Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը
18:33 - 02 ապրիլի, 2021

Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը

Ավելի քան յոթ տարի առաջ՝ 2013 թվականին, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արդար դատաքննության վերաբերյալ 77 էջանի մի զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը։

Փաստաթղթում ասված էր, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ։ Ըստ Օմբուդսմենի Զեկույցի՝ իրենց բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ձեւավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ, այսպես կոչված, Վճռաբեկի «զոնալ դատավորների» ինստիտուտ:

Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված եւ իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորն իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքներ»-ի ներկայացման միջոցով: 

Օմբուդսմենի զեկույցում նշված է, որ բազմաթիվ փաստաբաններ իրենց հայտնել են, որ Վճռաբեկ դատարանում հաճախ տեսնում են դատավորներին՝ դատական գործերի հատորներով՝ համապատասխան «Վճռաբեկի զոնալ դատավորի» հետ հանդիպմանը սպասելիս: Մի շարք դեպքերում առաջին ատյանի դատարանի դատական ակտերը գրվում են Վճռաբեկ դատարանում եւ փոխանցվում դատավորին

Դատավորներից մեկը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից իրեն տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը եւ հրահանգվել այն ներկայացնել որպես իր սեփական որոշում:

Ըստ զեկույցի՝ դատական գործի համաձայնեցումը Վճռաբեկ դատարանի հետ հաճախ կատարվում է ոչ միայն վերջնական դատական ակտի կայացման փուլում, այլեւ դատական գործի քննության ողջ ընթացքում: Փաստաբանները նկատել են, որ հենց դատական նիստի ընթացքում դատավորը որոշակի պահին ընդմիջում է հայտարարում եւ, ամենայն հավանականությամբ, կապ է հաստատում Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ եւ քննարկում գործի մանրամասները:

Դատավորը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ինքը հարկադրված էր պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար։ 

Ինչ վերաբերում է կոռուպցիոն սխեմաներին՝ ՄԻՊ-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել էին դատական համակարգում առկա 4 կոռուպցիոն մեխանիզմներ, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը: Զեկույցում առկա տվյալների համաձայն՝ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար: («Զոնալ դատավորների», կոռուպցիոն մեխանիզմների եւ մնացյալի մասին առավել մանրամասն՝ Զեկույցում

2013 թվականին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանը (այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ), այս Զեկույցին արձագանքեց Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական նամակով՝ նշելով՝ «․․․անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ»: Դատախազի պնդմամբ՝ առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերեւույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ

Այս տարիների ընթացքում Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ այդպես էլ քրեական գործ չի հարուցվել, չնայած Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի համոզմամբ՝ դրանում առկա են եղել առանձին տվյալներ, մասնավորապես «զոնալ դատավորների» վերաբերյալ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար։ 

Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ քրեական ոստիկանությունն այն կարծիքին են, որ Զեկույցում քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, թեեւ հենց Դատախազությունն է արձանագրել, որ Զեկույցը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ։ 

Infocom-ը գրեթե մեկ տարի է՝ պաշտոնական գրագրության մեջ է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ հասկանալու՝ ծավալուն այդ փաստաթուղթն ինչ մակարդակով է ուսումնասիրվել, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել, եւ իսկապե՞ս այն չի պարունակում հանցագործության մասին հաղորդում, որպեսզի արժանանա իրավական գնահատականի։

Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազություն, եւ մայիսի 19-ին ստացանք պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ 

Հունիսին հանդես եկանք հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում արեցինք Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացանք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։

Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում արեցինք՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանեցին, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնք են՝ 

1) հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:

Հունվարի 27-ին Դատախազություն ուղարկեցինք լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ։ Օրեր անց Դատախազությունից պատասխանեցին, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները ՄԻՊ նախկին պաշտպանի գնահատականներն են դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված հաղորդումը քննարկվի ՀՀ ՔԴՕ նախատեսված ընթացակարգերով։

Այդուհանդերձ, Դատախազությունը հայտնեց՝ նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, ուստի հիշյալ հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։

Դատախազության հանձնարարականի վերաբերյալ փետրվարի 19-ին դիմեցինք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եթե այո, ապա ո՞ր հոդվածով եւ նախաքննական ո՞ր մարմին է այն ուղարկվել, իսկ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։

Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանությունը հարցման պատասխանի համար պահանջեց 30 օր եւ մարտի 24-ին ի վերջո պատասխանեց, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք՝ «ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու եւ դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 23.11.2017թ․ 1495-Ն որոշման հավելվածի 68-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա։ Իսկ որոշման նշյալ կետում ասված է․ 

«Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ տարածքային մարմնի պետը (պատասխանատուն), ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա մակագրություն կատարելու ձեւով, ընդունում է որոշում

1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնել անհետեւանք, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշների բացակայությունը»։ 

Այսինքն՝ ոստիկանությունը կարծում է, որ հացագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշները հիշյալ հրապարակումներում եւ դրանցում հիշատակված Զեկույցում բացակայում են։

Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Գենյա Պետրոսյանն, ինչպես նշեցինք վերեւում, Infocom-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, հրապարակված Զեկույցում կան տվյալներ, որոնք կարող են լինել քրգործի հիմք․

«Հաշվի առնելով, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է համապատասխան հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, զեկույցում ներառված տվյալներից բացի այլ տեղեկություններ ներկայացվել չէին կարող: Սակայն Զեկույցում առկա են եղել առանձին տվյալներ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով՝ Զեկույցը հրապարակված է եղել զանգվածային լրատվամիջոցներում:

Նրա համոզմամբ՝ այդ խնդիրները պետք է դիտարկել առավել համակարգային բարեփոխումների տեսանկյունից: Պետրոսյանի խոսքով՝ Զեկույցում բարձրացվել էր, օրինակ, ՀՀ արդարադատության խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով դատավորներին ճնշելու համատեքստում երկակի ստանդարտների կիրառման խնդիրը, ներկայացվել էին բազմաթիվ փաստեր, որոնք ակնառու էին դարձնում այս հետեւությունը, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթի հարուցման մերժումը չպատճառաբանելու պրակտիկան, Վճռաբեկ դատարանի կողմից բողոքների վարույթ ընդունման հարցում հայեցողության կամայական իրականացման, երկակի ստանդարտների կիրառման խնդիրներ եւ այլն․

«Զեկույցը ենթադրել է նաեւ համակարգային բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն՝ բարձրացված բոլոր խնդիրներին լուծում տալու նպատակով եւ ենթադրել է համապատասխան գործընթացում ներգրավված պետական մարմինների լայն շրջանակ»,- ասաց Գենյա Պետրոսյանը:

Թե ինչու իրավապահներն այս ողջ ընթացքում քայլեր չեն ձեռնարկում Զեկույցի առնչությամբ, ըստ մեր զրուցակցի՝ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը պայմանավորված է եղել քաղաքական կամքի բացակայությամբ․

«2018թ.-ի հեղափոխությունից ի վեր, թեեւ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք քայլեր, սակայն հաճախ դրանք կրում են հատվածային բնույթ եւ ակնհայտորեն բավարար չեն դատական համակարգի առաջ ծառացած համակարգային խնդիրները լուծելու համար»,- ասաց ՄԻՊ նախկին տեղակալն ու հավելեց՝ դատական համակարգին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք բարձրացված են եղել Զեկույցում, մինչ օրս մնում են նույնչափ արդիական եւ ենթադրում են հստակ լուծումներ:

Այսպիսով, հարկ է նշել, որ Հայաստանի իրավապահ մարմինները մեկ անգամ չէ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայության պարագայում հարուցում են քրեական գործ, կամ առնվազն քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նյութեր են նախապատրաստում, ուստի թե այս պարագայում քրգործի հարուցումն ինչու է մերժվում, այն էլ այն դեպքում, որ Զեկույցում հստակ նշված են ենթադրյալ հանցագործության օրինակներ, անհասկանալի է։

ՄԻՊ Զեկույցի առնչությամբ նախկին գլխավոր դատախազն ընդամենը հանդես է եկել հրապարակային նամակով՝ նախկին Օմբուդսմենին ասելով, որ անհրաժեշտ է ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնել Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ։ Եւ սա այն պարագայում, երբ Զեկույցի նախաբանում նշված է, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը:

Իսկ այժմ, երբ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Դավթյանը, կառույցը մեկնաբանում է, որ քրեական գործ չի հարուցվել, քանզի բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնց թվում նաեւ լրատվամիջոցի՝ հանցագործության մասին հաղորդում պարունակող հրապարակումն է։ Եւ երբ մենք լրատվամիջոցների հրապարակումներ ենք ուղարկում Դատախազություն, կառույցը դրանք ուղարկում է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Ոստիկանությունը, միեւնույն է, քրեական գործ հարուցելու հիմք չի տեսնում։

Փաստորեն, իրավապահ կառույցները ՀՀ կարեւորագույն ինստիտուներից մեկի՝ ՄԻՊ-ի՝ ծանրակշիռ հայտարարություններ պարունակող Զեկույցն ուղղակիորեն թողնում են անհետեւանք, իսկ ահա այլ դեպքերով իրավական գործընթաց են սկսում։ Թե ինչ չափանիշներով են առաջնորդվում՝ հստակ չէ։ Ընդ որում՝ ՔԴՕ 176-րդ հոդվածը, որին հարցման պատասխաններից մեկում հղվել էր Դատախազությունը, եւս երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս․ պարզ չէ՝ իրավապահ համակարգը մամուլի ինչպիսի հրապարակումն է հանցագործության մասին հաղորդում դիտարկում։ Բացի դրանից՝ եթե Դատախազությունը մեր բազմաթիվ հարցումներից հետո համարում է, որ լրատվամիջոցների երկու հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, եւ դրանք ուղարկում է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները, ապա անհասկանալի է, թե մինչ այդ հիշյալ նյութերն ինչու չեն հայտնվել այս գերատեսչության դիտակետում ու միայն երկու տարի անց են ուղարկվում օպերատիվ ճանապարհով ստուգման։

Ի դեպ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ դատական համակարգում ապօրինությունների թեման շատ զգայուն է, ուստի պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ իրենց տեղեկությունները հայտնել։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել