ կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը
11:23 - 14 մայիսի, 2021

Ռուսական կողմը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը․ կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ, մայիսի 13-ին` ուշ երեկոյան, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին հրադադարի ռեժիմի խիստ պահպանման առումով:

Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու ու Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել