Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, ընդ որում՝ դավաճանական, որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺԲ խորհուրդը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Վիժեցնել Ադրբեջանի հետ սահմանազատման համաձայնագրի կնքումը
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, ընդ որում՝ դավաճանական, որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը։
Աշխարհը, մասնավորապես՝ հայ ժողովուրդը, այսօր անակնկալ կերպով տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կնքել սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանանշման (դեմարկացիա) համաձայնագիր, որն իր բնույթով հանրաքվեի հիման վրա կնքվող և վավերացման ենթակա միջազգային պայմանագիր է։
Փաստում ենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր այդ կարգավիճակի բերմամբ ոչ միայն չունի նման տիպի պայմանագիր ստորագրելու իրավասություն և իրավազորություն, այլև զուրկ է նվազագույն լեգիտիմ հիմքերից՝ համազգային նշանակության նման կարևորագույն հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու առումով։
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանանշման հարցին, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն չի կարող լուծվել Խորհրդային Միության կողմից իր հանրապետությունների միջև ապօրինի և կամայական կերպով կատարված վարչատարածքային բաժանման հիման վրա։ Նման մոտեցումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ և չի կարող դրվել բանակցությունների հիմքում։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը այժմյան Միացյալ Ազգերի Կազմակերպության իրավանախորդ Ազգերի Լիգայի 1920 թ․ փետրվարի 24-ի որոշումն է, որի տակ դրված են այդ կազմակերպության խորհրդի անդամներ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները։
Ըստ այդմ, դիտարկվող հարցը կարող է լուծվել ապագայում՝ նշված փաստաթղթի հիման վրա և հայ ժողովրդից լեգիտիմ իրավասություն և իրավազորություն ստացած իշխանության օրոք։
Մինչ այդ, աշխարհասփյուռ հայ ժողովրդին կոչ ենք անում միասնական և միահամուռ կերպով ընդդիմանալ հայտարարված ազգադավ գործընթացին և վիժեցնել դրա իրականացումը հենց սկզբնավորման փուլում։
Հակահայկական աշխարհաքաղաքական կենտրոն Ռուսաստանը և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոկանատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող հակազգային ուժերը չեն կարող հայ ազգին զրկել իր նվիրական՝ միացյալ Հայաստան ունենալու երազանքից և դրա անխուսափելիության հեռանկարից։
comment.count (0)