Աշնանը Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ
18:40 - 17 հուլիսի,2021

Աշնանը Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

2021 թ․ դրությամբ բազմաթիվ համայնքերում արդեն լրացել են (կամ աշնանը լրանում են) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները, ուստի այդ համայնքներում առաջիկայում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2020 թ․ սեպտեմբերի 23-ի որոշմամբ՝ 2021-ին ՏԻՄ ընտրությունների օրեր են սահմանվել մարտի 14-ը, սեպտեմերի 26-ը և հոկտեմբերի 17-ը։

Մարտին ընտրություններ տեղի չունեցան՝ կորոնավիրուսային և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված։

ՏԿԵՆ-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին ՏԻՄ-երի հերթական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա 440 համայնքում։ Այս տարվա հուլիսի 7-ի դրությամբ՝ ՏԻՄ-երի արտահերթ ընտրություններ անցակցնելու անհրաժեշտություն կա մոտ 20 համայնքում (այդ թիվը կարող է փոփոխվել)։

2020-ի ամռանը փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում, համաձայն որոնց՝ բազմաբնակավայր (խոշորացված) և 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ձևավորվելու են կուսակցական ցուցակներ, ընտրվելու է ավագանի, իսկ ավագանու կազմից՝ համայնքապետ։

«Համայնքների միավորման գործընթացով պայմանավորված՝ այս պահին հնարավոր չէ ստույգ հաշվարկել, թե որ համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Դա հնարավոր կլինի հաշվարկել համայքներն օրենքով միավորելուց հետո, երբ հայտնի կլինի միավորված համայնքների ընտրողների թվաքանակը։ Այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը կգերազանցի 4000-ը, ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում։

2020-ի օրենսդրական փոփոխություններով արդեն ձևավորվել են Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքները, որտեղ ՏԻՄ ընտրություններ դեռ չեն անցկավել և նոր են անցկացվելու։ 

Եվս 186 համայնք նախատեսվում է միավորել՝ ձևավորելով 11 խոշորացված համայնք․ ՏԿԵՆ-ը  շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը, սակայն, խորհրդարանում դեռ չի քննարկվել։

Խոշորացման ծրագրում ներառված համայնքներից շատերում լրանում են ՏԻՄ լիազորությունների ժամկետները: ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ այդ համայնքներում  ընտրություններ կանցկացվեն համայնքներն օրենքով միավորելուց հետո՝ միավորված կազմով։ Փաստորեն, խոշորացվելիք համայնքներում, որտեղ լրանում են ՏԻՄ լիազորությունների ժամկետները, մինչև խոշորացումը ընտրություններ չեն լինի։

Կան նաև այնպիսի համայնքներ, որտեղ չեն լրանում ՏԻՄ լիազորությունների ժամկետները, բայց այդ համայնքներն առաջիկայում խոշորացվելու են։ Այս տարվա հունվարին ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ խոշորացվելիք այն համայնքներում, որտեղ չեն լրացել ՏԻՄ լիազորությունները ժամկետները, կարող են համայնքապետերի կամ ավագանու անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցումներ լինել։ 

Որոշ համայնքներում, որտեղ լրացել է միայն ավագանու կամ միայն համայնքապետի լիազորությունների ժամկետը, ՏԻՄ ընտրություններն այսուհետ անցկացվելու են համամասնական ընտրակարգով, քանի որ այդ համայնքները խոշորացված են կամ ունեն 4000-ից ավելի բնակիչ։

ՏԿԵՆ-ից նշել են, որ այդպիսի դեպքերում, եթե լրանում է (կամ վաղաժամ դադարում/դադարեցվում է) մեծամասնական ընտրակարգով ընտրված ավագանու լիազորությունների ժամկետը, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո համամասնական ընտրակարգով ընտրված ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավարի։

Իսկ այն դեպքերում, երբ լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, ապա համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մինչև ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը։

«Այդ համայնքների ղեկավարների լիազորությունները լրանալուց հետո՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը, կնշանակվեն համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ։ Ավագանու լիազորությունները շարունակելու վերաբերյալ օրենքով որևէ կարգավորում նախատեսված չէ։ Ընտրություններ կանցկացվեն մեկ անգամ համայնքներն օրենքով միավորելուց հետո»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում։

Infocom-ի հաշվարկներով, բացի այն համայնքներից, որոնք ներառված են խոշորացման ծրագրում, ՏԻՄ լիազորությունների ժամկետները լրանում են 239 համայնքում։ Այս համայնքներից 159-ում լրանում են  և՛ ավագանու, և՛ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետները։ 61 համայնքում լրանում են միայն ավագանու կամ միայն համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետները։ Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ այս 61 համայնքներն ունեն 4000-ից պակաս բնակիչ, հետևաբար՝ այստեղ ավագանու կամ համայնքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Պետք է հաշվի առնել, որ Վիճակագրական կոմիտեն համայնքների բնակիչների թվերի վերաբերյալ մոտավոր տվյալներ է ներկայացնում, հետևաբար բնակիչների թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալները կարող ենք իմանալ ընտրողների ցուցակներից։

Մնացած 19 համայնքներում լրացել է միայն ավագանու կամ միայն համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, բայց քանի որ այս համայնքները կա՛մ խոշորացված են, կա՛մ ունեն 4000-ից ավելի բնակիչ (ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած մոտավոր տվյալների), այդ համայնքներից ընտրություններ կանցկացվեն միայն այնտեղ, որտեղ լրացել է ավագանու լիազորությունների ժամկետը, ինչպես պարզաբանել է ՏԿԵՆ-ը։ 

Դեռ պարզ չէ, թե օրենսդիրը երբ կքննարկի վարչատարածքային փոփոխությունների նախագիծը, հետևաբար չենք կարող հստակ նշել՝ կձևավորվի խոշորացված համայնքների 11 փո՞ւնջ, ինչպես նշված է ՏԿԵՆ-ի նախագծում, թե՞ այս թիվը կփոխվի։ Հստակ չէ նաև այն, թե ձևավորվելիք խոշորացված համայնքներում երբ կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել