1lurer.am: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար հստակ ժամկետ սահմանել:
Նախագծի հեղինակ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում՝ որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Նախագծով առաջարկվում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում: Պետրոսյանը տեղեկացրեց, որ բոլոր առաջարկներն ընդունվել են:
Հարակից զեկույցում պատգամավոր Արթուր Դավթյանը դրական գնահատեց օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ այս գործերով դատարանները կաշկանդված կլինեն, ավելի սեղմ ժամկետներում կնշանակեն երկրորդ նիստերը: Արդյունքում՝ վեճի լուծումը կլինի ավելի սեղմ ժամկետում: Պատգամավորն առաջարկեց պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերն առաջին ատյանի դատարանում քննել և լուծել եռամսյա ժամկետում: Առաջարկվեց հայցադիմումի պատասխանը ներկայացնել այն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը պետք է քննի և որոշում կայացնի այն վարույթ ընդունելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ գործադիրը կողմ է նախագծին և ներկայացրել է որոշակի առաջարկներ: Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու ժամկետն առաջարկվեց սահմանել մեկ ամիս: Փոխնախարարը փաստեց, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն է դատական նիստերի ձգձգման պատճառը:
Հանձնաժողովը հարցի առնչությամբ տվեց դրական եզրակացություն:
comment.count (0)