Մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը․ Անահիտ Ավանեսյան
13:26 - 29 հուլիսի, 2021

Մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պատվաստումների մակարդակը Հայաստանում գոհացուցիչ չէ։ «Բայց մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը, և լիահույս եմ, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակները ստանալով՝ այս տեմպը շարունաբար կաճի»։

Խոսելով սկզբնական շրջանում պատվաստումների ցածր մակարդակից, Ավանեսյանն ասաց․ «Այն, որ պատվաստումներ տեմպը բավականին արագանում է, և շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ օրեկան դիմում են պատվաստաման,  ցույց է տալիս, որ պատվաստումների նկատմամբ վստահությունը և ինֆորմացիան, հանրային արշավները, տեղեկատվական միջոցառումները իրենց դրական արձագանքը արդեն իսկ ստանում են։ Գործողությունները լինելու են շարունակական և մեր քաղաքացիները, վստահ եմ, շատ ավելի մեծ պատրաստակամությամբ են դիմելու պատվաստման համար»։

Նրա խոսքով՝ պատվաստումների հետ կապված մտավախությունները, ինֆորմացիայի բացակայությունը կամ ապատեղեկատվությունը միայն Հայաստանին բնորոշ երևույթներ չեն եղել․ «Բոլոր երկրներն էլ դրա հետ առնչվում են, մի շարք երկրներում շատ ավելի խորը, քան Հայաստանում»։

Ավանեսյանը հավելեց, որ այս պահի դրությամբ իրականացվել է 163.000 պատվաստում․ «Լավ ցուցանիշներ ցույց տվող մարզեր կան, օրինակ՝ Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել