Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու |armtimes.com|
15:41 - 22 հունիսի, 2020

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Այս մասին ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի հունիսի 24-ին. «Հուսով ենք, որ դատարանը օբյեկտիվ եւ անաչառ կգտնվի»:

Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հունիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Մանուկյանը ձերբակալվել է, սակայն մեկ օր անց ազատ էր արձակվել. դատարանի որոշմամբ նրա ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ: Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննության՝ նախորդ շաբաթ կայացած վերջին նիստը հետաձգվել էր, քանի որ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել էր, եւ նա տեղափոխվել էր հիվանդանոց: Նիստը շարունակվել է այսօր առավոտյան:

Պաշտպան Հրանտ Անանյանի խոսքով՝ Մանուկյանի կալանավորումը օբյեկտիվ լինել չի կարող. «Երեք տարի առաջ տեղի ունեցած միջին ծանրության հանցագործության պատասխանատվության ենթարկելու ժամկետը հինգ տարի է, եւ վաղեմության ժամկետը հոսում է մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը, հետեւաբար իրատեսական էլ չէ, որ այս գործով կարող է լինել մեղադրական դատավճիռ. գործի քննությունը կտեւի ավելի քան մեկ տարի, մինչեւ նախաքննությունը ավարտվի եւ եռաստիճան դատական համակարգով անցնի, եւ եթե դու հիպոթետիկ առումով ունես դատավճռի կատարման ապահովման խնդիր, մտնես կալանքի, ես դա օբյեկտիվ չեմ համարում»:

Անանյանը նաեւ նշեց, որ նախկինում եղել են ընտրակաշառքի վերաբերյալ դատական գործեր, որոնցով ազատազրկում չի նշանակվել. օրենքը նախատեսում է նաեւ պատիժ՝ տուգանքի ձեւով. «Էլ չեմ ասում խոցելի խմբում գտնվող՝ 60-անց անձի նկատմամբ կալանավորում կիրառելը… Մենք իրավիճակ ունենք, երբ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձանց կալանավորումը փոխվում է գրավով կամ այլ խափանման միջոցով»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Մանուկյանը մի շարք հիվանդություններ ունի, նաեւ՝ սրտի հետ կապված, ինչով պայմանավորված էլ նիստի ժամանակ, երբ հերթը հասել էր իր ելույթին, ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխվել էր հիվանդանոց. այժմ արդեն դուրս է գրվել, այսօրվա նիստին էլ մասնակցել է:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել