Զառ գյուղի բնակիչը հող գնելու համար վարկեր է վերցրել, իսկ դատարանը նրանից խլել է հողը և տվել իրավապահ համակարգի նախկին աշխատակցին |hetq.am|
07:28 - 17 ապրիլի, 2019

Զառ գյուղի բնակիչը հող գնելու համար վարկեր է վերցրել, իսկ դատարանը նրանից խլել է հողը և տվել իրավապահ համակարգի նախկին աշխատակցին |hetq.am|

Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ Գեղամ Մելքոնյանը 2015թ.-ից իրավապահ մարմինների դռներն է թակում: Նա բանկերից վարկեր է վերցրել, համագյուղացուց հողամաս է գնել, բայց պարզվել է, որ այդ հողամասն այլ շահագործող ունի, որը դատարանի միջոցով տիրացել է Գեղամի ձեռք բերած և իր անվամբ սեփականության իրավունքը գրանցած հողին: Գեղամն այդ պատճառով ավելի քան 8 բանկերում և վարկային կազմակերպություններում վարկեր է կուտակել: Գեղամը գրավի առարկա գյուղի տունը ևս կորցնելու ճանապարհին է:

Գեղամ Մելքոնյանը իր համագյուղացի Արարատ Հարությունյանի հետ 2015թ. ապրիլի 24-ին առքուվաճառքի պայմանագիր է կնքել և ձեռք բերել 3,6 հա գյուղնշանակության հողատարածք՝ 3 հա վարելահող և 0,6 հա խոտհարք: Կնքված պայմանագրի հիման վրա գրանցվել է իր սեփականության իրավունքն այդ հողակտորների նկատմամբ: Հողի սեփականատիրոջը 3000 ԱՄՆ դոլար վճարելու համար «Ֆինքա» վարկային կազմակերպությունից և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վարկեր է վերցրել: Նաև խոստացել է իր «Նիվա» մակնիշի ավտոմեքենան տալ:

«Մինչև առնելս, գնացի գյուղապետի մոտ, ասի՝ էս հողերը էս երեխուց ուզում եմ առնել, հո վարկի-գրավի տակ չէ, որ վերցնեմ, ասաց՝ չէ: Աբովյանի Կադաստր էլ գնացի, հարցրի՝ հոմ էս հողերը գրավի տակ չեն, ասին՝ հայրիկ ջան, մաքուր հողեր են: Գնացել հողը չափել եմ, նայել եմ, նոր վերցրել, բարձրացանք նոտարը հաստատավ»,- պատմում է Գեղամ Մելքոնյանը:

Գործարքներից հետո՝ գարնանացանին, երբ արդեն պատրաստվել է վարել և ցանքս անել, պարզել է, որ իր գնած հողակտորն արդեն մշակված է: Նույն գյուղի բնակիչ Լևուշ Հովհաննիսյանն արդեն կատարել է գարնանացանի աշխատանքները:
«Հովհաննիսյան Լևուշը քրեականի աշխատող է, արդեն թոշակի է անցել: Մի գյուղացի ենք, գնացի մոտեցա, ասի՝ պրն. Հովհաննիսյան, ինչի եք ցանել իմ հողերը, ինձ ասում է՝ դու դեռ պուճուր ես, որ էս հողերը գնես, տղա ջան, ինքն էլ ինձնից 8 ամիս է մեծ: Ասեց՝ էդ հողերը բացառվում է քեզ տամ: Մթամ երկու տարով վերցրել է, 12 տարի ցանել է, հողի հարկն էլ չի տվել»,- պատմում է Գեղամ Մելքոնյանը:

Լևուշ Հովհաննիսյանը Գեղամ Մելքոնյանին ասել է, որ տերերը վաղուց են այդ հողն իրեն տվել, որովհետև վերջինիս որդին իր տնից թանկարժեք զարդեր է գողացել՝ ժամացույց և մատանի, և այդ հողը որպես փոխհատուցում է իրեն տրվել: Գեղամ Մելքոնյանը հայտնվել է անելանելի վիճակում: Նա 2015թ. մայիսին դիմել է դատարան՝ ընդդեմ Լևուշ Հովհաննիսյանի: Գեղամ Մելքոնյանը դատարանին խնդրել է Լևուշ Հովհաննիսյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողակտորներից:

«Առաջին տարին քաղավ, տարավ, ասի՝ ջանդամ, թող տանի: Մյուս աշունն ասացին՝ Լևուշը սիլիտրա է տալիս, որ ցանի: Գնացինք դատարան, արգելանք դրեցինք, որ իմ սեփականությունն էլ չքաղի, էդ տարի ես քաղա, տարա, 2 օր անցավ՝ ասին, քեզ կանչում են ոստիկանները: Դու մի ասա՝ հաղորդագրություն է տվել, որ Գեղամ Մելքոնյանն իր 3 հա տարածքից ցորեն ու խոտ է գողացել՝ 1,5 մլն դրամի չափով:

Քննիչները բացատրություն են գրում, սպառնում են, ղրգան դատախազություն: 2 միլիցա եկան, ստիպեցին հատ-հատ ցույց տալ բերքը: Ցորենն ուր է՝ տարել եմ ջրաղաց, ալյուր եմ արել, մի 2 մեշոկ էլ փոխանակել՝ պամիդոր եմ անել, բան եմ առել ուտելու համար, ելան, գնացին: Ընձի տարան-բերին, տարան-բերին, վերջը փաստաբանի հետ գնացինք դատախազություն, փաստաբանս ասաց՝ ինչ է գողացել, բա՝ Լևուշի ցորենը, բա հողերը Գեղամ Մելքոնյանինն է, Լևուշի ցորենն ի՞նչ գործ ունի Գեղամի հողում: Էդպես քրեական գործը հանին վրայիցս»,- պատմում է Գեղամ Մելքոնյանը:

Հակընդդեմ հայց է ներկայացրել նաև Լևուշ Հովհաննիսյանը: Նա մի ստացական է ներկայացրել դատարանին՝ թվագրված 11.12.02թ, որտեղ հողի սեփականատեր Արարատ Հարությունյանի հայրը՝ Գագիկ Հարությունյանը, գրել է հետևյալը. «Զառ գյուղի բնակիչ Լևուշ Պատվականի Հովհաննիսյանից վերցրել եմ 800 ԱՄՆ դոլար, որի դիմաց իրեն տալիս եմ մեր ընտանիքին հասանելիք 2 (երկու) հողաբաժին բոլոր հողակտորները: Պարտավորվում եմ մեր ընտանիքի և քույրերիս համաձայնությունը գրավոր վերցնեմ և հանձնեմ նոտարական գրասենյակ:

Փոշմանելու դեպքում Լևուշ Պատվականի Հովհաննիսյանից՝ բնակվող Զառ գյուղում, վերցրած 800 ԱՄՆ դոլարը վերադարձնեմ տոկոսային հարաբերությամբ, այսինքն՝ ամսական 10 տոկոսով: Ստացականիս հետ միասին ներկայացնում եմ հողի սեփականության իրավունքի պետական ակտը թիվ 037303 համարի տրված՝ 07.05.95թ.: Հողի վերաբերյալ ես ոչ ոքի հետ պարտք-պահանջ չունեմ: Այսօրվանից հողը պատկանում է Լևուշ Պատվականի Հովհաննիսյանին, բնակվող Զառ գյուղում: Պայմանավորվածության ժամանակ ներկա է եղել նաև Զառ գյուղի բնակիչ Գարիկ Արծրունի Դանիելյանը, որի համար բոլոր ներկա գտնվողներս ստորագրում ենք»:

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել