Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել
17:47 - 21 հուլիսի, 2021

Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով միմյանց հայտարարություններին, որոշ ժամանակ առաջ խոսել էին ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի մասին՝ մի կողմից պնդելով, որ այն փոփոխվել է ու իշխանափոխությունից հետո ձեռք չեն բերվել մի շարք տեխնիկաներ, որ նախատեսված էին այդ պլանով, մյուս կողմից՝ հակառակը։

Մասնավորապես, Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր  նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։ 

Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։

Սակայն այս հայտարարություններից որն էր համապատասխանում իրականությանը՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը թեմայի վերաբերյալ որեւէ տեղեկություն համարեց գաղտնի։ Եւ թեեւ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ, Ռազմական ոստիկանությունն, այնուամենայնիվ, նյութերի նախապատրաստման արդյունքում եկավ այն եզրակացության, որ մասնավորապես Սերժ Սարգսյանի հայտարարություններում հանցակազմ չկա, այսինքն՝ չկա գաղտնիքի բացահայտում։

Զուգահեռաբար՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից հայտնել էին, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես նշեցինք, իրավապահները հանցակազմ չեն տեսել, ուստի քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ գաղտնիքի բացահայտում չէ։ 

Ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, որոնցում Ռազմական ոստիկանությունը հանցակազմ չի տեսնում, իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, դրանք ճի՞շտ են, թե՞ ոչ։

Պաշտպանության նախարարությունից դարձյալ մերժել են տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում են արել հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։

Այն, որ ՊՆ-ն տեղեկություն չի տալիս ԶՈՒ զարգացման պլանի փոփոխության վերաբերյալ ՀՀ նախկին ու ներկա ղեկավարների հայտարարույթունների իսկության մասին, անպատասխան է թողնում հարցը՝ ի վերջո նրանցից ով է ճիշտն ասում։ Թյուրիմացության մեջ է պահում նաեւ այն հանգամանքը, որ ՊՆ-ն համարում է, որ այդ հայտարարությունները կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները գաղտնիք են պարունակում, իսկ Ռազմական ոստիկանությունը պնդում է՝ նախկին ու ներկա պաշտոնյաների հայտարարություններում հանցակազմ չկա։ Սա առնվազն նշանակում է, որ կամ նրանք սխալ տեղեկություն են տալիս, դրա համար ՌՈ-ն չի համարում, որ այդ հայտարարություններում կա գաղտնիքի տարր, կամ նրանցից որեւէ մեկը ճիշտ տեղեկություն է տալիս, եւ որպեսզի դրա մասին պաշտոնապես չհայտարարվի, ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով առհասարակ մերժում է տեղեկություն տրամադրել։ Այդուհանդերձ, նրանցից մեկի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել