Պարոն Տեր-Պետրոսյան, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչի պատասխանատուն է․ Փաշինյան
21:10 - 07 հունիսի, 2021

Պարոն Տեր-Պետրոսյան, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչի պատասխանատուն է․ Փաշինյան

hetq.am: «Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն»:

Նման միտք հայտնեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը:

Փաշինյանը հարցրեց` արդյոք այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանիսի զավակները միլիոնատեր ու միլիարդատեր դառնան, որ սեփական ժողովրդին ստրկացնեն ու հաղթանակած ժողովուրդը վախենա փողոց դուրս գալ:

Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո իր քաղաքական թիմի առջև հարց է բարձրացրել, թե արդյոք պետք է հավակնեն իշխանության, և երկար քննարկումներից հետո պատասխանն այն էր, որ պետք է հավակնեն, սակայն որոշողը ժողովուրդն է` կլինեն, թե ոչ:

Քարակերտ համայնքում էլ Փաշինյանն անդրադարձավ առաջին նախագահ, ՀԱԿ համամասնական ցուցակի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել:

«Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է»,-ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե Փաշինյանն ինքն է ժամանակին ասել` վերջում առաջին նախագահը միշտ ճիշտ է դուրս գալիս: Փաշինյանը պնդեց` դեռ 2012 թվականին է արձանագրել այդ վերջը: Հիշեցնենք, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանը պատգամավոր էր ընտրվել ՀԱԿ ցուցակով, սակայն կարճ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց, որ այդ թիմի անդամ չէ և չի կիսում վերջինիս գաղափարները: Այն ժամանակ ԱԺ կանոնակարգ-օրենքը հնարավորություն չէր տալիս պատգամավորներին խմբակցությունից դուրս գալ. հնարավոր էր միայն մանդատը վայր դնել:

«Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, դա իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել