Հայաստանում կստեղծվի առաջին գեոպարկը
22:12 - 23 հուլիսի, 2021

Հայաստանում կստեղծվի առաջին գեոպարկը

Այս տարվա փետրվարի 18-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր ՀՀ-ում գեոպարկ ստեղծելու մասին, որի նախաձեռնողը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան է։ Ի՞նչ հնարավորություններ կտա Հայաստանին գեոպարկի ստեղծումը և ի՞նչ փուլում է գտնվում այս նախագիծը։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանն ասում է, որ գեոպարկի միջոցով հանրությունը հնարավորություն է ունենում ծանոթանալ կարևոր երկրաբանական օբյեկտների հետ։ «Գեոպարկը որոշակի տարածք է՝ ամբողջապես թափանցելի սահմաններով, որտեղ ընտրվում են երկրաբանական օբյեկտներ, որոնք ունեն գիտական, գեղագիտական արժեք և հազվագյուտ են․ այդ օբյեկտները խմբավորվում են երկրատեղանքներում»։

Արա Ավագյանի խոսքով՝ անկենդան բնությունը շատ հետաքրքիր տեղեկություններ է փոխանցում երկրագնդի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում երկրաբանության զարգացման վերաբերյալ․ «Եթե, օրինակ, գրավոր պատմությունը մի քանի հազար տարվա է, երկրաբանական պատմությունը արդեն հարյուրավոր միլիոն, եթե չասենք միլիարդավոր տարիների է։ Մեզ շրջապատող անկենդան բնությունը՝ քարերը, լեռները, գետերը, բնաշխարհի հորինվածքը շատ հետաքրքիր տեղեկություններ են պարունակում, և մենք, վերլուծելով ներկան, կարողանում ենք տեսնել անցյալի գործընթացները»։ 

Երկրաբանական գիտությունների դոկտորն ասում է, որ Հայաստանում գեոպարկի հիմնումը ունի մի քանի բաղադրիչ․ «Նախ՝ կա գիտական հատված։ Ընտրված օբյեկտներում կշարունակենք գիտական հետազոտությունները, ընդ որում՝ գեոպարկը մասնակիորեն կարող է «ֆինանսավորել» այդ ուսումնասիրությունները։ Կա ճանաչողական, ուսուցողական հատված։ Կարող ենք երիտասարդներին, դպրոցականներին տանել ու ցույց տալ իրենց հարևանությամբ գտնվող երկրաբանական օբյեկտները՝ ներկայացնելով դրանց պատմությունը և նշանակությունը։ Մյուս հանգամանքը բնապահպանական է․ մեր բնակչության, հատկապես երիտասարդների մոտ զարգացնել բնապահպանության կարևորության գիտակցումը, որովհետև սա ահագնացող խնդիր է, և բնությունը, անշուշտ, անպատիժ չի թողնելու մեր վարքագիծը։ Մյուս կարևոր հանգամանքը տնտեսական բաղադրիչն է։ Ենթադրենք՝ տուրիստը գնում է այդ երկրաբանական օբյեկտները դիտելու, նա օգտվելու է շրջակայքում գտնվող ճանապարհներից, հյուրանոցային, ռեստորանային համակարգից, կարող է գնել գյուղացիների արտադրանքը, սննդամթերքը և արհեստագործական իրերը։ Տուրիստը ոչ միայն կգա Հայաստանի ճարտարապետական հուշարձանները դիտելու, այլև բնաշխարհի հետաքրքիր օբյեկտները դիտելու»,- ասում է նա՝ հավելելով, որ զարգացած երկրները կա՛մ ունեն գեոպարկ, կա՛մ մտածում են գեոպարկեր ստեղծելու ուղղությամբ։

Արա Ավագյանն ասում է՝ որոշ հանգամանքներից ելնելով՝ առաջարկել են, որ գեոպարկը ընդգրկի 4 մարզերի՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի և Արարատի որոշ հատվածները․ «Աշխատանքի ընթացքում տեսանք, որ, եթե, օրինակ, Արարատի մարզի հարակից տարածքից ներգրավում ենք փոքր հատված, առնվազն երկու երկրատեղանք ենք կարողանում ընդգրկել գեոպարկի մեջ, որոնք կունենան միջազգային նշանակություն։ Նույնը վերաբերում է Կոտայքի մարզին։ Սա շատ կարևոր է։ Մի հանգամանք էլ նշեմ։ Գեոպարկերը նաև ունենում են մասնագիտացումներ, դա ավելի քիչ տարածված է, բայց շատ ավելի քիչ տարածված են գեոպարկերը, որոնք վերաբերում են երկրաբանական վտանգներին։ Պետք է հստակ պատկերացնել, որ ՀՀ տարածքը գտնվում է երկրադինամիկորեն շատ ակտիվ տարածաշրջանում, և երկրաբանական միջավայրում գործում են ուժեր, որոնք կարող են հանգեցնել վտանգ պարունակող երկրաբանական երևույթների, օրինակ՝ հրաբխականության, երկրաշարժերի, սողանքների, փլուզումների և այլնի։ Այս տեսանկյունից, ցավոք սրտի, Հայաստանը «հարուստ է», և այս պատճառով մեզ մոտ գաղափար ծնվեց, և մենք սկսեցինք աշխատել, որ մեր գեոպարկը մասնագիտացված լինի երկարաբանական վտանգներով»։

Արա Ավագյանը հավելում է, որ այս սկզբունքով էլ ընտրվել են տարածքները․ «Մենք նախ ծանոթացել ենք տվյալ մարզերի բնական անկենդան հուշարձանների գոյություն ունեցող ցանկերի հետ, և ընտրել ենք այն մարզերի տարածքները, որտեղ վտանգավոր երկրաբանական պրոցեսների արդյունքում առկա են հազվագյուտ երկրաբանական օբյեկտներ։ Կարևոր էր նաև ընտրել այնպիսի մարզեր, որտեղ տնտեսության խթանման ավելի մեծ անհրաժեշտություն կա։ Այդ առումով, օրինակ, Գեղարքունիքի հարավային շրջանները և Վայոց Ձորի հյուսիսային հատվածները դրա կարիքն ունեն»։

Նա պատմում է, որ սկզբնական շրջանում 40-ից ավելի երկրատեղանքներ էին ընտրել, բայց աշխատանքների արդյունքում ընտրել են 29․ «Հիմա արդեն աշխատում ենք այդ երկրատեղանքների տեղեկատվական բազայի ստեղծման վրա։ Միջազգային փորձից ելնելով՝ մշակել ենք անձնագրավորման մեր մոդելը և դրա համաձայն կատարում ենք տեղեկության հավաքագրում՝ յուրաքանչյուր երկրատեղանքի համար։ Հուսով եմ, որ նոր կառավարությունը կհարգի գոյություն ունեցող պայմանավորվածությունները, և ծրագրի ավարտին կկարողանանք կառավարության օգնությամբ իրավական բոլոր հարցերը կարգավորելուց հետո, հայտարարել Ազգային առաջին գեոպարկի բացման մասին, դրանից հետո կգնա մյուս էտապը՝ փորձելով Ազգային գեոպարկը դարձնել UNESCO-ի գեոպարկ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գեոպարկը կենդանի օրգանիզմ է, հետևաբար դրա համար նախատեսված տարածքը, երկրատեղանքները կարող են փոփոխության ենթարկվել, կարող են հետագայում ստեղծվել այլ գեոպարկեր»։ 

Արա Ավագյանն ասում է նաև, որ ստեղծվելիք գեոպարկը կարող է ունենալ տարածաշրջանային և միջազգային նշանակություն․ «Տառացիորեն 2 օր առաջ ես ճանապարհեցի ֆրանսիացի համբավավոր գիտնական Մարկ Սոսսոնին, որը կառուցվածքային երկարաբանության մասնագետ է։ Ինքը, երբ սկսում է խոսել ինչ-որ կարևոր զեկույց աշխարհում տեսած կարևոր օբյեկտների մասին, բերում է Ջրովանքի (Վայոց Ձորի մարզ) օրինակը, որը երկրաբանական անկյունային աններդաշնակության բացառիկ օրինակ է։ Այն վկայում է երկրակեղևի բուռն զարգացման մի ժամանակաշրջանի մասին։ Դա բացառիկ օբյեկտ է, և, իր կարծիքով՝ եթե աշխարհում լավագույնը չէ, ապա լավագույն տասնյակի մեջ է։ Բացի դրանից՝ ունենք մի շարք այլ հետաքրքիր օբյեկտներ, որոնք նույնպես ունենալու են միջազգային արժեք, որոնց հետ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ»։

Երկրաբանական գիտությունների դոկտորը պատմում է, որ Հայաստանում գեոպարկի  գաղափարը նոր չէ, գործնական քայլեր սկսեցին անել 2014-2015 թթ․-ից, բայց քաղաքական փոփոխությունները և այլ հանգամանքները հետագայում խանգարել են դրա ստեղծմանը։ «Այն ժամանակ տարածաշրջանում չկար գեոպարկ, նույնիսկ Ռուսաստանում չկար։ Մենք, ցավոք սրտի, հետ ընկանք։ Հիմա մեր շատ հարևաններ հիմնել են գեոպարկեր»։

Նրա խոսքով՝ գեոպարկը ստեղծվում է ՀՀ Գիտության կոմիտեի հատկացրած նպատակային ֆինանսավորմամբ։ 

Ավագյանը տեղեկացնում է, որ ստեղծվելիք գեոպարկը ընդգրկելու է մոտ 4573կմ2 տարածք, որը համապատասխանում է ՀՀ տարածքի 15.3% -ին:

Մեր զրուցակցի խոսքով՝ այլևս դանդաղելու իրավունք չունեն։ «Ցանկացած հասարակության զարգացվածության կարևորագույն չափանիշ է բնության նկատմամբ վերաբերմունքի մակարդակը: Գեոպարկի առկայությունը ՀՀ-ում այդ առումով կարևոր ցուցանիշ է և ունի բնապահպանական դաստիարակության մակարդակի բարձրացման միտում»։

Նա լիահույս է, որ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտնականների խմբի աշխատանքը ըստ արժանվույն կգնահատվի և ՀՀ կառավարության օժանդակությամբ Ազգային գեոպարկը կստեղծվի այս տարվա ավարտին:

 

Գեոպարկը ներառող Նորատուս հրաբուխը Սևանա լճի ափին, որի խառնարանի ամբողջ պարագծով ամրոցի պարիսպներ են

Գլխավոր լուսանկարում՝ Նորատուսի հաստվածքը, ուր առկա են հրաբխային ժայթքման մասին վկայող երիտասարդ շերտեր

 

 

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել