ԿԲ-ն քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am:

ՀՀ Կենտրոնական բանկը կառավարության գործընկերների հետ քննարկում է գնաճի թիրախը 4-ից 3 տոկոս դարձնելու հնարավորությունը: 

Այդ մասին հոկտեմբերի 29-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Բանախոսը, նկատելով, որ գնաճն անդրադառնում է երկրում ձևավորվող բոլոր տոկոսադրույքներին, նշեց՝ եթե հաջողվի կառավարել 3 տոկոսանոց գնաճը, ապա կհաջողվի ստեղծել մի միջավայր, որում ԿԲ-ն կփորձի նվազեցնել բարձր տոկոսադրույքների հետ կապված ծախսերը: Դա, ըստ Գալստյանի, նպատակներից մեկն է: 

Շարունակելով միտքը՝ ԿԲ նախագահը նշեց. «Կարծում ենք՝ մեր հասունության մակարդակը ու վստահությունը մեր քաղաքականության նկատմամբ այնպիսին է, որ արդեն պետք է խաղանք այլ լիգայում՝ ուրիշ խաղացողների հետ և առերեսվենք ուրիշ՝ ավելի բարդ խնդիրների: Մենք պատրաստ ենք ստանձնել այդ մարտահրավերը: Մի բան է կառավարել 2-3 տոկոսանոց գնաճը, մեկ այլ բան՝ 4-5 տոկոսանոց գնաճը: Այստեղ քո խաղալու հնարավորությունը փոքր-ինչ ավելի լայն է»: 

Մարտին  Գալստյանը հայտնեց, որ ներկայում ԿԲ թիմն այդ թեմայով մասնագիտական քննարկումներ է անցկացնում կառավարության գործընկերների, մասնավորապես՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:   

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *