ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան
17:45 - 26 մայիսի, 2021

ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ սահմաններում  ստեղծված իրավիճակին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։

«Ինչպես նախորդ նիստում ես ասել եմ, հիմա էլ ես կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, և ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկ տարածք»։

Փաշինյանը հավելեց՝ այս գնահատականն էր պատճառը, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։

Փաշինյանը անդրադարձավ այն դիտարկումներին, ըստ որոնց Հայաստանի բանակը ուժային գործողություններ չի անում, և դիմում է ՀԱՊԿ-ին։ «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ը և այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Հետևաբար, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար»։

Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։ «Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել։ Այն նախնական մտահղացումը, որը ունի Ադրբեջանը, այդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում։ Այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն, և պետք է հստակ դիրքորոշում ներկայացնեն։ Ընդ որում՝ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները, և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Այս հարցերում հստակություն պիտի մտցվի։ Ասվում է, որ ՀՀ այդ տարածքում դեմարկացիա և դելիմիտացիա արված չի։ Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանները ամբողջությամբ դեմարկացված և դելիմիտացված չեն, ի՞նչ է սա նշանակում, և մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել