Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ․ ԱՆ

Հունիսի 25-ին աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում  և լուծ) «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության: Այս մասին հայտնում է Հհ առողջապահության նախարարությունը։

«Դեպքի առնչությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներ են․ 29-ը՝ Այրումի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, 14-ը՝ մեծահասակ: Խումբը նույն օրը 2 ավտոբուսով մեկնել է Շիրակի մարզ՝ էքսկուրսիա: Մասնակիցները Շիրակի մարզի «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: 

Մանրէաբանական հետազոտության նպատակով հիվանդներից կատարվել է նմուշառում: Հաշվի առնելով, որ տարվա շոգ եղանակին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ. 

• երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար, 
• խուսափե՛ք երեխաներին հյուրասիրել աղցաններ, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,
• ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի, 
• խուսափե՛ք հատապտուղներ և այնպիսի միրգ և բանջարեղեն օգտագործելուց, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը, 
• կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,
• խորոված պատրաստելիս անպայման հետևե՛ք, որ միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը), 
• հավկիթն օգտագործելիս՝ կճեպը մաքրելուց առաջ, ցանկալի է լվանալ կերակրի սոդայի թույլ լուծույթով,
• կիրառե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,
• խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,
• ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար, 
• մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում»,- ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով