Պաշտպանության նախարարությունը Infocom-ի 10 հարցումներից լիարժեք պատասխան է տրամադրել միայն մեկին
18:52 - 08 փետրվարի, 2021

Պաշտպանության նախարարությունը Infocom-ի 10 հարցումներից լիարժեք պատասխան է տրամադրել միայն մեկին

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը 6-րդ հոդվածով հստակ սահմանում է՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ իր փնտրած տեղեկությանը եւ դա ստանալու նպատակով հարցմամբ դիմել տեղեկություն տնօրինողին եւ ստանալ այն։ Իսկ գրավոր պաշտոնական հարցման պատասխանը պետք է տրվի 5 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկության տրամադրման համար լրացուցիչ ուսումնասիրության դեպքում՝ 30։ 

Հայաստանը, որ տեղեկատվության ազատության մասին օրենսդրություն ունի տասնամյակից ավելի, մշտապես փորձել է բարելավել իր դիրքերը խոսքի ազատության միջազգային վարկանիշում։ Օրինակ՝ 2019 թվականի ապրիլի 18-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցի համաձայն՝ մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքը միջազգային վարկանիշում՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում: 

Խոսքի ազատության բաղադրիչներից մեկն էլ տեղեկատվության ազատությունն է եւ լրատվամիջոցների հետ պետական մարմինների թափանցիկ աշխատանքը։ Լրագրողները բազմիցս են փաստել, որ Հայաստանում մամուլի միջոցներն ամենադժվարն աշխատում են ուժային կառույցների հետ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից ի վեր՝ Infocom-ը Պաշտպանության նախարարությանն ուղղել է 10 հարցում։ Նախարարին ուղղված հարցերից միայն մեկի պատասխանն է եղել լիարժեք եւ տրամադրվել օրենքով նախատեսված ժամկետում։

2020 թվականի նոյեմբերի 15-ին @military_arm տելեգրամ ալիքը գրել էր պաշտպանության այդժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի եւ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ)՝ երրորդ երկրին զենք-զինամթերքի վաճառքի գործում ներգրավված լինելու մասին՝ կից հրապարակելով փաստաթղթեր։ Սրա առնչությամբ պաշտպանության նախարարության այդժամանակվա մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը համացանցում տարածված փաստաթղթերն ու տեղեկությունները ֆեյսբուքյան գրառմամբ որակել էր լկտի սուտ եւ հավելել, որ լրագրողները կարող են պաշտոնական հարցում ուղարկել նախարարություն եւ համոզվել, որ ամբողջը հորինվածք է։ 

Փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար նոյեմբերի 20-ին պաշտոնական հարցմամբ դիմեցինք նախարարությանը։ Մեր հարցմանը պատասխանեցին դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ 3 օր ուշ։ Հարցման պատասխանում նախարարությունը նշեց, որ մերժում է տեղեկության տրամադրումը, քանի որ, իրենց մեկնաբանմամբ, փաստաթղթերն անուղղակի կապ ունեն պետական գաղտնիք պարունակող ռազմատեխնիկական նշանակության աշխատանքների մատակարարման հետ։ Շեշտենք՝ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ լրագրողները կարող են ուղարկել հարցումներ՝ համոզվելու համար, որ ամբողջը հորինվածք է։ 

Մեր վերոնշյալ հարցումից 40 օր անց՝ դեկտեմբերի 29-ին, առանց կրկնակի հարցում ուղարկելու, ՊՆ-ից մեզ տրամադրեցին նույն հարցերի վերաբերյալ պատասխան։ Համաձայն պատասխանի՝ շրջանառվող փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, որոնց մի մասը Պաշտպանության նախարարության եւ Դավիթ Գալստյանին պատկանող «Mosston engeenering»-ի միջեւ կնքված պայմանագիր է, մյուս մասը՝ «Mosston engeenering»-ի եւ մեկ այլ մասնավոր ընկերության նամակագրություն։

Փաստորեն, նախարարության նախկին խոսնակի հայտարարությունը, թե փաստաթղթերը անհեթեթություն են եւ լկտի սուտ, իրականությանը չի համապատասխանում, քանի որ պաշտոնական հարցման պաշտոնական պատասխանում նշված է, որ փաստաթղթերը գոյություն ունեն եւ համապատասխանում են իրականությանը։

Մեկ այլ հարցում էլ ուղարկել էինք նոյեմբերի 20-ին։ Այս հարցմանը եւս արձագանքել են օրենքով սահմանված ժամկետից 3 օր ուշացմամբ եւ մերժել են պատասխան տրամադրել։

Տասը օր անց՝ նոյեմբերի 30-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ հարցումով դիմել էինք նախարարությանը․ այս անգամ ստացել ենք լիարժեք պատասխան, սակայն պատասխանը դարձյալ սահմանված ժամկետից ուշ է ուղարկվել՝ 3 օր անց։ 

Դեկտեմբերի 3-ին 4 հարցից բաղկացած նոր հարցում ուղարկեցինք։ Դեկտեմբերի 10-ին նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը տրամադրելու համար հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, եւ լրացուցիչ ժամանակ խնդրեցին։ Դեկտեմբերի 18-ին նախարարությունը տրամադրեց հարցման պատասխանը, սակայն թերի՝ բաց թողնելով մեկ հարցադրում, որը վերաբերում էր Դավիթ Գալստյանին։ Հարցման պատասխանի թերի լինելու մասին պատասխան նամակ հղեցինք նախարարությանը եւ դեկտեմբերի 25-ին նոր ստացանք ամբողջական պատասխանը։ Լրացված տեղեկությունը Դավիթ Գալստյանի՝ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում գտնվելու մասին էր։ 

Մեր հարցին՝ ի՞նչ գործ ունի Դավիթ Գալստյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում, պաշտպանական գերատեսչությունը միայն մեր երկրորդ նամակից հետո էր պատասխանել, որ այդ օրը քննարկման առարկա է հանդիսացել գնումների գործընթացների շրջանակներում Զինված ուժերի կարիքների համար անհրաժեշտ համապատասխան գույքի մատակարարման գործընթացը։

Այդ դրվագն առանձնացված էր «Գոյամարտ» հաղորդման հոկտեմբերի 10-ի թողարկումից, որի ժամանակ խոսվում է, որ մարտական գործողությունները համակարգվում են ՊԲ մարտական կառավարման կենտրոնից՝ ՊԲ այդժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ։ Թողարկման մեջ ասվում է, որ այդտեղ մշակվել են զորքերից ստացվող բոլոր օպերատիվ տեղեկությունները, կատարվել վերլուծություններ, ընդունվել իրավիճակային զարգացումներից բխող որոշումներ եւ, ըստ այդմ, հետագա անելիքների վերաբերյալ խնդիրներ առաջադրվել ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին։ Նշվածին զուգորդում է կադրաշարը, որտեղ էլ երեւում են քարտեզի շուրջ հավաքված բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց կողքին՝ Դավիթ Գալստյանը, որն էլ, ըստ նախարարության տրամադրած տեղեկության, մասնակցում էր ԶՈւ գույքի մատակարարման գործընթացի վերաբերյալ քննարկմանը։

Մեր հաջորդ հարցումը գերատեսչությանն ուղարկեցինք դեկտեմբերի 23-ին, որին պատասխանելու համար նախարարությունը խնդրեց լրացուցիչ ժամանակ։ ՊՆ-ին, մասնավորապես, խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե նոյեմբերի 9-ին հայկական զորքերը տեղակայված եղե՞լ են Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա ո՞ր հատվածներում եւ, ի վերջո, երբ են ամբողջությամբ հետ քաշվել նշված հատվածներից։ 30-օրյա ժամկետի ընթացքում՝ հունվարի 25-ին, մերժեցին տեղեկության տրամադրումը՝ համարելով պետական եւ ծառայողական գաղտնիք։ 

Սակայն այս տեղեկությունը, որը նախարարությունը համարում է գաղտնի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը իրենց խոսքում ոչ ուղղակի, բայց հայտնել էին։ Այսպես՝ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ խոսել էր Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ որոշում կայացնելու մասին՝ նշելով, որ այս շրջանների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մեզ մնացել։ Փաստացի՝ վարչապետն իր խոսքում պատասխանում է մեր՝ Պաշտպանության նախարարությանն ուղղված հարցին՝ եռակողմ հայտարարության ստորագրման պահին մեր զորքերը տեղակայված եղե՞լ են Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում։ 

Կապանի համայնքապետն էլ դեկտեմբերի 17-ին լրատվամիջոցներին ասել էր, որ մինչեւ հաջորդ օրը ժամը 17։00-ն Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են թշնամուն։ Լրագրողի հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությամբ, Փարսյանը պատասխանել էր, որ Կապանի հարակից շրջանը Զանգելանն է, Գորիսինը՝ Կուբաթլուն․ այդ համաձայնագրում Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների վերաբերյալ որեւէ բան չկա։ Ստացվում է, որ Փարսյանի հիշատակած՝ Կապանի շահեկան դիրքերը Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում էին․ տրամաբանորեն՝ մեր զորքերը այնտեղից դուրս են եկել դեկտեմբերի 18-ին։ Հենց այս պատասխանն է ՊՆ-ն համարում գաղտնի։

Եւ քանի որ կառավարության ղեկավարն ու Կապանի քաղաքապետն արդեն անուղղակիորեն հայտնել են ենթադրյալ գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի առնվազն անհասկանալի է նույն հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժելը։

Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում այդ մասին տեղեկություն խնդրողին պետք է գրավոր տեղեկացնել 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը, ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը։ Իսկ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ 

Իսկ ՊՆ-ն լրացուցիչ ժամկետ է պահանջել ոչ թե տեղեկություն տրամադրելու, այլ տեղեկության տրամադրումը մերժելը հիմնավորելու համար, ինչն, ըստ էության, օրենքի խախտում է։

Նույնաբովանդակ վերաբերմունքի է արժանացել նաեւ մեր՝ հունվարի 7-ի հարցումը․ սկզբում նախարարությունից տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն, ապա հունվարի 20-ին մերժել են պատասխան տրամադրել։ Սա եւս ժամկետի անհիմն երկարաձգում է, քանի որ, Օրենքի համաձայն, հարցման պատասխանի տրամադրումը մերժելու մասին մեզ պետք է ծանուցվեր 5-օրյա ժամկետում։

Հարցումների պատասխանները համադրելով՝ պարզ է դառնում, որ սա լրագրողների հետ Պաշտպանության նախարարության աշխատելաոճն է, քանի որ հարցումներից 3-ի դեպքում նախ տեղեկացրել են տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքի մասին, ապա որոշ ժամանակ անց մերժել են հարցման պատասխանը տրամադրել։ Մեր հարցումներից մեկի ժամանակ բախվեցինք գերատեսչության այս գործելաոճին, սակայն այս դեպքում ոչ միայն տեղեկությունը տրամադրելու համար հավելյալ ժամկետի անհրաժեշտությունն էր անհիմն, այլեւ պատասխան չտրամադրելը։ 

Հունվարի 14-ին էլ հարցումով դիմել էինք նախարարություն՝ պարզելու, թե 44-օրյա եւ 2016 թվականի 4-օրյա պատերազմների հետեւանքով քանի զինվորական եւ քաղաքացիական անձ է կորցրել վերին եւ ստորին վերջույթները կամ դրանց շարժունակությունը։ Նույնաբովանդակ հարցմամբ դիմել էինք նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Պաշտպանության նախարարությունը մերժեց տրամադրել տեղեկություն՝ այն համարելով պետական եւ ծառայողական գաղտնիք, այնինչ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեզ տրամադրեց լիարժեք պատասխան։ Համաձայն պատասխանի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով վերին եւ ստորին վերջույթների պրոթեզավորման կարիք ունի շուրջ 115 զինծառայող, որոնցից 17-ն արդեն դիմել են պրոթեզավորման համար։

Պաշտպանության նախարարությունը հայտնի է նաեւ լուռ մերժումներով։ Օրինակ՝ 2018 թվականին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հարցումով դիմել էր նախարարությանը, որն այդպես էլ պատասխան չէր ստացել։

Այս տարվա հունվարի 20-ին Infocom-ը եւս մեկ հարցմամբ դիմել էր կառույցին․ մինչ օրս չունենք պատասխան։ Այսինքն՝ եթե նախորդ դեպքերում գոնե մերժել էին պատասխանի տրամադրումը կամ ուշացմամբ էին տրամադրել, այս դեպքում հարցումն ընդհանրապես մոռացել են։

Այս պահին նախարար Վաղարշակ Հարությունյանին ուղղված եւս մեկ հարցում ունենք, որի պատասխանը տրամադրելու համար, ըստ իրենց, լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն կա, այսինքն՝ պատասխանը կտրամադրեն 30-օրյա ժամկետում։

Պետք է նաեւ նշենք, որ մեր հարցումներից մեկը լիարժեք պատասխան է ստացել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում։

Այսպիսով՝ վերջին երեք ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարությանն ուղղել ենք 10 հարցում, որոնցից 3-ի դեպքում ստացել ենք լրացուցիչ ժամանակի անհիմն պահանջ, ապա պատասխանի տրամադրման մերժում, 2-ի դեպքում օրենքով սահմանված ժամկետից ուշ ստացել ենք մերժում, 1-ի դեպքում հարցումը լուռ մերժվել է, այսինքն՝ պատասխան չենք ստացել, 1-ի դեպքում լրացուցիչ ժամանակից հետո տրամադրվել է թերի պատասխան, 1-ի դեպքում տրամադրվել է լիարժեք պատասխան, սակայն ուշացմամբ, 1-ի դեպքում ստացել ենք պատասխան, որ լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն կա (ժամկետը դեռեւս չի ավարտվել), եւ միայն 1 հարցման դեպքում ենք լիարժեք պատասխան ստացել օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով։ 

Հավելենք՝ Հայաստանում խոսքի ազատության, դրա սահմանափակումների եւ նմանատիպ խնդիրների բարձրաձայնմամբ զբաղվող Խոսքի ազատության կոմիտեն ամեն տարի հրապարակում է զեկույց, որոնց միջոցով հնարավոր է լինում պատկերացում կազմել, թե տվյալ տարվա ընթացքում մարդկանց իրավունքների կամ տեղեկատվության ազատության խախտման քանի դեպք է գրանցվել մեր երկրում։ 2020 թվականին պաշտպանության նախարարության՝ տեղեկության տրամադրումը մերժելու կամ թերի ու ժամկետի խախտմամբ տրամադրելու 3 դեպք է ներառվել զեկույցում։ 2019 թվականի զեկույցի համաձայն՝ նմանատիպ 5 դեպք է արձանագրվել։ Այս բոլոր դեպքերում էլ Պաշպտանության նախարարությունը հիմնականում կա՛մ մերժել է հարցման պատասխանի տրամադրումը, կա՛մ էլ տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ եւ թերի տեղեկություն։

Բացի այս զեկույցներից՝ գոյություն ունի նաեւ պաշտոնատար անձանց «Սեւ ցուցակ», որտեղ հայտնվում են այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք չեն պատասխանում տեղեկություն ստանալու հարցումներին կամ պատասխանում են օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաեւ անհիմն մերժում են տեղեկություն ստանալու հարցումը։ Այս «Սեւ ցուցակը» յուրաքանչյուր տարեսկզբին պատրաստում է տեղեկատվության ազատության իրացման, օրենքի խախտմամբ տեղեկության տրամադրումը մերժելու կամ չտրամադրելու դեպքերի արձանագրմամբ եւ բարձրաձայնմամբ զբաղվող «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»։ 2020 թվականի սեւ ցուցակի 3-րդ հորիզոնականում նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Վերջինս «Սեւ ցուցակում» ներառվել է հարցման պատասխանը տրամադրելու համար հավելյալ 30-օրյա ժամկետ ուզելու եւ վերջնարդյունքում հարցման պատասխանը մերժելու համար։

Այս «Սեւ ցուցակում» Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եղել են տարիներ շարունակ։ Օրինակ՝ 2018 թվականին «Սեւ ցուցակում» ներառված է եղել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Մայիսին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված երկու հարցում էր արել, երկուսի դեպքում էլ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել, հետո մերժել ինֆորմացիայի տրամադրումը։ 

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել