Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով
13:10 - 20 մայիսի, 2021

Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով

Մենք այս պահին  կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է հանդիսանալու  ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հայտարարության տեքստի բովանդակությունը մոտավորապես սա է լինելու, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի ՀՀ խորհրդարանում։ Երկրորդը՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ  փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա»։

Նրա խոսքով՝ կրկին առանց ժողովրդի կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների, առանց տեղեկացնելու, առանց ՀՀ 100 տոկոս շահի մասին իրազեկելու հերթական պրոցեսն է գնում։ «Սրա հետ կապված մենք  այսօր նախատեսում ենք ԱԺ արտահերթ նիստ։ Խոսել եմ նաև ԲՀԿ մեր գործընկերոջ՝ Արման Աբովյանի հետ, պատրաստում ենք հայտարարություն, առանց որևէ փաստաթղթի ԱԺ արտահերթ նիստ չենք կարող հրավիրել, այդ պատճառով կարծում եմ՝ հայտարարությունը կլինի այդ հիմքը։ Սահմանների հարցը մարդու իրավունքներին առնչվող հարց է, հետևաբար միայն խորհրդարանի վավերացում է պահանջում։ Քաղաքական բնույթի որևէ փաստաթուղթը, որը էլի վերաբերում է սահմաններին և տարածքային ամբողջականությանը՝ կրկին պահանջում է խորհրդարանի վավերացում և չի կարող այդ փաստաթուղթը ստորագրվել և հետ չուղարկվել ՍԴ և հետո խորհրդարանում չվավերացվի»։

Մարուքյանի խոսքով՝ ինքը սպասում էր, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը կներկայացնի այդ մանրամասները, բայց չներկայացրեց, միայն նշելով, որ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից ։ «ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեր համար, վարչապետի կամ այլ ուժերի համար և  հետևաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ շահերից է բխում, թե ոչ։ Քանի որ մենք չունենք օբյեկտիվ տեղեկատվություն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, ինչի մասին է այն՝ չենք կարող ասել բխում է ՀՀ շահերից, թե ոչ»։  

Նա ընդգծեց, որ փաստաթուղթը պետք է հրապարակվի։ «Ես պատկերացնում եմ, որ այդ փաստաթուղթը պետք է հրապարակվի որպես նախագիծ և վարչապետը հստակ ասի՝ ես այս փաստաթուղթը ստորագրում եմ, որովհետև այն լավ է ՝ ա․ սրա համար, բ․ սրա համար և այլն, ներկայացվի, թե ինչի համար է այն լավ։ Հետո ժողովուրդը կորոշի լավ բան է, թե ոչ, որն է դրա հետևանքը և ինչ ենք անում։ Երկրի ղեկավարը ընդունում է, որ մեր երկրի տարածքում 600 ադրբեջանցի զինվորականներ կան և դուրս չեն գալիս, մենք Մոսկվայում բարձր մակարդակում ասում ենք, որ պետք է դուրս գան և այլն։ Մեր լիազորությունների շրջանակում ամեն ինչ արվել է, արվում է և արվելու է։ Մնացածը ընթացքը ցույց կտա»։

Նրա խոսքով՝ կարող է լինել ժողովրդի ճնշում և այդ փաստաթուղթը չվավերացվի։ «Օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչու՞ չբերեցին խորհրդարան, էլի մեծամասնություն էին, բայց գիտեին, որ բերեն, չեն կարողանալու վավերացնեն։ Դրա համար էլ այս անգամ չի ստացվելու նորից շրջանցել խորհդարանին։ Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախում ընթացող պատերազմի դադարեցմանն էր վերաբերում, հրադադարի մասին էր, ապա այս փաստաթուղթը, համաձայնագիրը կամ չգիտեմ ինչը, դեռ պարզ չէ՝ ինչ է։ ՀՀ սուվերեն տարածքի, սահմանների մասին է լինելու, որքանով ես հասկանում եմ՝ ըստ տարածվող տեղեկությունների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել