ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել
18:45 - 14 մայիսի, 2021

ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել

ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու  Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանների մոտ վերջին օրերին ստեղծված իրավիճակը։ Նիստը նախաձեռնել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ԱԺ նիստում հայտնեց, որ ԲՀԿ-ն հրավերներ է ուղարկել համապատասխան գերատեսչություններին եւ լիազորված անձանց՝ այդ թվում՝ ՊՆ-ի ու ԱԱԾ-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք եւս մասնակցեն նիստին ու պատասխանեն պատգամավորների հարցերին։ Նա նկատեց, որ այդ պահին միայն արտգործնախարարության ներկայացուցիչն է մասնակցում նիստին, իսկ ուժային գերատեսչություններից ոչ ոք չկա․ թե ինչ հիմնավորմամբ՝ հայտնի չէ։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ կառավարությանը հնարավորություն են տվել՝ որոշել՝ ով մասնակցի նիստին, որովհետեւ կարեւոր է, որ այն անձը, որը կմասնակցի, տեղեկացված լինի եւ կարողանա տվյալներ ներկայացնել։ Սիմոնյանը չբացառեց, որ հնարավոր է՝ հրավիրյալները նիստի ընթացքում միանան։

Աբովյանն իր ելույթում հայտարարեց՝ կատարվողն անընդունելի է եւ ստեղծվել է մի աննորմալ իրավիճակ։ Նա ընթերցեց սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգությանն ուղղված հարցերի վերաբերյալ իրենց առաջարկած հայտարարությունն ու դրա հիմնավորումը․

«ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ 2021թ․ մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սեւ լիճ տարածքի ուղղությամբ ադրբեջանական զինուժն իբր սահմանների ճշգրտման եւ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում որոշակի աշխատանքներ կատարելու պատրվակով ներթափանցել Է ՀՀ տարածք՝ խորանալով մի քանի կմ՝ դեպի Վերիշեն բնակավայր։ Ադրբեջանական զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ ՀՀ ԱԽ ս․թ․ մայիսի 13-ի նիստում արձանագրվել է, որ արդեն երրորդ օրն է Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է։ Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են ՀՀ-ի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ ՀՀ-ն որեւէ դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը։ Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական, ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաեւ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը՝ ՀՀ ԱԺ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացվել միջազգային իրավունքով, ՀՀ Սահմանդրությամբ եւ օրեսնդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ»։

ԱԺ-ն հայտարարում է՝ ձեռնարկելու են վճռական կոշտ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ ժողովրդին եւ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով, կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքները ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանը եւ անվտանգությանը։

Աբովյանն ասաց, որ եթե կլինեն առաջարկներ, ապա դրանք կքննարկվեն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել