Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ
18:10 - 24 օգոստոսի, 2021

Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ

Օրեր առաջ նորընտիր Ազգային ժողովում քննարկվում էր Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու վերաբերյալ օրենքի փոփոխության նախագիծը, համաձայն որի՝ կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատված 170 մլն խորանարդ մետր ջրառի թույլատրելի սահմանը փոփոխվեց՝ դառնալով 245 մլն խորանարդ մետր։ 

Կառավարությունը հավելյալ ջրառի անհրաժեշտությունը հիմնավորում է սակավ տեղումներից և շոգ եղանակից առաջացած ջրի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությամբ։ Օրենքում փոփոխություն կատարելու սույն նախագիծը թեև թեժ քննարկումներով, սակայն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ձայների 57 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Քանի որ նոր ձևավորված Ազգային ժողովի 3 խմբակցություններում ՀՀ նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչներն են և այս հարցի քննարկման ժամանակ համեմատականներ անցկացվեցին նախկին և ներկա կառավարող ուժերի միջև, թե ով ինչպես է կարողացել վերահսկել Սևանա լճից ջրառի իրականացումը և լճի մակարդակի բարձրության պահպանումը, որոշեցինք ուսումնասիրել 20 տարվա կտրվածքով Սևանա լճի բարձրության մակարդակը, ինչպես նաև լճից ջրառի չափերը։

Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է տվյալ տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններով, այսինքն՝ գետերով ներհոսքներից, տեղումներից և գոլորշիացումներից։

Սևանա լճից ջրառի չափաքանակը 2002-2021 թվականներին

2002 թվականին (նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան) Սևանից իրականացվել է 99,6 մլն խորանարդ մետր ջրառ, 2003 թվականին՝ 118,31 մլն խորանարդ մետր, 2003-ին՝ 118,31 մլն խորանարդ մետր, իսկ 2004-ին՝ 149,91 մլն խորանարդ մետր։

2005 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր իրականացնել 150 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 149,55 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառի կարիք չի եղել։

2006 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր 120 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն իրականացվել է նախատեսվածից ավելի՝ 152,37 մլն խորանարդ մետր։

2007 թվականին Սևանից ջրառի համար կառավարության որոշմամբ նախատեսված էր 120 մլն խորանարդ մետր, սակայն այդ տարի իրականացվեց նախատեսվածից ավելի՝ 154,56 մլն խորանարդ մետր։

2008 թվականին (նախագահ՝ Սերժ Սարգսյան) կառավարության որոշմամբ նախատեսված էր նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ՝ 315 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 303,69 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառ չի կատարվել, թեև ի սկզբանե կառավարության որոշմամբ սահմանվածը նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ էր։

2009 թվականի կառավարության որոշման համաձայն՝ նախատեսված էր 142 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 126,29 մլն խորանարդ մետր։

2010 թվականին կառավարության որոշմամբ նախատեսված 168,9 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 157,74 մլն խորանարդ մետրը։

2011 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 168,33 մլն խորանարդ մետրը։

2012 թվականին կառավարության որոշմամբ դարձյալ սահմանվել էր մյուս տարիների համեմատությամբ բավականին բարձր ցուցանիշ, ինչպես 2008 թվականի դեպքում էր։ Նախատեսված 319,2 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 317,65 մլն խորանարդ մետրը։

2013 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 169,95 մլն խորանարդ մետրը։

2014 թվականի որոշմամբ նախատեսված էր 270 մլն խորանարդ մետրի ջրառ, որից իրականացվել է 269,62 մլն խորանարդ մետրը։

Համաձայն Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի՝ 2008, 2012, 2013 և 2014 թվականները համարվել են սակավաջուր տարիներ։

2015 և 2016 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ։

2017 թվականի որոշմամբ նախատեսված 270 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 266,75 մլն խորանարդ մետրը։

2018 թվականին (վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան) կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսվել էր 170 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն հետո Ազգային ժողովին ներկայացվեց և ընդունվեց 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնելու նախագիծ։ Ընդհանուր առմամբ այդ տարի Սևանից իրականացվել է 200,62 մլն խորանարդ մետր ջրառ։

2019 և 2020 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ, այսինքն՝ հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի առաջացել։

Արդեն այս տարի՝ 2021 թվականին, կառավարության որոշմամբ նախատեսված էր իրականացնել 170 մլն խորանարդ մետրի ջրառ, սակայն ինչպես վերևում նշեցինք, օրեր առաջ ընդունվեց փոփոխությունների նախագիծ, որի համաձայն՝ ջրառի թույլատրելի սահմանը դարձավ 245 մլն խորանարդ մետր։

Այսպիսով՝ վերջին 20 տարիներին ամենաշատ ջրառ իրականացվել է 2012 թվականին, ընդ որում, այդ տարում գետերով, Արփա-Սևանով ներհոսքերը և տեղումները ավելի քիչ են եղել, քան գոլորշիացումն ու իրականացված ջրառը, այսինքն՝ գրանցվել է բացասական հաշվեմնացորդ, ինչի հետևանքով էլ լճի մակարդակը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահտվածի նկատմամբ ցածր է եղել 3 սանտիմետրով։

Սևանա լճի մակարդակը 2002-2021 թվականներին

Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի համաձայն՝ Սևանա լճի մակարդակի փոփոխությունների մոնիթորինգ իրականացվում է 4 դիտակետերում։ Ըստ զեկույցի տվյալների՝ լճի մակարդակի իջեցումն սկսել է 1933 թվականից, երբ ջրառի տարեկան քանակը գերազանցել է նրա բնական հոսքին։ 1981-2001 թվականները համարվել են լճի մակարդակի պայմանական հավասարակշռության տարիներ։ 2002-ից սկսած լճի մակարդակն սկսել է բարձրանալ։ Լճի մակարդակը տարվա ընթացքում տատանվում է և ամենաբարձրը դիտվում է յուրաքանչյուր տարվա հուլիսին։ Դիտարկենք Սևանա լճի մակարդակի տատանումները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ։

Այսպես՝ 2002 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը եղել է 1896 մետր 32 սանտիմետր, 2008-ի հունվարի 1-ին՝ 1898 մետր 79 սանտիմետր, այսինքն՝ այդ տարիներին մակարդակը բարձրացել է 2 մետր 47 սանտիմետրով։ 

2018 թվականի հունվարի 1-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 39 սանտիմետր, որը 2008 թվականի համեմատությամբ բարձր է 1 մետր 60 սանտիմետրով։

2019 թվականի հունվարի մեկին լճի մակարդակը 2018 թվականի համեմատությամբ ցածր է եղել 3 սանտիմետրով, սակայն 2020-ին դարձյալ բարձրացել է, և 2021-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 52 սանտիմետր, որը 2018-ի համեմատությամբ բարձր է 10 սանտիմետրով։

Ընդհանուր առմամբ՝ վերջին 20 տարիներին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4 մետր և 20 սանտիմետրով։

Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք ներկայացված տվյալներից՝ Սևանա լճի մակարդակը վերջին 20 տարիներին շարունակաբար բարձրացել է և այս տարվա հունվարի 1-ին նախորդ տարիների համեմատությամբ եղել է ամենաբարձրը, սակայն նախատեսված հավելյալ ջրառի պարագայում հնարավոր է՝ նվազի։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել