azatutyun.am: APM Terminals Poti ընկերությունից (Փոթիի նավահանգիստը շահագործող ընկերություն) հաստատել են «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Ընկերությունից, մասնավորապես, նշել են՝ սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն։
ՊՆ խոսնակը Infocom-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը՝ նշելով, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական հարաբերությունների վերաբերյալ հրապարակված տեղեկություններից բացի՝ այլ հավելում չունեն։
Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։
Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» զրահատեխնիկայի առաքումը Հայաստան՝ շեշտելով՝ «նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։
comment.count (0)