«Արդար Հայաստանը»-ն ընտրվելու դեպքում խոստանում է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի
21:53 - 31 մայիսի, 2021

«Արդար Հայաստանը»-ն ընտրվելու դեպքում խոստանում է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի

«Արդար Հայաստանը» կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և փոխել երկրի կառավարման համակարգը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Նա նախ ներկայացրեց  «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին 30 ներկայացուցիչներին, ապա՝ հրապարակեց նախընտրական ծրագրից 21 կետ, որոնք վերաբերում են երկրի կառավարման համակարգին, անվտանգության համակարգին, դատաիրավական համակարգին:

«Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ հաջողության հասնելու դեպքում 1 տարվա ընթացքում անցկացնելու ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և վերականգնելու ենք կիսանախագահական կառավարման համակարգը: Երկրորդ՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում լուծարելու ենք Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները՝ փոխարենը ստեղծելով Գերագույն դատարան՝ դրան վերապահելով նաև սահմանադրական արդարադատության իրականացման իրավասություն»,-ասաց կուսակցության նախագահը:

Կուսակցությունը խոստանում է նաև ընտրվելու դեպքում 2 տարվա ընթացքում իրականացնել 2016 և 2020 թվականների պատերազմների անաչառ քննություն:

Նորիկյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն համարեց՝ էապես  բարելավելու պետական կառավարման արդյունավետությունը, վերացնելու քաղաքական կոռուպցիան, կայացնելու իրապես անկախ ու արդար դատական համակարգ: Նա գնահատականներ տվեց նախկին ու ներկա իշխանություններին, անդրադարձավ նաև այլ քաղաքական ուժերի:

«Քանի չենք ստեղծել արդար հասարակություն, արդար Հայաստան, երբեք չենք ստեղծի իրապես ինքնիշխան ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն»,-ասաց Նորիկյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: «Արդար Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է առաջին համարի ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել