aliqmedia.am։ «Ալիք Մեդիան» հարցաշար էր ուղարկել ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին։ Ներկայացնում ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի պատասխանները։
Շատ կարեւոր է, որ հայ ժողովրդի ընտրության ներկապնակում լինի եվրոպական գաղափարը, եվրոպական արժեքները, եվրոպական ընտրությունը: Միայն այդպես մենք կարող ենք միանալ քաղաքակիրթ աշխարհին:
Մենք առաջարկում ենք անմիջապես կատարել երեք քայլ` ելք ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, մուտք ԵՄ եւ ՆԱՏՕ, ինչպես նաեւ ընդլայնված, խոր եվրոինտեգրում: Հայաստանը Եվրոպա է եւ վերջ: Սա է մեր կարգախոսը, եւ սրանով ենք մենք տարբերվում բոլորից:
Մենք բացարձակապես մերժում ենք ապօրինի եւ Հայաստանին թելադրված հայտարարությունը, որն իրականում ոչ այլ ինչ է, քան պետական հեղաշրջում, որովհետեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետն իրավունք չունի ընդունելու որեւէ պայմանագիր, որը վավերացված չէ ԱԺ-ի կողմից: Ուստի նոյեմբերի 9-ից սկսած՝ մեզանում տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտում, ու փաստորեն դա պետական հեղաշրջում է: Եվ սահմանների փոփոխության պարագայում դա միջազգային իրավունքի խախտում է: Հետեւաբար Արցախի հարցի լուծումը կարող է տրվել միմիայն միջազգային հանրության կողմից ստեղծված Մինսկի խմբի ձեւաչափով: Եվ մեր վերջնական նպատակն է Արցախի հետ միացումը, ինչպես դա գրված էր 1990-ի ՀՀ Անկախության հռչակագրում:
Այն, ինչ դուք անվանում եք աշխարհաքաղաքական փոփոխություն, դա մեր կուսակցության ծրագրային նպատակն է: Մենք ասում ենք՝ ՌԴ-ն, որը գաղութացրել էր մեր երկիրը 1921 թվականին, անցել է մեր երկրի զավթմանը: Արցախը եւ մեր երկրի որոշ մասեր արդեն զավթված են ռուսական գաղութային թուրքի կողմից: Մեր կարծիքով ՌԴ-ն հիմա գահավիժման, տապալման շեմին է, եւ վերջին 100 տարիների ընթացքում երրորդ անգամ մեր երկրի անկախությունը գալու է մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումով: Եվ ոչ թե ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի նրա տեղը, այլ պարզապես մեր անվտանգության, տնտեսական եւ ռազմաքաղաքական ուղղվածությունը պետք է փոխվի, մենք դառնանք արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքի մաս: Եվ դա չի նշանակում, թե ՌԴ-ի տեղը բերելու ենք ինչ-որ մեկին, մենք պարզապես հաստատում ենք մեր պետականությունը եւ անվտանգությունը ԵՄ-ի կազմում:
2017 թվականին մեզ առաջարկել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որն, իհարկե զիջում էր ավելի վաղ առաջարկված` Ասոցացման համաձայնագրին, բայց, միեւնույնն է, մենք անցնելու ենք այդ ողջ ճանապարհով, հասնելու ենք լիիրավ անդամակցությանն ինչպես ԵՄ-ին, այդպես էլ ՆԱՏՕ-ին: Մեր հարեւան Վրաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան արդեն շարժվում են այդ ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, մեզ կհաջողվի գրեթե նրանց հետ միաժամանակ համալրել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կազմը:
Շարունակությունը՝ aliqmedia.am-ում։
comment.count (0)