Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությանը |1lurer.am|
14:48 - 05 հունիսի, 2021

Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Հայտարարությամբ է հանդես եկել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ մինչև նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը խոսվել է նաև այսպես կոչված Ղազախի գյուղերի հանձնման մասին:

Փաշինյանն ասել էր, որ Գասպարյանն առաջարկել է փաստաթուղթը ստորագրել այդ տարբերակով, սակայն վարչապետը հրաժարվել է: Ըստ Գասպարյանի՝ նա այն ժամանակ ասել է, որ հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է, որպես դիվանագիտական հնարք, միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում՝ հետագայում սակարկելու համար:

Գասպարյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ պնդել է, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությանն է անդրադարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: Ռուբեն Ռուբինյանը նշված քննարկմանը ներկա է եղել:

Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Օնիկ Գասպարյանը անամոթաբար ստում է: Նոյեմբերի 9-ի ցերեկը ես անձամբ եմ ներկա եղել այն հանդիպմանը, որի մասին նա խոսում է: Հանդիպմանը ներկա է եղել վարչապետը, ես ու ևս 7-8 գործող՝ ներկա և նախկին պաշտոնյաներ: Հանդիպման ժամանակ քննարկվել է հայտարարության այն տարբերակը, որի մեջ, այո, կար հղում Ղազախի գյուղերի մասին, և այդ քննարկման ընթացքում Օնիկ Գասպարյանը, ես կարող եմ հավաստել, որովհետև անձամբ ներկա եմ եղել, ասել է՝ այդ տարբերակին, եթե այն մնա, պետք է համաձայնվել:

Որից հետո՝ դրանից 1-2 ժամ անց, կրկին անձամբ եմ ականատես եղել, գտնվելով վարչապետի աշխատասենյակում, թե ինչպես է նրան զանգահարում Օնիկ Գասպարյանը, որն արդեն վերադարձել էր Գլխավոր շտաբ, ինչպես է զանգահարում և խնդրում ստորագրել այդ թուղթը՝ այսպես կոչված Ղազախի գյուղերի կետով, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ ոչ մի դեպքում փաստաթուղթը չի ստորագրի: 

Դրանից հետո հայկական կողմի հստակ և սկզբունքային դիրքորոշման արդյունքում այդ կետը հանվել է, և ի վերջո ստորագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունն այն տեսքով, որը կա:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել