ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 9
23:05 - 15 հունիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 9

23:00- Ով չգիտեր, որ պետք է էդ հողերը տան, գնացեք հարցրեք Արցախում, եթե էդպես չէր, ինչի էր Սերժ Սարգսյանը հավաքել Արցախի ռազմաքաղաքական էլիտային ու ասել` պետք է տանք, որովհետև եթե չտանք, ոնց հիմա Կարս-Կարս ենք երգում, Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու: Ամբողջ ընթացքում պայմանավորել են հողերը տալ, ես բան չեմ ասում, ամբողջ աշխարհը դա էր ուզում, գուցե փորձել են ավելի լավ պայմաններ կորզել, բայց լավ, բա խի չեք եկել մեզ ասել, խի եք էս ժողովրդին  20 տարի խաբել, ասել որ Քարվաճառը պիտի մերը մնա։ [Արարատ Միրզոյանը՝ Կապանում] |hetq.am|


22:30-
Մենք տեսնում էինք՝ ուժերի հարաբերակցությունն ինչպես է փոխվում և հասկանում էինք, որ դա հավերժ պահել հնարավոր չէ։ Տեսաք, որ Ադրբեջանը շատ համբերատար գործեց, երեսուն տարի պատրաստվեց ու լուծեց իր հարցերը։ Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել։ Հիմա հարցը լուծելը շատ դժվար է, հիմա ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը համաձայնի ինչ-որ ստատուս քվոյի ապահովմանը։ Ի՞նչ ենք զիջելու։ Զիջելու հնարավորությունը կորցրինք։ Հիմա ոչինչ անել չես կարող, մեր ձեռքը չէ։ Ղարաբաղի հարցում Հայաստանը հիմա ոչ մի վճռական ձայն չունի։ [Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հանրայինի եթերում]


21:40-
ՔՈ-ն ունի իրական հնարավորություն խորհրդարան մուտք գործելու։ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի հռետորաբանությունն անմակարդակ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Այս խոսակցությունը մարդկանց դարձնում է մոլեռանդ․ եթե ոչ մի հակաքայլ չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր՝ երիտասարդ մարդիկ, որոնք ֆանատիկ գաղափարներով են տարված: Այդ խմբերը մտածում են՝ իրավիճակը հասել է այն աստիճանի, որ կամ մի կողմը պետք է մյուսին ոչնչացնի, կամ հակառակը։ Սա բերելու է 11 տարի առաջ 2008-ի մարտի 1-ին։ [«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան] |hetq.am|


21:25-
Շատ լեգենդներ են պատմում, թե ինչպես եղավ, որ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա ԱՄՆ ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին, որովհետև  անընդհատ մոռանում ենք, որ  միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմել, այլ թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքի դեմ: Մենք Ադրբեջանից եկող ագրեսիվ քաղաքականությանը պետք է հակադրենք միջազգային զսպման գործիքները՝ իհարկե, այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր զինված ուժերը, խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները ՌԴ հետ և շարունակելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ հետ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավումն ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում] |armenpress.am|


20:55-
Սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր։ [ԿԸՀ ընտրական հանձնաժողով]


20:15-
«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում։ Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Մասիս քաղաք և հանդիպել բնակիչների հետ, լսել արարատցիների մտահոգություններն ու հարցադրումները, պատասխանել դրանց, անդրադարձել առկա խնդիրներին, դաշինքի ծրագրային լուծումներին:


19:50-
Սովորաբար իշխանությունը պետք է գա, հաշվետվություն տա, թե ինչ է ինքն արել, ոնց է տեսնում երկրի ապագան, ինչ քայլերով, ինչ տրամաբանությամբ։ Ընդդիմությունը պետք է քննադատի, սկսի հիշել, թե ինչ է արել իշխանությունը, որ ծրագիրն է արել, որն է ձախողել։ Հիմա ճիշտ հակառակն է․ իշխանությունն անընդհատ քննադատում է ընդդիմությանը, խոսում է ամեն ինչի մասին, բացի հաշվետու ժամանակահատվածից՝ ե՞րբ են իրենք դարձել իշխանություն, մինչև այսօր, և այդ ամենն անում է այնպիսի բառապաշարով, որով սովորաբար հուսահատ ընդդիմությունն է անում իր քարոզարշավը։ Հույս չունի, որ ընտրվելու է, բայց մտնում է թեմայի մեջ՝ ինքնահաստատվելու դրսևորումներով։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Վեդիում]


19:23-
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներն այսօր անցկացրել են խորհրդանշական ակցիա՝ երկինք բաց թողնելով աղավնիներ: Ակցիան ուղերձ էր քաղաքական ուժերին և քաղաքացիներին՝ կանգնեցնել ատելության քարոզը և դուռ բացել համերաշխության ու փոփոխությունների համար: Քվեարկելով ատելություն քարոզող ուժերի օգտին՝ դուք տալու եք նրանց մանդատ՝ շարունակելու թշնամանքի մթնոլորտը, նպաստելու ճգնաժամի խորացմանը: Սակայն դուք ունեք ընտրության հնարավորություն: Հունիսի 20-ին դուք կարող եք կայացնել քաղաքացու որոշում և Հայաստանը դնել կայունացման ու զարգացման գծերի վրա: Մեր ուղերձը մեկն է՝ զրո քվե ճգնաժամին։ [ՔՈ ՍԴԿ]


18։05-
«Անկախ դիտորդը» երեկ և այսօր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով՝
1. Լոռվա մարզի Գյուլագարակ և Օձուն համայնքների ղեկավարների կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն և վարչական ռեսուրս չարաշահելուն (ՔՕ հոդվածներ 149.1 և 154.2),
2. Արարատի մարզի Մասիս քաղաքում փոխքաղաքապետի ու ոստիկանության օպեր.լիազորի կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն (ՔՕ հոդված 154.2)։ [Դանիել Իոաննիսյան]

 

15։51-Հայաստանի վատթարագույն անցյալը, կողոպտված անցյալը իր դերակատարներով մոբիլիզացել է պետության դեմ։ Ոչ թե որ իրենք պարզապես խորհրդարանում տեղ ունենան, ընտրություններում ձայն հավաքեն, ոչ, իրենց նպատակը բացարձակ այլ է: Իրենք գրոհելու են պետության դեմ, և այստեղ Հայաստանի երեք նախագահները համախոհ են։ [«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Հայկ Սուքիասյան]

 

17։17-Կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախընտրական շրջանի հետ կապված հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում, ահազանգ: Դրանցից 86-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 24-ը՝  նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն, իսկ 19-ը այլ բնույթի են: [ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին]

 

17։12-ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ Ֆրիդոն Մեղրյանը 12․06․2021 թվականին դիմել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին՝ իրեն պաշտոնից ազատելու խնդրանքով՝ որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ իրեն հորդորում են իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, քանի որ իր հայրը ներգրավված է գործող իշխանությունների դեմ «ակտիվ նախընտրական պայքարի մեջ»։ Դիմումին ընթացք չի տրվել։ Զանգվածային լրատվության միջոցներում և Ֆ․Մեղրյանի դիմումում նշված վերոգրյալ հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի կողմից 15․06․2021 թվականին նշանակվել է ծառայողական քննություն՝ պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ։ [Արդարադատության նախարարություն]

 

16։49-Մենք պատրաստվում ենք դատի տալ, և երկրորդը մանրամասնորեն հետաքրքրվել և հանրությանը ներկայացնել՝ արդյո՞ք կա նման իրավունք, որ վարչապետի պաշտոնակատարին, այժմ թեկնածուին ուղեկցեն նախ այդքան պետական ծառայության մեքենաներ, դրսևորեն նման վարք, վտանգեն սեփական երկրի քաղաքացիների կյանքը, որին իրենք կոչված են ի պաշտոնե պաշտպանելու։ Հետևանքների մասին կտեղեկացնենք բոլորին։ [«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝Երեւան-Կապան մայրուղում տեղի ունեցած միջադեպի մասին]

Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյունը գրեթե հարվածել էր «5165» շարժման առաջնորդի ավտոմեքենային:

 

16։37-Մենք դեռ դեկտեմբեր ամսից մի շարք քաղաքական նախաձեռնություններով էինք հանդես եկել: Նախընտրական փուլում որոշեցինք միավորել մեր ուժերը, որովհետև տեսնում ենք՝ Հայաստանը կարիք ունի իրականացնել արտաքին անկախ քաղաքականություն՝ հիմնվելով իր ինքնիշխանության վրա: Իմ թեկնածությունը ընտրվեց, որովհետև իմ գործընկերները համարեցին, որ ես համապատասխանում եմ վարչապետի այդ չափանիշներին, մրցունակ եմ և՛ Նիկոլ Փաշինյանի և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև մեր նպատակն է պայքարել երկրորդ փուլ անցնելու համար: [«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյան] |armtimes.am|

 

16։28-Արցախի խնդրի հետ կապված առաջարկում ենք ինստիտուցիոնալ հարթակ, որը հնարավորություն կտա մի կողմից ներգրավել նախկին գլխավոր բանակցողներին՝ որպես ինստիտուցիոնալ հիշողության կրողների, մյուս կողմից՝ խորհրդարանական ուժերի ղեկավարներին։ Տարիներ շարունակ Արցախյան հարցը ներքին շահարկման առարկա է եղել։ Որպեսզի այս գայթակղությունը չլինի որևէ մեկի մոտ, մենք պետք է փորձենք կոնսեսուս ձևավորել այս հարցի շուրջ, և բոլոր այս ուժերը, որոնք պետականության պատասխանտուն են, պետք է տեղեկացված լինեն գործընթացից, իրենց ներդրումը ունենան և երբևէ սա չշահարկեն ներքաղաքական նպատակներով։ [«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համահիմնադիր Հովհաննես Ղազարյան]

 

16։23-«Զարթոնք» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը մեկնարկեց Լոռու մարզից՝ Վանաձորից: Կուսակցության անդամները շրջայց կատարեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ զրուցելով բնակիչների հետ և ծանոթացնելով կուսակցության ծրագրերին:  Հարգանքի տուրք մատուցվեց քառասունչորսօրյա պատերազմում զոհված վանաձորցի մեր հերոսներին: [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն]

 

16։17-«Լուսավոր Հայաստանը» հանդիսանում է լիբերալ միջազգային ալյանսի անդամ, անդամակցում ենք այդ ալյանսին և Ջասթին Թրյուդոյի կուսակցությունը նույնպես այդ ալյանսի անդամ է։ Եվ այս տարիների ընթացքում, ինչ մենք այդ ալյանսին անդամակցում ենք, աշխատել և շարունակում ենք աշխատել բազմաթիվ քաղտեխնոլոգների, խորհրդատուների հետ, որոնց հետ քննարկվել է այս ֆորմատը, ովքեր, ըստ էության, հեղինակել են այն տեսահոլովակը, որը նաև իրականացրել է պարոն Թրյուդոն։ Գրագողության մասին խոսքը չկա, քանի որ հեղինակն է ինքն է դա որպես գաղափար ներկայացրել և տրամադրել։ [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ ԼՀԿ-ի եւ Ջասթին Թրյուդոյի  քարոզչկան տեսաուղերձերի նմանության մասին]

 

15։44- Ակնհայտ է, որ երկու միավոր են պայքարում առաջատար դիրքերի վրա՝ այս ընտրական գործընթացներում՝ գործող իշխանության քաղաքական թիմը և «Հայաստան» դաշինքը: Այս իշխանությունը  իշխանության գալուց խոստացել է խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային հսկայական կորուստներ: Եվ այս իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ որևէ մեղք ունի: Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, ստացանք թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ…:[Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը] |armenpress.am|

 

15։12-Շատ երկար ժամանակ է ինչ խոսվում է հարևան բարեկամ պետությունների հարաբերությունների պայմանագրային ձևակերպումների մասին, մենք չունենք պայմանագրային ձևակերպումներ մի շարք շատ կարևոր խնդիրների շուրջ, մասնավորապես Վրաստանի հետ։ Նաև այս պատճառով էր, որ  պատերազմի ժամանակ ունեցանք այնպիսի սարսափելի, անհասկանալի իրավիճակ, երբ Վրաստանը փակեց իր օդային տարածքը, այդ թվում հումանիտար բեռների փոխադրման համար։[«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ]

 

14:47-Խնդիր է առաջանում փոխել բանակի մարտավարությունը, բանակի տեսակը, ձևը, մոտեցումները։ Պետք է փոխել ամբողջ պաշտպանական սիստեմը՝ հակաօդայինից սկսած։ Հին բանակից պիտի մնա երևի 20 կամ 10%, և ոչ ավելին։ Պետք է խնդիրներ բարձրացնել նաև, որ մարդիկ գան սրտանց ծառայելու, ուզենան ծառայել։ [«Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյան]

 

14:44-Մենք սերտորեն աշխատում ենք ՌԴ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ: Ռուսաստանյան սահմանապահները կտեղակայվեն սահմանի երկայնքով մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, որից հետո կլինի զինված ուժերի ետքաշում մշտական տեղակայման վայրեր: Այնուհետև նախատեսված է միջազգային հովանու ներքո սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա Սոթք-Խոզնավար հատվածում: Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանության խնդիրների առնչությամբ էլ ասեմ, որ Կառավարությունը 2,5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի սահմանապահ ուղեկալներ կառուցվեն և սահմանայաին պահպանությունը լինի բարձր մակարդակով:  Առաջիկայում այս սահմանային հատվածը կլինի լիարժեք վիճակում։ [Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները]

 

14:20-Հաշվի առնելով ներկայիս պայմանները՝ բանակում ժամկետային ծառայությունը պետք է երկարացվի մինչեւ 2,5-3 տարի։ Կարելի է նաև կրճատել ծառայության ժամկետը մինչև 1 տարի՝ միաժամանակ ավելացնելով պրոֆեսիոնալ զինվորականների թիվը: Միևնույն ժամանակ պահեստազորայինները պետք է կանոնավոր վերապատրաստում անցնեն։ Սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ՝ մարտական զենք ձեռք բերելու համար: Այս առաջարկը նա համեմատեց Շվեյցարիայի մոդելի հետ, որտեղ քաղաքացիներն ունեն անձնական զենք կրելու իրավունք: [«Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյան] |armenpress.am|

 

13։58- Ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն: Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով՝ իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։ [«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյան]|tert.am|

 

13։52- Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։ [«Հայաստան» դաշինք]

 

13։39- Ես ափսոսում եմ, որ նա (Կարեն կարապետյանը - խմբ․) հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի։ [«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտրվելու դեպքում Կարեն Կարապետյանին որևէ պաշտոնի նշանակելու մասին] |sputnikarmenia.am|

 

13։22- Գործող իշխանություններից հուսալքված և վիրավորված մարդիկ, կարծես թե հրամցվող տեղեկատվական-հնարքային-քարոզչական ձևերի արդյունքում հնարավորություն են տեսնում չեզոքացնելու այս իշխանություններին, ազատվելու նրանցից՝ նախկիններին սատարելով։ Սա կեղծ օրակարգ է, սա հատուկ կազմակերպված պրոցես է, որպեսզի որոշումների կայացման դաշտում հանկարծ չհայտնվեն մարդիկ, ովքեր կապված չեն ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների հետ, արատավորված չեն եղել ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում։ [«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ]

 

12։48- Երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, ընթերցելով՝ թե՛ Հայաստանի քաղաքացին, թե՛ այլ քաղաքացի պետք է տեսնի, թե այս երկիրը դեպի ուր է գնում, ինչ զարգացում է ապահովում, ինչ ճանապարհ է ընտրել։ Մեր Սահմանադրությունը ընթերցելով՝ դա չես տեսնում։ Ես համարում եմ, որ Սահմանադրությունը և մնացած բոլոր օրենքները, օրենսդրական ակտերը պետության ֆունդամենտն են։ Որ ուժերը սա կընդունեն ու կհամաձայնեն, որ այս ճանապարհով գնանք, երկիրը տանենք զարգացման, նրա հետ էլ համագործակցելու ենք, կապ չունի ոչ անունը, ոչ գույնը։ [«Ազատական» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Բաբայան]

 

12։45- Մարզերում մարդիկ հիմնականում բողոքում են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներից, նրանք բողոքում են, որ չկա Գյուղատնտեսության նախարարություն: Մենք այնքան պայքար էինք մղում, որ չփակեն նախարարությունը: Հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, երբ մենք խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել ԼՀԿ-ին։ [Անի Սամսոնյան]

 

12։28- Հանրային ՀԸ-ի կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ թեկնածուների ինձ չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Հաշվի առնելով վերոգրյալը չեմ մասնակցելու նշյալ հեռուստաբանավեճին։ [«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան]

 

12։19- Պետք է փոխվի ամեն ինչ՝ տնտեսությունից սկսած մինչև կրթություն, դաստիարակություն։ Ընտրություններում կանցնի 5 տոկոսի շեմը և կհայտնվի խորհրդարանում, սակայն անգամ խորհրդարան չանցնելուց էլ չենք վախենում, մենք մասնակցում ենք և պարզապես ցանկանում, որ հայրենիքը վերելք ապրի։ Իմ կարծիքով՝ մեզ ձայն տվողները կլինեն այն մարդիկ, որոնք կողմնորոշված չեն: Իսկ որոնք կողմնորոշված են, արդեն ոչինչ չես փոխի: [«Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյան] |armenpress.am|

 

11։49- Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ, եթե կոպիտ ասեմ՝ հայաստանյան և ղարաբաղյան վերանախավերը այս պահին պատերազմի մեջ են։ Սա վերնախավերի պատերազմ է, և այդ երեք նախագահների կոչը, որն արեց Տեր-Պետրոսյանը, առաջին հերթին այս պատերազմը կանխելու համար էր։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Տիգրան Պասկևիչյան]

 

11։37- Ընդ որում սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որ արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որ հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի։ Սա հաշվի առնելով՝ նրանց այդ հնարավորությունը չենք տալու։ [Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում հանրահավաքի ժամանակ]

 

11։33 - Գիտեք, որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա, և մենք որոշել ենք, որ ՔՊ կուսակցությունը հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին՝ ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում։ [Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում հանրահավաքի ժամանակ]

 

11։30- Այո, ես մտածում եմ և կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով (ադրբեջանական զորքի շարք - խմբ․) փորձ է արվում ազդել նաև Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա։ Բայց մենք մեր միասնությամբ և միակամությամբ պիտի հստակ քայլենք մեր երկիրը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ճանապարհով։ [Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում հանրահավաքի ժամանակ]

 

11։28- Ադրբեջանի զորքերը աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ սահմաններից անդին, և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը։ Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է․ սահմանային կետերի երկայնքով պիտի տեղակայվեն ռուս սահմանապահներ, և նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք  է տեղի ունենան Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։ [Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում քարոզարշավի ժամանակ]

 

11:14- Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու համակիրները՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Ազգային միասնության ավտոերթով» հասել են Սյունիքի մարզ: Մեքենաների շարասյունը չնախատեսված կանգառ է կատարել Սյունիքի մուտքի՝ «Զանգեր»-ի մոտ։ |armtimes.com|

 

10։42- ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո են հատկապես վարչապետի թեկնածուների պահվածքն ու հռետորաբանությունը՝ հաշվի առնելով, որ քարոզարշավն ընթանում է լարված մթնոլորտում և բարձր է անհանդուրժողականությունը: Օբյեկտիվորեն առանձնահատուկ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի դերը, քանի որ քաղաքականից ու վարչապետի թեկնածու լինելուց բացի, նա շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի գործող կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց: [ՄԻՊ]

 

10:28- Վարկեր ներելը որպես այդպիսին պոպուլիստական լավ քայլ է, որն իրականում մեծ խնդիրներ է առաջացնում՝ այդ թվում ֆինանսական կարգապահության տեսանկյունից: Դա նշանակում է, որ ձեւավորվում է ավանդույթ պայմանագիրը չհարգելու: Եթե դու ներում ես ինչ-որ մեկի պարտավորությունը, նշանակում է մարդու մոտ սպասումներ ես ձեւավորում, եւ նա կարող է որոշակի պարտք վերցնել կամ պարտավորություն ստանձնել եւ հետո այդ պարտավորությունը չկատարել: Սա լրջագույն ինստիտուցիոնալ խնդիր է առաջացնում մեր տնտեսության համար, դրա համար մենք այս ուղղությամբ հակված չենք գործողություններ անել կամ ինչ-որ բան առաջարկել: [«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Հարությունյան] |armtimes.com|

 

09։54- Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը: Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են: Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերը արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով: Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաև անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն՝ զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով: [ՄԻՊ]

 

09։11- Քարոզարշավ օր 9. ավտոերթեր, քայլերթեր ու հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները: Ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|

 

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 10

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 8


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել