Քարոզարշավ օր 11. քաղաքական ուժերն անցկացնում են իրազեկման ակցիաներ և հանրահավաքներ |armenpress.am|
09:08 - 17 հունիսի, 2021

Քարոզարշավ օր 11. քաղաքական ուժերն անցկացնում են իրազեկման ակցիաներ և հանրահավաքներ |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 11-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

«Պատիվ ունեմ» դաշինքը կենտրոնակայանում ժամը 12։00-ին հանդես կգա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 11-րդ օրը սկսելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում՝ ժամը 11։00-ին՝ Երվանդ Քոչար փողոցի կողմից։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Գեղարքունիքի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան բնակիչների հետ ժամը 11։00-ին Շորժայում, 12։30-ին՝ Վարդենիսում, 14։50-ին՝ Մարտունիում, 17։00-ին Գավառում։ Դաշինքի անդամները երեկոյան ժամը 18։30-ին հանրահավաք կանցկացնեն Սևանի հրապարակում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամը 20։00-ին կլինի Երևանի Հանրապետության հրապարակում։ Մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հանրահավաք կիրականացվի։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 17-ին լինելու է Շիրակի մարզում։ Ընտրողների հետ հանդիպումներ կլինեն Արթիկում՝ ժամը 11։00-ին, Մարալիկում՝ ժամը 12։30-ին, Գյումրիում՝ ժամը 14։00-ին։ Երեկոյան ժամը 19։00-ին դաշինքի անդամները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Ազատության հրապարակում։

«Ազգային-Ժողովրդավարների բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում այցելություններ են իրականացնելու Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում։ Նրանք աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 19։00-ին կլինեն Արաբկիր, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջաններում։ Ժամը 16։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները կլինեն Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում, ապա 18։30-ին՝ Արմավիրի մարզում՝ Էջմիածին քաղաքում։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կլինի Երևանում։ Քաղաքական ուժը ժամը 19։00-ին նախընտարական հանդիպում-հանրահավաք կիրականացնի Ազատության հրապարակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել