«Հայաստան» դաշինքն ունի վստահություն, որ հաղթելու է ընտրություններում. Քոչարյան |armenpress.am|
12:18 - 16 հունիսի, 2021

«Հայաստան» դաշինքն ունի վստահություն, որ հաղթելու է ընտրություններում. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքն ունի վստահություն, որ հաղթելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում և պատասխանատվություն է ստանձնելու երկրի համար: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Ըստ նրա՝ ընտրությունների ժամանակ իշխանությունը պետք է գնահատվի իր խոստումների կատարմամբ, իսկ ընդդիմությունը՝ նրանով, թե ինչ խոստումներ է տալիս և արդյոք ունի ներուժ՝ այդ խոստումները կատարելու համար: «Նույնիսկ մտածում եմ, որ ձեզ համար և հեշտ է, և դժվար գնահատել՝ այն տեսանկյունից, որ գործող իշխանության արածի և չարածի մասով բան չկա համեմատելու»,-ասաց Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ վերընտրվելու համար ձգտում է մի իշխանություն, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել:

Նա քննադատեց նաև գործող իշխանության կադրային ռեսուրսը: «Վերացրեցին մի քանի կարևորագույն նախարարություն՝ Գյուղատնտեսության նախարարությունը, Մշակույթի նախարարությունը»,-ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով 3 տարվա ընթացքում ԱԱԾ-ում 5 ղեկավարի, ԳՇ-ում՝ 4 պետի, Էկոնոմիկայի 3 նախարարի փոփոխության մասին: 

Նա համեմատության համար հիշեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն աշխատել է 7 տարի, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը՝ 8 տարի:

««Հայաստան» դաշինքը մի միավոր է, որը հայտարարում է այսօր, որ գալիս է իշխանության, ունի վստահություն, որ հաղթելու է, «կրելու» է այս ընտրությունները և պատասխանատվություն է ստանձնելու երկրի համար»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ իրենք ավելի լավն են լինելու իրենց փորձով, գիտելիքներով:

Քոչարյանը քաղաքացիներին առաջարկեց հիշել իրենց անցյալը՝ խոստումները կատարում են, թե ոչ: «Դաշնակցությունը մի կուսակցություն է, որն ունի ավանդույթներ, արժեքային համակարգի պահապանն է, որի հետ ես ունեմ համագործակցության երկարատև փորձ: Եվ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ծնվել է Սյունիքում, որը մեր անվտանգության սպառնալիքների կիզակետն է, տարածվում է Հայաստանով մեկ: Այս ֆորմատը պատահական ֆորմատ չէ, ցույց է տալիս, թե ինչի վրա են լինելու մեր շեշտադրումները: Մենք նպատակ ունենք ազգային պետություն կառուցելու, մենք նպատակ ունենք անվտանգության հարցերը շատ արագ կարգավորելու: Ես ունեմ այդ փորձը»,-վստահեցրեց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել