ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 12
23:08 - 18 հունիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 12

23:03- Ընդամենը երկու օրից մենք որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։ Քվեարկեք վերլուծելով, քանի որ հենց այս ընտրություններից է կախված Հայաստանի ապագան։ Որոշ ուժեր ցանկանում են գալ իշխանության իրարից վրեժ լուծելու համար, իսկ մենք՝ հանուն հայի և Հայաստանի: [«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ Գյումրիում և Էջմիածնում] 


23:00-
Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ, և այդ կապը այն ժամանակ իրականացվել է ի պաշտոնե իմ կողմից, եղել են հանդիպումներ Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ: Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվում էր փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը։ [Արթուր Վանեցյան] 


22:35-
Կրկին վստահել սրանց, նշանակում է սեփական ձեռքի մեջ ձգել նռնակի օղակն ու գնալ ինքնաոչնչացման։ Հարցրեք ձեզ` ինչի համար էիք դուրս եկել փողոց, ձեզ ինչեր էին խոստացել և ինչ ստացաք: Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ Հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է՝ փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին: [Սերժ Սարգսյան] 


22:15-
Լրջանալու պահն արդեն հնացած է։ Այժմ եկել է արդեն սթափվելու պահը, որովհետև նախորդ պարտությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել՝ հետևյալը՝ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը։ [Լևոն Տեր-Պետրոսյան] 


21:22-
Մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով: Նաև մեկ բան ենք հասկացել՝ սա պայքար չէ իշխանության համար, պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար: Չորս հիմնական խնդիրներ են կանգնած երկրի առջև: Առաջինը՝ երկրի պաշտպանությունն է և սահմանների անվտանգությունը, երկրորդը՝ Ղարաբաղի ապագան է, երրորդը՝ երկրի տնտեսական վիճակն է, գործազրկությունը, արտագաղթը, չորրորդը՝ ներքաղաքական գերլարված մթնոլորտը, ատելությունը: Այս ընտրությունը ընտրություն է մի կողմից արժանապատիվ խաղաղության և մյուս կողմից ծնկաչոք խայտառակության միջև, տնտեսական վերելք ունենալու և տնտեսական ճգնաժամը խորացնելու միջև, համերաշխության և թշնամանքի միջև: [Ռոբերտ Քոչարյանը՝ Հանրապետության հրապարակում] |armenpress.am|


20:55-
Մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից: «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը: Այս օրերին ունեինք մի խնդիր, որ ՀՀ քաղաքացուն բացատրեինք՝ այս պայքարը միայն մեր պայքարը չէ, այլ յուրաքանչյուր հայի կռիվն է, և այսօր փաստեցինք, որ հաջողել ենք։ Յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու: Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությանը չենք դավաճանելու: [Իշխան Սաղաթելյան] |armenpress.am|


19:50-
Մեր խնդիրն է այս քվեարկությամբ ապացուցել, ուղղակի գոռալ, որ մենք արժեքներից ու բարոյականությունից զուրկ հանրույթ չենք: Պատերազմում ընկած մեր եղբայրներն իրենց կյանքը զոհել են հանուն ավելի լավ Հայաստանի: Քվեախցիկում միայնակ մնալով՝ հիշեք՝ Դուք քվեարկում եք նաև նրանց փոխարեն: Ուրեմն մենք պարտավոր ենք պատկերացնել՝ ինչ Հայաստանի համար են նրանք զոհել իրենց ամենաթանկը՝ կյանքը: Քվեարկելիս լսեք նրանց հազարավոր ձայները։ [ՔՈ ՍԴԿ ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի ուղերձը] 


18:46-
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հրապարակման առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Կատարվում է նախաքննություն։ [ՀՔԾ] |armenpress.am|


17:54-
Քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն, իսկ ներգրավվածության վերաբերյալ տարածված տեղեկություններն անհիմն են։ Մամուլում ստահոդ, չփաստարկված լուրեր տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Քրեակատարողական ծառայությանը ներքաղաքական գործընթացներում ներքաշելու և մտացածին գործողություններ վերագրելու փորձերից: [Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն]

 

17:46-Հունիսի 18-ի ժամը 9.00-ի դրությամբ ստացվել է ընդհանուր 231 հաղորդում, ահազանգ: Դրանցից 76-ը ԶԼՄ հրապարակումներ են, 64-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով, 52-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 39-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ: [ՀՀ գլխավոր դատախազություն]

 

17:28-Այս կիրակի հայ ժողովուրդը նոր խորհրդարան ընտրելու նպատակով մասնակցելու է ընտրությունների: Մենք՝ միջազգային հանրության գործընկերներս, խրախուսում ենք բոլոր մասնակիցներին ապահովել, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված ընդհանուր բարձր նշաձողը: Այդ նպատակով մենք շարունակում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին՝ աջակցելու արժանահավատ ընտրական գործընթացի թափանցիկ և արհեստավարժ եղանակով կայացմանը։ [ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ]

 

17:13-Մենք սպառող հասարակությունից պետք է դառնանք ստեղծող ու արտադրող հասարակություն՝ սկսած գիտական գիտելիքից, վերջացրած սեփական պետությունը պաշտպանելուն ուղղված տարբեր ռազմական համալիրների ստեղծմամբ, ինչու չէ նաև դրանց իրացմամբ այլ շուկաներ։ Ըստ էության, «Արդար Հայաստանի» առանցքը հայ մարդն է՝ իր հոգսերով, իր խնդիրներով, իր երազանքներով ու նպատակներով: Ամեն ինչ պետք է ուղղված լինի մարդու բարեկեցությունն ապահովելուն ու նրա խնդիրները լուծելուն: [«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանի ուղերձը]

 

16:55-Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է  համացանցում հրապարակված ձայնագրությունը, որը վերագրվում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին: [Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան] |armenpress.am|

 

16:51-Կրկին հայ ժողովուրդը իր պատմությունից դասեր չքաղելով պայքարում է իրար դեմ, ատելության, բռնության քարոզչություն, որն ըստ էության հասել է իր գագաթնակետին։ Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը, ատելությանը, բռնության քարոզին և այս անհաշտ միջավայրին։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք 9-րդ քվեաթերթիկը և ասեք, որ դուք համերաշխության, համախմբման և երկրի հերսում հաշտությունը վերականգնելու կողմնակից եք: [«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի ուղերձը]

 

16:43-2021 թ. հունիսի 18-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթի կենտրոնի տնօրենը, օգտագործելով աշխատողների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, աշխատանքից ազատելու սպառնալիքով, առերևույթ խոչընդոտել է նրանցից մեկին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին, միաժամանակ հարկադրել վերջինիս և մյուս աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպած նախընտրական քարոզչությանը: Մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է՝ ծառայողական կախվածությունն օգտագործելով՝ աշխատակցի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: [ՔԿ]

 

16։25-Վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները։ Եկեք մերժենք սուտը ու ապրենք մարդավայել, իրար հարգելով։ Եկեք հանենք մեր կյանքից չընդհատվող խելարագարությունը ու մի պահ հանգիստ հասկանանք՝ ոնց ենք դուրս գալու այս ավերակներից։[«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի ուղերձը]

 

16։06-Հայ ժողովրդի առջև կանգնած է  գերբարդ խնդիր։ Կարողանալ տասնամյակների, նույնիսկ հարյուրամյակների զարգացման թերություններ շրջանցել, մերժել, դրական լիցքերը պահպանել և առաջ շարժվել։ Դա է մեր ապագան, դա է քաղաքակիրթ մարդկության, համաշխարհային քաղաքականության մեջ հայ ժողովրդի՝ իր դերի ու նշանակության աստվածային նախատեսումը։ Դա նշանակում է, որ այսօր մենք հստակ պետք է մերժենք գողապետությունը, միաժամանակ ճանապարհ տանք այն ուժերին, որոնք հեղափոխության խնդիրներն ու իդեալները շարժելու ենք առաջ: [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդները՝ ամփոփելով քարոզարշավը]

 

15։59-Մուրճով մարդկանց առկայությունը երեկվա հավաքին հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով: Հավաքն ուղիղ եթերով հեռարձակվել է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ու մինչև հիմա էլ առկա է այդ էջում, որտեղ մուրճով մարդիկ երևում են 1 ժամ 16-րդ րոպեի 39-րդ վայրկյանից: Ավելին, հավաքի մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Անգամ հնչել են մուրճերը «կվալդով» փոխարինելու կոչեր: Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]

 

15։53-«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակված նախընտրական բանավեճին իրենց ցուցակի անդամներից մեկի մասնակցությունը մերժելու հարցով, մենք հարցեր ունեինք՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին: Նախընտրական բանավեճը համարում եմ կարևորագույն իրադարձություն, ՀԱԿ-ին, ըստ էության, մերժեցին այդ բանավեճին մասնակցելու իրավունքից։Ընտրությունները ոչ թե նախագահական են, այլ խորհրդարանական, հետևաբար առաջին դեմքերի մասնակցությունը պարտադիր չէ, կուսակցություններին պետք է հնարավորություն տրվի  մասնակցել՝ իր ընտրած ներկայացուցչի միջոցով: [ՀԱԿ ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյան] |armneoress.am|

 

15։37-«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսում անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով, իբր, մարզերի դատախազների կողմից համայնքների ղեկավարներին հրավիրելու, ընտրությունների հետ կապված ինչ-որ ուղղորդումներ իրականացնելու վերաբերյալ: Արված հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է, իրականության հետ որևէ աղերս չունի և ակնհայտորեն հետապնդում է ընտրական հանցագործությունների դեմ պայքարում դատախազության նկատմամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու նպատակ:  [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

 

15:17-Ռուսաստանը Հայաստանին մաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ընդ որում, վերջինս տարօրինակ է որակել լրագրողների հարցը, թե Մոսկվան քաղաքական ուժերից որի՞ն է պաշտպանում այս ընտրություններում։
«Մենք, անկասկած, ցանկանում ենք հաջող ընտրությունների անցկացում մեր մերձավոր դաշնակցին ու գործընկերոջը», - ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ |azatutyun.am|

 

15:15-«Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական շտաբում այս երկու օրերի ընթացքում մեծաթիվ ահազանգեր են կուտակվել, առ այն, որ իշխանությունը զգալով կանխատեսելով գալիք պարտությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Մանավորապես, գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանույունը, դատախազություն, ԱԱԾ։ [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ասուլիսի ընթացքում]

 

15:02-Շատ տրամաբանական եմ համարում, որ այս ընտրությունները հիմնականում կենտրոնացան այն խնդիրների վրա, թե Հայաստանն անկախությունից ի վեր իր ճանապարհն արդյոք ճի՞շտ է անցել, ո՞ր ուղղություններով է սխալ գնացել: Դա է պատճառը, որ այս ընտրություններում գլխավոր մրցակիցները դարձան այն ուժերը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ներկայացրել են ՀՀ իշխանություններին: Եվ արդեն կարելի է ասել, որ հենց այդ ուժերն էլ խորհրդարանում կունենան իրենց ծանրակշիռ ներկայությունը: Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա։ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյան] |armenpress.am|

 

15:00-Հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ, Արցախի ՊԲ-ում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից: Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն: Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից:  Հարկ ենք համարում նշել, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում: [ԱՀ ՊԲ]

 

14:45-Հունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև։ Ընտրում ենք բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։ Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու։ Սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք։ [«Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի ուղերձը]

 

14:39-Մենք տարբեր ձևաչափերով հորդորել ու կոչ ենք արել, որպեսզի կրթական ոլորտից որևէ ռեսուրս չoգտագործվի քաղաքական նպատակներով, և հենց այդպես էլ եղել է: Ես անգամ չգիտեմ, թե ինչպես կարելի է այդ նպատակով օգտագործել ռեսուրսները, չեմ էլ ցանկանում իմանալ: Մենք կատարում ենք մեր աշխատանքը և կրթական բոլոր հաստատությունները պարտավոր են կատարել իրենց վերապահված աշխատանքը: Մնացած հարցերը՝ քաղաքական, ընտրական, կուսակցական, աշխատանքից դուրս ազատ են կատարելու, կարող են և՛ ընտրել, և՛ ընտրվել։ Մանկավարժն իրեն չպետք է թույլ տա օգտագործել իր դիրքը քաղաքական նպատակներով: [Վահրամ Դումանյանը՝ կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու վերաբերյալ լուրերի մասին] |armenpress.am|

 

14։05- Քարոզարշավը հետաքրքիր էր, ուղղակի բևեռացումն էր շատ։ Հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը ես սխալ եմ համարում։Դա նրանից է գալիս, որ լրատվական ամբողջ դաշտը այդ մարդկանց ձեռքին է, ովքեր երկրորդ բևեռ են ձևավորել, դրա համար բոլորի համար դժվար էր պատնեշը բացել։ Մի շարք դժվարություններ կային, բայց արդեն հաղթահարել ենք, թողել ժողովրդին, ժողովուրդը կորոշի։ [«Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայան]

 

12:48- Փողոց են դուրս գալիս նրանք, որոնք չեն անցնո՞ւմ: Չանցնելու տարբերակ չկա: Փողոց դուրս գալ կարելի է միայն մեկ դեպքում, եթե օրինակ, ընտրությունները կեղծվում են, եթե օրինակ, արհավիրք է տեղի ունենում երկրում: «Լուսավոր Հայաստանն» այսօր հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու համատեքստում: Եթե մենք բոլորին համախմբելու, համերաշխության կոչերով գալիս ենք, ի՞նչ փողոց: Մենք փողոցներն ազատել ենք՝ արտահերթ ընտրություններ նշանակելով: [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան] |armtimes.com|

 

12։40- Խորապես համոզված ենք, որ ՀՀ–ին անհրաժեշտ է որակապես նոր ռազմական դոկտրին։ Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել մեր անվտանագության միջավայրը`վերականգնելով պաշտպանության խաթարված համակարգը, խթանելով այն ենթակառուցվածքները, որոնց միջոցով հնարավոր կլինի երեք տարում վերակազմավորել հայկական բանակը, որպեսզի վերանա հասարակության մեջ առկա տագնապը։ [«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյան]

 

12։39- Խիստ մտահոգիչ են Քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2021թ. ապրիլի 28-ի փոփոխությունները: Հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար»։ Հիմնավորումները խիստ մակերեսային են, մարդու իրավունքների խախտումների վտանգներով։ [ՄԻՊ]

 

12:37- Ակնկալում ենք կիրակի կայանալիք ընտրությունների արդյունքում խորհրդարանում կրկին երրորդ ուժը լինել, համենայնդեպս, իմ համոզմամբ, զարգացումները արդ ուղղությամբ են գնում: [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան] |armtimes.com|

 

12։31- Ցանկացած ուժի հետ մենք պատրաստ ենք համագործակցելու, աշխատելու՝ հանուն մեր հայրենիքի․ սա մեկ։ Երկրորդ՝ նայած էդ ուժերը ովքեր են և ինչ ծրագրով են առաջնորդվում։ Մենք առաջարկում ենք Սահմանադրություն փոխել, մաքրել, հստակեցնել, պարզեցնել։ Մեր ամբողջ պրոբլեմը գալիս է օրենսդրական բազայից։ Ամեն քաղաքական ղեկավար իր համար Սահմանադրություն է գրել։ [«Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայան]

 

12։30- Մենք գոհ ենք ընտրարշավի անցկացման մեր ակտիվությամբ և մեր ժողովրդի պատասխանով։ Անշուշտ, անհավասար պայմաններում ենք գտնվել և դա այլ կերպ չէր կարող լինել, որովհետև ապրում ենք մի համակարգում, որը խտրականություն է դնում և ըստ քաղաքական պատվերի տարբեր կերպ է լուսաբանում և մեկնաբանում, տարբեր խտությամբ ու երկարությամբ։ [«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակը գլխավորող Վահե Գասպարյան]

 

12։25- Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել․ երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների: Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որ բանակի հետ ապահովենք մեր երկրի սահմանների անվտանգությունը: Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից: Չդիմե՛նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների։ [ԵԿՄ]

 

12:07- Արցախի ճակատագիրը ճիշտ որոշելու համար պետք է աշխատենք, որ միջազգային ճանաչում ունենա Արցախը։ Միջազգային ճանաչման դեպքում նոր կարող ենք միանշանակ պահանջենք մեր այն հողերը, որը եղել է Արցախինը, և այսօր ադրբեջանցիները վերցրել են։ [«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան]

 

11:52- Ժողովուրդն ուզում է և պարտադրում է համախմբում, ժողովուրդը չի հարցնում՝ սրան ես սիրում, թե չես սիրում, ժողովուրդն ասում է՝ հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են: Մարդիկ ուղղակի չեն կարողանում հանդուրժել այս ամենը: Երկիրը հազար խնդիր ունի, պետք է համախմբվենք, լուծենք այդ խնդիրները, սա է մարդկանց ուզածները, և մենք սա ենք անում։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նախկին ու ներկա իշխանությունների տարաձայնությունների մասին] |tert.am|

 

11։12- ՀՀ վարչական դատարանը մերժել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ ԿԸՀ-ի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին: Նշենք, որ ԿԸՀ-ն մերժել էր «Զարթոնք»-ի դիմումը, պատճառաբանելով, որ իրավասու չէ գնահատել նախընտրական քարոզչության բովանդակությունը, և որ ընտրական օրենսգիրքը որևէ ընթացակարգ չի սահմանում սպառնալիքների կամ անօրինական այլ հայտարարությունների մասով միջամտելու վերաբերյալ: [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյան]

 

10:50- ՄԻՊ աշխատակազմը Ոստիկանությունից պարզաբանումներ է ստացել, որ «Հայաստան» դաշինքի մի շարք համակիրներ բերման են ենթարկվել հավաքը խոչընդոտելու կասկածանքով, նրանցից երկուսը տեղափոխվել են քննչական մարմին: Այնուհետև դաշինքի պատգամավորի թեկնածու Հ․ Հարությունյանը տեղեկացրել է, որ Տիգրան Խուդոյանը դուրս է եկել քննչական մարմնի վարչական շենքից՝ ձեռքի հատվածում վիրակապված, ունի ձեռքի հոդի խախտում (ըստ տվյալ անձի՝ ձեռքը «դուրս է ընկել»): [ՄԻՊ]

 

10։13 -Հունիսի 15-ին՝ ժամը 14.55-ին, Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Հարուցվել է քրեական գործ։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է։ [Ոստիկանություն]

 

10։08- Միանում եմ գործընկերոջս՝ Արման Թաթոյանի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքն հայհոյանքը դադարեցնելու կոչերին։ Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են հայաստանյան նախընտրական քարոզչության շրջանակներում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները, մանավանդ «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը։ [Արցախի ՄԻՊ]

 

10։05- «Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Գյումրի։ Քարոզչական երթի ընթացքում քննարկվել են գյումրեցիների առաջ քաշած հարցերը: «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Դաշինքի անունից դատապարտել է Փաշինյանի և Քոչարյանի կողմից հանրային բաց բանավեճից խուսափելու փաստը: [«Ազատ Հայրենիք» դաշինք]

 

09։43- Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին՝ 12-րդ օրը, քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել: Ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|

 

09:34- Հանրային ՀԸ-ի՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարաշվի շրջանակներում իրականացվող բանավեճի ընթացքում մասնակցող քաղաքական թիմերի առաջնորդները հայտնեցին, թե որ ուժի հաղթանակի դեպքում են պատրաստ համագործակցել: «5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ բացառում է այժմյան իշխանությունների հետ համագործակցությունը։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ վստահություն հայտնեց, որ ընտրությունները լինելու են ազատ և անկախ։ Էդմոն Մարուքյանը բացառեց կոալիցիայի կազմումը և նախկին, և ներկա իշխանությունների հետ։ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն էլ հայտնեց, որ ընդունելու է իր պարտությունը, եթե տեսնի, որ բացահայտ պարտվել է։

 

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 11


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել