tert.am: Այսօր առավոտյան մենք լսեցինք, որ թավշապետը հայտարարեց, որ Հայաստանում ավարտվել է թավշյա հեղափոխությունը և սկսվում է կամ արդեն սկսվել է պողպատյա հեղափոխությունը։ Այս մասին այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին։
«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պողպատյա հեղափոխություն, բայց մենք երեք տարիների ընթացքում ականատես եղանք, այսպես ասած, թավշյա հեղափոխության ողջ պերճանքին։ Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի և կեղծիքի տարածում, մեր անվտանգության համակարգի փլուզում, Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում, զոհեր հազարավոր մարդկանց, որպեսզի վարչապետը կառչած մնա իր աթոռին, մենք հասկացանք, որ նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն՝ պաշտպանելու սեփական սահմանը»,–ասաց նա։
Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե կապիտուլյանտը պողպատե հեղափոխություն ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան։
comment.count (0)