tert.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մայիսի 17-ի երեկոյան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչի մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առնչությամբ, ընդգծվել է ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար խաղաղության և անվտանգության ապահովման տեսանկյունից այդ հարաբերությունների կարևորությունը:
Սալիվանն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ և ընդգծել այդ տարաձայնությունները խաղաղ տարբերակով կարգավորելու անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է կողմերի կողմից միջազգային սահմանի դեմարկացիայի հարցի կառուցողական քննարկման անհրաժեշտությունը:
Սալիվանը հայտնել է ԱՄՆ-ի` տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում հանձնառությունը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Նա դրական է գնահատել տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը` ընդգծելով, որ հակամարտության ավարտից վեց ամիս անց իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում` հայ-ադրբեջանական սահմանին կայուն է:
Ալիևը համաձայնել է Սալիվանի հետ այն հարցում, որ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի դելիմիտացիայի բանակցություններ սկսել և ընդգծել այդ գործընթացի` 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը համապատասխանելու կարևորությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, ինչի մասին տեղեկացնում է Կառառվարության մամուլի ծառայությունը:
comment.count (0)