Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին
15:09 - 10 հունիսի, 2021

Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին։ 

«Իմ առաջարկը մերժվել է (երեք նախագահների դաշինք կազմելու վերաբերյալ, խմբ․), և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելուն։ Մենք կնայենք, կտեսնենք։  Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին, թեև դրանք Հայաստանի համար նոր պրոբլմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ երկու երեք կառավարություն են փոխում։ Վատ վարիանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք։ Կփորձենք սխալ որոշումներ չկայացնել»։

Դիտարկմանը, որ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և Նիկոլ Փաշինյանին ինքն է բերել քաղաքականությունը, առաջին նախագահն ասաց․ “Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ իրենց ծնողական ժողովի նախագահն եմ, իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր, ես չեմ ծնել ոչ մեկին»։

Անդրադառնալով մեղադրանքներին, ըստ որոնց իր՝ նախագահ լինելու շրջանում է Ղարաբաղը դուրս բերվել բանակցություններից, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց․ 

«Ղարաբաղյան կարգավորման պրոցեսի միակ ատյանը Մինսկի խմբի համանախագահությունն է, ուրիշ ոչինչ, իսկ Ղարաբաղը այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ։ Կողքի բանակցությունները, որոնք միշտ էին ընթանում,  եթե չընթանային, ոչմիբան չէր ստացվի։ Ասում են՝ իբր Ժիրայր Լիպարիտյանը մի տարի բանակցել է Գուրզադեի հետ։ Այո, խոսել են, դա բանակցություն չի, բանակցությունը այն է, երբ այդ օրգանը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում։ Որոշումներ կայացնում էր միայն  ՄԽ համանախագահությունը, իսկ դրանից դուրս հազար ու մի կոնսուլտացիաներ կարող էին լինել՝ շոշափելու համար Ադրբեջանի մտադրությունները, տրամադրությունները և այլն։ Փոխանակ դա քաջալերեին, գովեին, միջազգային հանրությունը գովում էր, բայց Ռոբերտ Քոչարյանը հետին թվով, (այն ժամանակ ինքն էլ չէր բողոքում բացարձակապես, չկա այդպիսի բան, չեք գտնի),  հիմա մի պատրվակ է գտել, որ իբր Ղարաբաղին հակամարտության կողմից հեrացրել են Լևոն Տեր Պետրոսյանը և Ժիրայր Լիպարիտյանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել