Օնիկ Գասպարյանի զեկույցները մասնակի «գաղտնազերծվե՞լ» են, թե՞ գաղտնիք չի եղել. ԱԽ գրասենյակը՝ սեփական թակարդում |hetq.am|
22:48 - 08 հունիսի, 2021

Օնիկ Գասպարյանի զեկույցները մասնակի «գաղտնազերծվե՞լ» են, թե՞ գաղտնիք չի եղել. ԱԽ գրասենյակը՝ սեփական թակարդում |hetq.am|

hetq.am: Նախապատերազմական շրջանում ու պատերազմի ժամանակ անվտանգության խորհրդի նիստերում գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հնչեցրած զեկույցներից ԱԽ գրասենյակը հատվածներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի «կանաչ լույսով»: Գրասենյակը «Հետքին» հայտնել է, թե այդ հատվածները պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակում, այսինքն՝ գաղտնազերծում չի եղել, սակայն իր կայքում եւ հաղորդագրություններում այդպես էլ նշել է՝ «գաղտնազերծված փաստաթղթեր», «գաղտնազերծված արձանագրություն», «գաղտնազերծված ձայնագրություն»:

Այն բանից հետո, երբ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը եւ ԳՇ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները գլխավոր շտաբի անունից փետրվարի 25-ին հայտարարեցին, որ պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը, գործող իշխանության եւ զինվորականների միջեւ հարաբերությունները կտրուկ լարվեցին: Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով հայտարարվեց պաշտոնից ազատված, չնայած մինչեւ հիմա դատարանում վիճարկում է իր ազատումը:

Փաշինյանն, ըստ էության, չբավարարվեց սրանով եւ հանձնարարեց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակին հատվածներ հրապարակել Գասպարյանի՝ ԱԽ նիստերում հնչեցրած զեկույցներից:

Բանն այն է, որ դեռ անցյալ տարի՝ նոյեմբերի 17-ին, երբ ռազմական գործողություններն արդեն ավարտվել էին, գեներալ Գասպարյանը հայտարարեց, որ ինքը դեռ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում (պատերազմի չորրորդ օրը) ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Ի պատասխան սրա՝ միայն 5 ամիս անց՝ ապրիլի 15-ին, ըստ էության, ելնելով քաղաքական շարժառիթներից եւ իր ու իր թիմի հրաժարականը պահանջող գեներալին (գուցե՝ նաեւ նրան պաշտպանողներին) պատասխանելու նպատակահարմարությունից, Փաշինյանը հանձնարարել է ԱԽ գրասենյակին հատվածներ հրապարակել գեներալի զեկույցներից: Դրանցից մեկը վերաբերում էր սեպտեմբերի 30-ի նիստին, իսկ մյուսը՝ օգոստոսի 21-ի նիստին, երբ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում խոսել էր պատերազմից առաջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին:

Գասպարյանն էլ հայտարարեց, որ հրապարակված ընտրովի հատվածները ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը՝ «դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսեւորում է ՀՀ գործող իշխանության կողմից»: Քիչ ավելի ուշ նա պահանջեց հրապարակել սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ դրանից հետո իր ելույթն ամբողջությամբ։

Այս բանավեճի մեջ մեզ առավել հետաքրքիր էր, թե ԱԽ գրասենյակն ինչ իրավական հիմքով է մասնակի գաղտնազերծել ԳՇ նախկին պետի զեկույցները: Նշում ենք հենց գաղտնազերծում, քանի որ ԱԽ կայքում համապատասխան փաստաթղթերն այդպես են վերնագրված՝ «նիստի գաղտնազերծված արձանագրություն»:

Պաշտոնական հաղորդագրություններում էլ ԱԽ գրասենյակը բառացի նշել է «գաղտնազերծված փաստաթղթեր», «գաղտնազերծված ձայնագրություն»:

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել