Լուսանկարը՝ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից, Գեղարքունիքի մարզ
Այս տարվա մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է։ Այդ օրն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներթափանցել ու հաստատվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններից ներս։ Մինչ օրս պաշտոնյաներն ու պատասխանատու անձինք տարբեր տվյալներ են ներկայացրել այն մասին, թե ադրբեջանցի քանի զինծառայող կա ՀՀ տարածքում, եւ թե որ հատվածներում են նրանք տեղակայված։ Հանրային վրդովմունքն ու լարվածությունը փոքր ինչ թոթափելու համար որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ժամանակ առաջ նաեւ մեկնել էին Սյունիքի մարզ՝ լուսանկարներ հրապարակելով Սեւ լճի տարածքից, որի շրջակայքում, ըստ տարբեր տեղեկությունների, տեղակայված են հակառակորդի զինծառայողները։
Մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նախ 250, ապա որոշ ժամանակ անց՝ մոտ 600 զինծառայողների մասին։ Հունիսի 22-ին արդեն ՀՀ ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը տեղեկություն էր հայտնել, որ ՀՀ տարածքում այդ պահի դրությամբ շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող կա։ Դրանից հետո այլ թվերի մասին չի խոսվել։ Պարբերաբար հաղորդագրություններ են տարածվել ադրբեջանական զինծառայողների սադրիչ գործողությունների, փոխհրաձգությունների, կրակահերթերի մասին, որոնք արձակվել են Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանային բնակավայրերի ուղղությամբ, սակայն չի նշվել, թե հակառակորդի՝ հատկապես որ հատվածներում տեղակայված ուժերն են խախտել հրադադարի պայմանավորվածությունը։ Վերջինն, ի դեպ, ձեռք է բերվել ռուսական կողմի միջնորդությամբ, իսկ այս ընթացքում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայվել Սյունիքի մարզի՝ հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իսկ հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ մարզում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է, սակայն այս պահի դրությամբ նրանց տեղակայման մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Պաշտոնական ստույգ տեղեկություն չկա նաեւ հակառակորդի զինծառայողների գտնվելու կոնկրետ վայրերի եւ նրանց թվի մասին։ Ուստի հուլիսի 22-ից մինչ օրս գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 11) ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցի քանի՞ զինծառայող կա, ապա թե մասնավորապես ո՞ր տարածքներում է տեղակայված ադրբեջանական զորքը, ամեն հատվածում մոտ քանի՞ զինծառայող կա, մինչեւ ո՞ր հատվածներ են խորացել ադրբեջանցի զինծառայողները, կոնկրետ օրվա դրությամբ որքա՞ն է կազմում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման առավելագույն խորությունը՝ կիլոմետրով եւ ըստ տարածքների։
Պաշտպանության նախարարությունից, սակայն, մինչ օրս տեղեկություն չենք ստացել։ Ավելին, մի շարք օրերի ուղարկված հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետն անցել է, սակայն որեւէ պատասխան չի եղել։ Անցած 20 օրվա համար ուղարկած մեր հարցումներից երեքին նախարարությունից եկել է պատասխան նամակ, ըստ որի՝ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, այսինքն՝ 30 օրվա ընթացքում։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Թե ինչ լրացուցիչ աշխատանք պետք է կատարեն նախարարության աշխատակիցները, որպեսզի պատասխանեն, թե, օրինակ, 2021 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ հակառակորդի զինծառայողները ՀՀ որ մարզի որ տարածքում են, անհասկանալի է։
Խնդրահարույց է նաեւ հանգամանքը, որ ՊՆ-ն լրացուցիչ ժամանակ է խնդրել ոչ թե բոլոր օրերին ուղարկված նույնաբովանդակ հարցումներին պատասխանելու համար, այլ միայն օգոստոսի 2-ի, 5-ի եւ եւս մեկ օրվա գրություններին պատասխանելու համար։ ՊՆ-ից, սակայն, չեն նշել, թե որն է այդ երրորդ օրը, որի համար եւս լրացուցիչ ուսումնասիության կարիք կա։ Ի դեպ՝ պատասխան նամակով խնդրել էինք հստակեցնել՝ որ օրվա հարցման մասին է խոսքը, սակայն արձագանք այդպես էլ չենք ստացել։ Ընդ որում, հարկ է նշել, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին պարբերական զանգերի միջոցով փորձում ենք հասկանալ, թե, ի վերջո, երբ կստանանք գրավոր հարցումների պատասխանները, սակայն մշտապես ստանում ենք անհստակ պատասխան՝ «կփոխանցենք համապատասխան մարմիններին», «զբաղվածության պատճառով պատասխաններն ուշանում են», «ձեր գրությունն ուղարկվել է ՊՆ քարտուղարություն» բովանդակություններով, կամ զանգերն ուղղակի մնում են անպատասխան։
Պաշտպանության նախարարության այս գործելաոճից եզրակացնել կարելի է, որ համապատասխան մարմինները կա՛մ չեն տիրապետում հակառակորդի զինծառայողների տեղակայման վայրերի ու նրանց թվի մասին տեղեկությանը, դրա համար հավելյալ ուսումնասիրության ժամանակ են խնդրում, կամ անհասկանալի պատճառով փորձում են հնարավորինս հետաձգել տեղեկության տրամադրումը։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)