Մրցունակ եմ Քոչարյանի և Փաշինյանի հետ. Անդրիաս Ղուկասյանը՝ Ֆրանսիայի հետ պայմանգիր կնքելու, Ռուսաստանից անջատվելու մասին |armtimes.com|
16:35 - 15 հունիսի, 2021

Մրցունակ եմ Քոչարյանի և Փաշինյանի հետ. Անդրիաս Ղուկասյանը՝ Ֆրանսիայի հետ պայմանգիր կնքելու, Ռուսաստանից անջատվելու մասին |armtimes.com|

armtimes.com: «Ազատ Հայրենիք» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 5 կուսակցությունների հետ դաշինքով: Այդ կուսակցություններն են «Հայ կառուցողական կուսակցությունը», «Ազգային ժողովրդավարների դաշինքը», «Հայաստանի կանաչների կուսակցությունը», «Հայաստանի պահպանողական» ու «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցությունները:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում դաշինքի անդամները եղել են Երևանի արդեն 21 քաղաքներում, ինչպես նաև այցելություններ են ունեցել Հայաստանի տարբեր մարզեր: Քաղաքացիների հետ երկխոսության, հարց ու պատասխանի, պարզաբանումների միջոցով նրանք ներկայացնում են իրենց դաշինքի ծրագրերն ու անելիքները:

Դաշինքը գլխավորում է Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Երկրորդ համարը Անդրիաս Ղուկասյանն է, որն էլ դաշինքի վարչապետի թեկնածուն է:

- Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս որոշեցիք մասնակցել հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին և հանդես գալ դաշինքով: Ինչպե՞ս որոշվեց, որ դաշինքում վարչապետի թեկնածուն դուք պետք է լինեք: Որո՞նք են այն երեք կարևորագույն հարցերը, որ ձեր դաշինքն առաջինն է ուշադրություն դարձնելու:

- Մենք դեռ դեկտեմբեր ամսից մի շարք քաղաքական նախաձեռնություններով էինք հանդես եկել: Նախընտրական փուլում որոշեցինք միավորել մեր ուժերը, որովհետև տեսնում ենք՝ Հայաստանը կարիք ունի իրականացնել արտաքին անկախ քաղաքականություն՝ հիմնվելով իր ինքնիշխանության վրա: Իմ թեկնածությունը ընտրվեց, որովհետև իմ գործընկերները համարեցին, որ ես համապատասխանում եմ վարչապետի այդ չափանիշներին, մրցունակ եմ և՛ Նիկոլ Փաշինյանի և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև մեր նպատակն է պայքարել երկրորդ փուլ անցնելու համար:

Մեր կարծիքով՝ առաջին փուլով այս ընտրությունները չեն կարող ավարտվել, ոչ մի քաղաքական ուժ չի կարող հավաքել անհրաժեշտ ձայները: Մեր կարևորագույն հարցն է մինչև այս տարվա վերջ Ֆրանսիայի հետ կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր՝ հայկական բանակի վերազինման, վերապատրաստման համար: Տնտեսական ոլորտում հնարավորություններ կան Հայաստան բերել խոշոր միջազգային ներդրումներ: Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում բարձրացնել Արցախի ճանաչման հարցը, ինչը բեկումնային փոփոխություն կմտցնի Արցախի կարգավիճակի շուրջ:

Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է վերադառնա Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համագործակցությանը: Մենք գտնում ենք, որ թե՛ ԵԱՀԿ-ի, թե՛ ՄԱԿ-ի հարթակում Հայաստանը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի և արձանագրվի, որ Թուրքիան և Ադրբեջանը խախտել են միջազգային կարևորագույն սկզբունքները: Մեր դաշինքում առկա կուսակցությունները և նրանց առաջնորդները կախում չունեն ո՛չ Մոսկվայից, ո՛չ հայկական օլիգարխիայից, դրա համար ի վիճակի են հօգուտ հայ ժողովրդի իրականացնել այդ քաղաքականությունը:

- Այսինքն՝ այն կարծիքին եք, որ Հայաստանը պետք է անջատվի Ռուսաստանից և համագործակցի եվրոպական երկրների հետ: Չեք կարծո՞ւմ, որ ԵԱՀԿ-ն ուժը կորցրած կազմակերպություն է:

- Մենք գտնում ենք, որ Հայաստանը ունի Եվրամիության հետ համապարփակ և համագործակցության՝ արդեն իսկ ուժի մեջ մտած համաձայնագիր, որի պահանջն է հայկական ազգային օրենսդրությունը բերել եվրոպական չափանիշների: ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը չի գործում. ռուսական զորախումբը պետք է արդեն գտնվեր հայկական ռազմական հրամանատարության ներքո, որովհետև ադրբեջանական զինվորները գտնվում են Հայաստանի տարածքում: 2022 թ.-ին լրանում է ռուս-հայկական պայմանագիրը՝ կապված ռուսական զորախմբի հետ, նույն թվականին լրանում է օդային պաշտպանության համատեղ պայմանագիրը: 2024 թ.-ին լրանում է ՀԱՊԿ-ում մեր անդամակցության պայմանագիրը: Մենք անիմաստ ենք համարում այս պայմանագրերը շարունակելը, քանի որ ՀԱՊԿ-ից անհրաժեշտ օգնություն չստացանք: Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ շահեր ունեն տարածաշրջանում, այդ շահերը հակասում են մեր ազգային շահերին, ուստի գտնում ենք, որ դրա համար ՀՀ-ն պետք է միջազգային կոալիցիա ձևավորելու քայլեր ձեռնարկի: Պետք է սթափ գնահատել. ՌԴ-ի շահերը ՀՀ-ի շահերի հետ չեն համընկնում:  

- Կարծում եք՝ Ռուսաստանը նաև խոչընդոտո՞ւմ է մեր ինքնիշխանությանը:

- Այսօր ՌԴ-ին իր պետական շահերը թելադրում են դաշինք կազմել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիան ռազմավարական գործընկեր է ՌԴ-ի համար: ՌԴ-ի և Եվրոպայի հարաբերություններում օր օրի աճում է ճգնաժամը: Եվրոպան ՌԴ-ից սպառնալիք է տեսնում իր անվտանգության համար և համապատասխան քայլեր է ձեռնարկում: ՌԴ-ն կրկին Թուրքիայի հետ իր համագործակցությունը ամրապնդելու համար մեր շահերը Արցախում զիջեց, որևէ քայլ չարեց Ադրբեջանին կարգի բերելու համար և շարունակում է նպաստել, որ այդ պատերազմը ավարտվի մեզ ոչ ձեռնտու պայմանագրով: Արևմուտքն արդեն իր ձեռքն է ուղղել Հայաստանին: Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի սենատը հանդես եկավ Արցախի ճանաչման օգտին բանաձևով, այնուհետև ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման օգտին:                                                                                                                   

 - Այդ բոլորը կանաչ ազդա՞կ են Հայաստանի համար, որպեսզի դիմենք Ֆրանսիային՝ դաշնակցային հարաբերություններ հաստատելու համար: Արդյոք դա չի՞ բերի ռուսական զորքերի Արցախից դուրս բերմանը: Եվ նաև ի՞նչ կասեք ռուսական ռազմաբազայի մասին:

- Ակնհայտ է, որ Ֆրանսիան անմիջապես կընդունի առաջարկը, քանի որ արդեն ցուցաբերել է քաղաքական իր դիրքորոշումը: Այսօր գնդակը գտնվում է ՀՀ-ի ձեռքում: Հայաստանը պետք է քայլ անի: Ֆրանսիան այն ամենանպաստավոր երկիրն է, որի օժանդակությունը էական դեր կխաղա մեր բանակը եվրոպական չափանիշներով վերապատրաստելու համար: Մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունները կհաջողվեն մեր դաշինքի հաղթանակի դեպքում: Դա չի հակասում ՀԱՊԿ-ում մեր ունեցած պարտավորություններին: Չկա որևէ ակնարկ, որ ռուսական զորքերը ուզում են դուրս գալ Արցախից:

Ռուսական ռազմաբազայի հետ մեր պայմանագիրը ավարտվելու է 2042 թ.-ին: Եթե Հայաստանը ընտրում է ուղի, որ սեփական ուժերով պետք է պաշտպանի մեր երկիրը, այդ դեպքում ռազմաբազայի տեղակայումը ՀՀ-ում դառնում է ՌԴ-ի որոշման հարցը: Եթե ՌԴ-ն գտնում է, որ իր անվտանգության տեսակետից ՀՀ-ում պետք է պահի զորքերը, ապա պետք է վճարի դրա համար: Մենք իրավունք ունենք վերանայել նաև պայմանագրի պայմանները: Տեղակայման այդ գործընթացը հիմա անհրաժեշտ է, որովհետև մայիսի 12-ից առ այսօր ադրբեջանական ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ առիթ չդարձավ, որ ռուսական զորքերը անցնեն մեր ռազմական ղեկավարության հրամանատարության ներքո, դա նշանակում է, որ իրենց ներկայությունը Հայաստանում մեր անվտանգության համար չէ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել