Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն. Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը
11:41 - 29 հուլիսի, 2021

Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն. Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը

Ի հեճուկս ՀՀ Կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում։ Այս մասին Կառավարության հերթական նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա անդրադարձը սահմանային իրավիճակին՝ ստորև․

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները։ Որպես այդպիսին ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ, ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո։

Ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ 8-րդ Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների։

Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածվալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է։

Տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այդ ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն, զորօրինակ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան, մաքսային սահմանային և այլ տեսակի հսկողություններով։

Լինելով ՀԱՊԿ անդամ, ով սույն թվականի սեպտմեբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, ՀՀ-ն հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը և ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի Զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն։ Միևնույն  ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված Է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելությունը իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ կարող են լինել միջաազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ, իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել