Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում
09:31 - 07 հուլիսի, 2021

Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում

Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիա է, որը հանգեցրել է նրան, որ ունենք 2 վիրավոր։ Մեր կարծիքով նաեւ որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է նաեւ, որ ազդած լինել։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության Հարցազրույցի տաղավարում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում։

«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու որոշակի հիմքեր են տալիս»,– ասաց նա։

«Սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը կանխելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում»,– հավելեց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում։

«Սա սահմանային միջադեպ չէ, սահմանային միջադեպը չի կարող տեւել մի քանի ամիս։ Պարոն Զասը նշել է, որ զոհ չի եղել, բայց զոհ եղել է․ միջադեպի արդյունքում մենք զոհ ենք ունեցել։ Կարծում եմ, որ ինֆորմացիայի խնդիր կա․ նաեւ այս հարցն ենք քննարկել։ Ես հուսով եմ, որ ինֆորմացիայի պակասի հարցը կլուծվի»,-նշել է նա։

 ԱԽ քարտուղարը նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։

Հարցին՝ կա օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարց, Գրիգորյանը նշեց․ «Սահմանային վեճերը լուծելու ուղղությամբ մենք օգտագործելու ենք բոլոր գործիքակազմերը։ Մեր օրակարգում շարունակում են բաց լինել բոլոր հնարավորությունները։ Եթե ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ քննարկումները չտան արդյունք, մենք կփնտրենք այլ լուծումներ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցի օրակարգին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ օրակարգում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել