Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2000-2020 թվականներին. ամփոփ տվյալներ
18:05 - 12 հուլիսի, 2021

Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2000-2020 թվականներին. ամփոփ տվյալներ

Հեղափոխությունից հետո շատ է խոսվել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մասին։ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ իրենց կառավարությունն արտաքին ներդրումների մասով իրականացնում է բաց դռների քաղաքականություն և որ երաշխավորում է սեփականության լիարժեք պաշտպանությունը։ Բացի սրանից Նիկոլ Փաշինյանը շատ է խոսել Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու մասին։ Թեև այս կառավարությունն առաջնահերթ խնդիրների շարքում դասում էր օտարերկրյա ներդրողների համար երկիրն ավելի գրավիչ դարձնելը և երկիր ներդրումներ բերելը, այնուամենայնիվ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներն այլ բանի մասին են խոսում։ 

Infocom-ն ուսումնասիրել է 2000-ից 2020 թվականն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների տարեկան ցուցանիշները։ Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի ամենամյա հրապարակվող տվյալներում լինում են որոշակի անճշտություններ, որոնք հետագայում ենթակա են ճշգրտմամբ։ Քանի որ ամեն տարի հրապարակվող տվյալների հետ հրապարակվում են նաև նախորդ տարվա ճշգրտված ցուցանիշները, ուստի համեմատությունն անելիս կառաջնորդվենք ամեն հաջորդ տարվա տվյալների հետ միաժամանակ հրապարակված նախորդ տարվա ճշգրտված տվյալներով։ Օրինակ՝ 2000 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների օտարերկրյա ուղղակի ներդրումները դիտարկելիս տվյալները վերցրել ենք 2001 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների հրապարակված վիճակագրական տվյալներից։

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենամյա տվյալների՝ 2000 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 120 մլն 60 հազար 100 դոլար, 2001 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 75 մլն 859 հազար դոլար։ Այսինքն՝ 2001 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումները 2000 թվականի համեմատությամբ պակաս են եղել 44 մլն 201 հազար 100 դոլարով, որն էլ հենց բացարձակ փոփոխությունն է։

2002-2008 թվականներին ունեցել ենք օտարերկրյա ուղղակի ներդրումների դրական ցուցանիշ։ 2002 թվականին բացարձակ փոփոխությունը կազմել է 65 մլն 105 հազար դոլար, 2003-ին բացարձակ փոփոխությունը եղել է 16 մլն 236 հազար դոլար։ 2004 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների բացարձակ ցուցանիշը եղել է 78 մլն դոլար։ 2005 թվականին բացարձակ ցուցանիշը եղել է 52,2 մլն դոլար, 2006-ին՝ 180 մլն դոլար, 2007-ին՝ 202,4 մլն դոլար, իսկ 2008-ին բացարձակ ցուցանիշը կազմել է 462,6 մլն դոլար։

Արդեն 2009 և 2010 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների բացարձակ փոփոխությունը դարձյալ եղել է բացասական։ 2009 թվականին ուղղակի ներդրումների ցուցանիշը եղել է մինուս 226,2 մլն դոլար, իսկ 2010 թվականին ցուցանիշը եղել է մինուս 199,3 մլն դոլար։ Այս տարիները համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարիներ էին, և բացասական ցուցանիշը կարող է պայմանավորված լինել հենց այս փաստով։

2011 թվականին, ի տարբերություն 2009 և 2010 թվականների, գրանցվել է ուղղակի ներդրումների դրական ցուցանիշ․ այն կազմել է 199,4 մլն դոլար։

2012 և 2013 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների բացարձակ փոփոխությունը նորից եղել են բացասական։ 2012-ին այն կազմել է մինուս 181,12 մլն դոլար, իսկ 2013-ին՝ մինուս 354,98 մլն դոլար։

2014 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները դրական աճ են գրանցել․ բացարձակ փոփոխությունը կազմել է 34,1 մլն դոլար։

2015 թվականին դարձյալ ցուցանիշը բացասական է եղել։ Գրանցվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների մինուս 225,8 մլն դոլար բացարձակ փոփոխություն։

2016 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների բացարձակ փոփոխությունը եղել է 159,6 մլն դոլար։

2017-ին ցուցանիշը դարձյալ բացասական էր․ բացարձակ փոփոխությունը կազմել է մինուս 88,3 մլն դոլար։

2018-ին ցուցանիշը եղել է դրական, իսկ 2019-ին բացարձակ փոփոխություն չի գրանցվել։ 2018-ին այն կազմել է 4,3 մլն դոլար, իսկ 2019-ին ցուցանիշը եղել է 0։

2020 թվականին գրանցվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական ցուցանիշ․ բացարձակ փոփոխությունը կազմել է մինուս 136,8 մլն դոլար։ Սակայն 2020 թվականին գրանցվել է 7 մլրդ 109 մլն 500 հազար դրամ բացասական հաշվեմնացորդ, այսինքն, օտարերկրյա ուղղակի ներդրումները 2020 թվականին ավելի շատ դուրս են գնացել, քան եկել։ 

Այսպիսով, ինչպես տեսանք Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներից, օտարերկրյա ուղղակի ներդրումներից բացարձակ փոփոխությունների բացասական ցուցանիշ գրանցվել է 2001, 2009, 2010, 2012, 2013, 2015, 2017 և 2020 թվականներին։ Ընդ որում՝ օրինակ 2009, 2010, 2012, 2013 և 2015 թվականներին գրանցված բացասական ցուցանիշը եղել է ավելի մեծ, քան 2020-ինը, սակայն 2020-ին գրանցվել է շուրջ 7,1 մլրդ դրամի բացառիկ բացասական հաշվեմնացորդ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել