Իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ․ ավելին շահելու ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցնելով արդեն շահածը․ Լևոն-Տեր Պետրոսյան
14:50 - 16 մայիսի,2021

Իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ․ ավելին շահելու ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցնելով արդեն շահածը․ Լևոն-Տեր Պետրոսյան

Կարճ եմ խոսելու, որովհետև դեռ լիովին ապաքինված չեմ։ Ելույթիս համար ընտրել եմ ինքնահարցազրույցի ժանրը՝ նկատի ունենալով հանրությանը հուզող ամենակարևոր հարցերը։ Այս մասին քիչ առաջ «Հայ Ազգային Կոնգրեսի» համագումարի ժամանակ ասաց Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և բարձրաձայնեց առաջին հարցը՝ ո՞րն է Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը։

«Պատասխան․ Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին՝ վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։ Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից որդեգրած՝ ստատուս քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտն ազդարարվել է Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է, և վերջ, սադրիչ հայտարարությամբ, ինչը եղավ Հայաստանի վերջը, Ղարաբաղի վերջը»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

Նա նշեց, որ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները, որոնք են ուժերի հարաբերակցություն, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։

«Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Սա պարզագույն բան է, քաղաքականության այբուբենն է։ Պատկերավոր ասված, այդ իշխանությունները 23 տարի շարունակ դրսևորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով ու ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել, այդպիսով կորցնելով նաև արդեն իրենց շահածը։ Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, քանի որ մտադիր եմ օրերս հանդես գալ այս հարցին նվիրված ծավալուն հոդվածով»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել