Խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ նախագիծը
21:50 - 14 մայիսի, 2021

Խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» հայտարարության նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սև լճի տարածքից ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, խորացել մի քանի կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր:  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից «սահմանների ճշգրտման» պատրվակով իբր կատարվել են որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Սույն թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի ևս մեկ արտահերթ նիստ, որում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող հայտարարություններ և պետական քաղաքականության մակարդակ բարձրացված հայատյատությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանն իրավունք է տալիս հակադարձել Ադրբեջանի ագրեսիային միջազգային իրավունքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում է՝

  • մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով,
  • կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանարպետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,- ասված է հայտարարության տեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել