Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու նպատակով ներկայացված բոլոր դիմումները քննարկվել են ԸՕ-ի և իրավական այլ ակտերի շրջանակներում․ Ոստիկանության պարզաբանումը
17:55 - 17 հունիսի, 2021

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու նպատակով ներկայացված բոլոր դիմումները քննարկվել են ԸՕ-ի և իրավական այլ ակտերի շրջանակներում․ Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Ընտրությունների վերահսկման կոմիտեի կողմից համացանցում տարածված՝ «Ոստիկանությունում տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղում հաշվառված քաղաքացիների նկատմամբ. Ահազանգ» վերտառությամբ գրառման կապակցությամբ կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների:

Լինելով պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավոր՝ ոստիկանությունը գործում է օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։
Հորդորում ենք քաղաքացիներին և կազմակերպություններին՝ զերծ մնալ ոստիկանության կողմից իր լիազորությունների շրջանակներում կայացված որոշումները քաղաքական շահարկման առարկա դարձնելուց։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու նպատակով ներկայացված բոլոր դիմումները քննարկվել են բացառապես «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերի շրջանակներում:

Դիմումատուներին ընտրությունների լրացուցիչ ցուցակներում ներառելու կամ մերժելու մասին որոշումները կայացվել են՝ հաշվի առնելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը, բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և ընտրելու իրավունքի՝ օրենքով սահմանված պահանջներին բավարարելու հանգամանքները։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում յուրաքանչյուր դիմում ուսումնասիրվել է անհատական կարգով և որոշում կայացվել է բացառապես առկա փաստական հանգամանքների շրջանակներում։

Որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում դիմումատուներն իրավունք ունեն դրանք բողոքարկել դատական կարգով, որի արդյունքում ընդունված դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել