Եթե որոշում կայացվի, որ գնում ենք խորհրդարան, միանշանակ իմ թիմին չեմ թողնի մենակ․ Արթուր Վանեցյան
12:41 - 23 հունիսի, 2021

Եթե որոշում կայացվի, որ գնում ենք խորհրդարան, միանշանակ իմ թիմին չեմ թողնի մենակ․ Արթուր Վանեցյան

Ընտրությունների արդյունքները կան, հրապարակված են։ Որ ասեմ սպասելի էին՝ ոչ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Վերջին երկու երեք օրերի ընթացքում մենք բազմիցս բարձարաձայնել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվստների, նախընտրական շտաբի աշխատակիցների նկատմամբ սկսվել է ուղղակի տեռոր, դա նպատակ է ունեցել նվազեցնել մեզ տրվող ձայների քանակը, նպատակ է ունեցել առհասարակ ստանալ մի իրավիճակ, որ ընդդիմությունը ստանա քիչ քվե։ Բոլոր այդ դեպքերի հետ կապված հիմա մեր կողմնակիցները, իրավաբանները իրկանացնում են ուսումնասիրություններ, և ըստ անհրաժեշտության մենք կդիմենք և՛ իրավապահ մարմիններին և դատարաններին»,- հայտնեց Վանեցյանը։

Մեկնաբանելով՝ դաշինքի՝ մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը՝ Արթուր Վանեցյանն ասաց․ «Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը իրավական որևէ հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»։

Անդրադառնալով երեք նախկին նախագահների՝ դաշինք կազմելու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, Վանեցյանն ասաց․ «Եթե երեք նախագահները միավորվեին, ի՞նչ արդյունք կունենայինք, չգիտենք։ Չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել, բայց սխալներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ մնացած ուժերը։ Երևի թե ունեցել ենք, որ ունենք այսօր նման արդյունքներ։ Պետք է հասկանանք՝ ինչպես շարունակել, որպեսզի ուղղենք այդ սխալները և կարողանանք գտնել լուծումներ»։

Դաշինքի առաջնորդի խոսքով՝ այս ընտրությունների արդյունքով չլուծվեցին երկրում եղած հարցերը․ «Այս ընտրությունների արդյունքներով չլուծվեց Արցախյան հակամարտության հարցը, այս ընտրությունների արդյունքով չլուծվեց ՀՀ տարածքում արդեն մեկ ամսից ավել գտնվող ադրբեջանցի զինվորականների հարցը, այս ընտրությունների արդյունքով մոռացության չտրվեց մեր հազարավոր զոհերի հարցը, այս ընտրությունների արդյունքով չլուծվեց տնտեսական հարցերը»։

Վանեցյան հայտնեց, որ ինքը չի ասել, որ իրենք ընդունում են ընտրությունների արդյունքները։

«Ես ասել եմ, որ այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, որ տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում, և քննակվում է հարց այլ քաղաքական ուժերի հետ սահմանադարական դատարան դիմելու։ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո նոր մենք որոշում կկայացնենք՝ ընդունում ենք արդյոք ընտրությունների արդյունքները, թե ոչ, կամ չընդունելով այնուամենայնիվ շարունակու՞մ ենք գնալ խորհրդարան թե որոշում ենք կայացնում չգնալ խորհրդարան»,- եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել