Կութից ադրբեջանցի զինվորականները հեռադիտակով երևում են․ բնակավայրում իրավիճակը հանգիստ է,  միջադեպեր չեն գրանցվել
18:44 - 14 մայիսի, 2021

Կութից ադրբեջանցի զինվորականները հեռադիտակով երևում են․ բնակավայրում իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել

Infocom-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը հաստատեց այն լուրը, որ ադրբեջանական կողմը մայիսի 12-ին իրենց գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է հատել ՀՀ սահմանը։ 

Սիմա Չիտչյանի խոսքով՝ ադրբեջանցիները Կութի բնակիչներին ասել են, որ վերջիններս իրենց անասուններն իջեցնեն սարերից։ Վարչական ղեկավարը նշեց, որ հայ հովիվներն ադրբեջաներեն չեն հասկանում, բայց երբ հանդիպել են ադրբեջանցի զինվորերին, վերջիններիս ասածներից հասկացել են, որ նրանք իրենց ասել են անասուններին իջեցնել սարերից։ Հովիվներն անասուններին սարերից իջեցրել են, նրանք այսօր անասուններին սար չեն տարել։ 

Վարչական ղեկավարը վստահեցրեց, որ հայ հովիվների և ադրբեջանցի զինվորկանների միջև որևէ միջադեպ չի գրանցվել․ «Ոչ մի բան իրենցից (ադրբեջանցի զինվորներից- խմբ․) չենք նկատել, իրենք մի 4,5 կմ մեզնից օդային տարածքով հեռու են»։

Սիմա Չիտչյանի խոսքով՝ իրենք հեռադիտակով կարողանում են տեսնել ադրբեջանցի զինվորներին, բայց վերջիններիս կողմից ոչ մի գործողություն չի եղել։

Այսօր բնակավայր է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Վարչական ղեկավարն ասաց, որ ինքը տեղի ունեցող բանակցությունների ընթացքից տեղեկություններ չունի։

Սիմա Չիտչյանի խոսքով՝ չնայած մի փոքր վախ կա, Կութում իրավիճակը սովորական է, ժողովուրդը խուճապի չի մատնվել։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանցի ավելի քան 200 զինվորականներ հատել են ՀՀ պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ հատվածներում և խորացել մի քանի կմ։ Վերջին տվյալներով՝ ադրբեջանցի զինվորները դեռ գտնվում են ՀՀ տարածքում, այժմ բանակցություններ են ընթանում, ՀՀ-ն էլ դիմել է ՀԱՊԿ-ին։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր լրագողների հետ զրույցում հայտնեց, որ հայկական կողմը ցանկանում է խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը․ «Պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Պետք է պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել