Ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու․ Ռուբինյան
13:31 - 21 մայիսի, 2021

Ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու․ Ռուբինյան

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մայիսի 12-ից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակի մասին՝ ներկայացնելով դեպքերի ժամանակագրությունը։

«Որոշ դեպքեր տեղի են ունեցել զուգահեռաբար։ Մայիսի 12-ին ադրբեջանական զորամիավորումները ներս են մտել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից, որից հետո մենք մեր հստակ դիրքորոշումն ենք հայտնել առ այն, որ նրանք պիտի վերադառնան իրենց ելման դիրքեր՝ առանց նախապայմանների։ Եվ տեղի է ունեցել գործընթաց։ Մենք գործարկել ենք բոլոր մեխանիզմները, որոնք Հայաստանին հասու են, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում՝ հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում, այդ թվում՝ այլ գործընկերների հետ,  միջազգային տարատեսակ հարթակներում ճնշում մեծացնելով»։

Նրա խոսքով՝  այդ ընթացքում նաև առաջարկ է ստացվել Ռուսաստանի Դաշնությունից ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ։ «Եվ ուշադրություն․ ոչ թե անել դեմարկացիա և դելիմիտացիա հիմա կամ վաղը կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ օրինակ Հայաստանի և Վրաստանի միջև կա այդպիսի երկկողմ հանձնաժողով, որը 20 տարուց ավելի է գործում է, սահմանի մի մասը դեմարկացված է, մի մասը դեմարկացված չէ։ Մենք, ի պատասխան այս առաջարկի, կրկին մեր հստակ դիրքորոշումն ենք արտահայտել առ այն, որ սա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքից դուրս գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում»։

Ռուբինյանն ասաց, որ ստեղծման դեպքում հանձնաժողովը զբաղվելու է միայն ՀՀ-ի և Ադրբեջաննի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով։  «Այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»։

Անդրադառնալով Հայաստանի որոշ անկլավներ Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկություններին, Ռուբինյանն ասաց․ «Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը։ Այս հարցերը հետագայում կարող են քննարկման առարկա դառնալ  դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ։ Կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը, բայց այստեղ ի՞նչն է կարևոր տարբերակել․ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի է ունեցել դելիմիտացիա և դեմարկացիա։ Ոչ, դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ։ Կարող եմ վստահեցնել, որ ենթադրվող ստորագրելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու»։

Ռուբինյանը նաև հերքեց Արտաքին գործերի նախարարի հրաժարականի լուրերը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել էր, որ ԱԳՆ-ն տեղյակ չի ստորագրվելիք փաստաթղթից, Ռուբինյանն ասաց․ «Փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից, այն պատճառով, որ փոխարտգործնախարները մի քանիսն են, ունեն իրենց ոլորտը, որոնք կուռացիա են անում, նորմալ է, որ մի փոխնախարարը կարող է ամեն ինչից տեղյակ չլինեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել