Ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ-երի վերահսկողության ներքո․ Փաշինյան
20:31 - 20 մայիսի, 2021

Ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ-երի վերահսկողության ներքո․ Փաշինյան

Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ զորքերը դուրս չգան․ էդ մարդիկ Ադրբեջանի քարոզչական պայքարի գործակալներ են։ Աժ արտահերթ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես կասկած չունեմ, իրենք չեն ուզում, որ զորքը դուրս գա, ընդհակառակը՝ ասել են՝ պատերազմ ա լինելու, մի շաբաթ ամեն օր սպասում են, որ էդ պատերազմը կայանա։ Եւ չեն կարողանում տանել էն իրավիճակը, որ իրավիճակը թեկուզ դժվարությամբ, բայց կառավարվում է։ Մի ժամանակ մեզ մեղադրում էին, որ պատերազմը չենք կանխել, հիմա էլ մեղադրում ենք, որ թույլ չենք տվել»,- ասաց նա՝ հայտարարելով, որ բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմից ձեւակերպվող թեզեր կան, որոնք ինքը նախ լսում է մեր ընդդիմության ներկայացուցիչներից, հետո Ադրբեջանից։

Փաշինյանը համոզված է, որ որոշ մարդիկ այդ թղթերը ստանում են ադրբեջանական կողմից։

Փաշինյանն ԱԺ նիստում խոսեց դեմարկացիայից ու դելիմիտացիայից։ Նրա խոսքով՝ դելիմիտացիան այն է, որ կողմերը համաձայնում են, թե սահմանի նշումն ինչ քարտեզների հիման վրա պետք է անեն, եւ համաձայնությունները գծում են քարտեզի վրա, իսկ դեմարկացիան այն է, երբ այդ քարտեզով գնում են, GPS-ով տեսնում են՝ այս կոորդինատն այն կոորդինատն է, որը քարտեզի վրա է, թե ոչ։

«Դեմարկացիան ու դելիմիտացիան մեկ օրվա գործ չեն։ Օրինակ, հետխորհրդային՝ մեր տարածաշրջանի երկրները, չնայած 30 տարի առաջ սկսել են այս գործընթացը, ոչ մեկը ավարտին չի հասցրել։ Անընդհատ խոսվում է, որ մենք ինչ-որ տարածքներ ենք հանձնում․․․ Սիրելի հայրենակիցներ, այսօր արցախյան առաջին պատերազմի հետեւանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Էսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող։ Մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ վերահսկողության ներքո։ Ավելին՝ դեռեւս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈՒ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել