Ռուս զինվորականները Ոսկեպարում են․ ՊՆ-ն եւ ՏԻՄ-ը խուսափում են մեկնաբանել
17:02 - 05 օգոստոսի, 2021

Ռուս զինվորականները Ոսկեպարում են․ ՊՆ-ն եւ ՏԻՄ-ը խուսափում են մեկնաբանել

Թարմացում․ Ժամը 16:30-ի սահմաններում Infocom-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը մեր հարցերին ի պատասխան՝ ասաց․

«Վարչապետը կառավարության նիստի ժամանակ այդ միտքը արտահատել է, ես այդքանը գիտեմ։ Ես սահմանափակ տեղեկատվության եմ տիրապետում, կոնկրետ չգիտեմ ոչ քանակ, ոչ տեղակայման վայր»։

Ճշտող հարցին՝ ի՞նչ տեղակայման մասին է խոսքը, Ղալումյանը պատասխանեց․ «Մոնիտորինգ իրականացնելու նպատակով են, մարդիկ պետք է մնալու տեղ ունենան։ Այդքանը կարամ ասեմ։ Այլ տեղեկություններ չունեմ, դիմեցեք ՊՆ»։ 

Թարմացում․ ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։

Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել է՝ «իրավունք ունեն»։ Ճշտող հարցին, թե ինչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չի պատասխանել և հեռախոսն անջատել է։

Սույն թվականի օգոստոսի 3-ին համացանցում տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ ռուս զինվորականները տեղակայվել են Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում։ Նույն օրը պաշտոնական աղբյուրներից եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից այս տեղեկության իսկությունը ճշտել չստացվեց։ Մասնավորապես, օգոստոսի 3-ին Infocom-ը կապ հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանի հետ, որի խոսքով՝ համայնքապետարանը նման տեղեկություն չունի, իրենց այդ հարցով չեն դիմել։ 

Իսկ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը որեւէ կերպ չէր մեկնաբանել շրջանառվող լուրերը՝ առաջարկելով դիմել գրավոր։

Նույնաբովանդակ տեղեկություններ տարածվում են այսօր․ լուրերը հաստատեցին նաեւ Infocom-ի մի քանի աղբյուրներ, ուստի փորձեցինք մեկնաբանություն ստանալ իրավասու մարմիններից։ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ համայնքանպետարանում այդպիսի տեղեկություն չունեն։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները՝ Infocom-ի հարցերին ի պատասխան՝ ուղղորդելով պաշտպանական գերատեսչություն։

Սակայն ՊՆ եւ ԳՇ խոսնակներին կատարած մեր զանգերն այսօր անպատասխան մնացին, իսկ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը նորից առաջարկեց հարցերն ուղղել գրավոր։ Սա այն պարագայում, երբ վերջին շրջանում ՊՆ ուղարկած մեր՝ տասնյակի հասնող հարցումները որեւէ պատասխան չեն ստացել՝ չնայած անցել է դրանց պատասխանի համար օրենքով սահմանված ժամկետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել