«Էյր Արաբիան»՝ Հայաստանի երկնքում․ ակնկալիքներ, հնարավորություններ ու ռիսկեր
18:59 - 24 օգոստոսի, 2021

«Էյր Արաբիան»՝ Հայաստանի երկնքում․ ակնկալիքներ, հնարավորություններ ու ռիսկեր

«Էյր Արաբիայի» հետ Հայաստանում ստեղծվող ավիաընկերությանը որեւէ արտոնություն չի տրվելու, այն գործելու է հավասար պայմաններում տեղական այլ ընկերությունների հետ։ Այս մասին Infocom-ին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ նոր ընկերությունը չի ունենալու պետական հովանավորություն կամ պետական դոտացիա, բաժնետոմսերը գրեթե հավասար են․ «Այս հարցում առաջնորդող է եղել գործընկերային տեսանկյունից արդարացված այն սկզբունքը, որ այն գործընկերը՝ տվյալ դեպքում՝ «Էյր Արաբիան», որն ունի ծրագրի ամբողջական կառավարման ու իրականացման կարողություն եւ փորձ, պետք է ունենա գործառնական որոշակի լծակներ, օրինակ՝ նշանակել ընկերության ղեկավար կազմ՝ նաեւ հայկական կողմի համաձայնությամբ»: 

Այս տարվա հուլիսի 14-ին «Էյր Արաբիա» ավիաընկերությունն ու «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF) ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին

Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղեւորափոխադրող ավիաընկերություն, եւ որի բազան կհանդիսանա Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նոր ավիաընկերությունը կաշխատի «Էյր Արաբիայի» կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել էր, որ նոր ազգային բյուջետային ավիափոխադրողի հիմնումը զգալի արժեք կստեղծի տնտեսության համար եւ էլ ավելի կակտիվացնի երկրում զբոսաշրջությունը:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը, որն այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար էր, հանդիպել էր «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին՝ հայտարարելով, որ ՀՀ կառավարությունն իր գործիքակազմերով պատրաստ է օժանդակելու ավիաընկերության արդյունավետ գործունեությանը, ինչը, Փաշինյանի համոզմամբ, կնպաստի ուղեւորահոսքերի ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքացիներին ավիացիոն ոլորտում ժամանակակից եւ որակյալ ծառայությունների մատուցմանը:

«Էյր Արաբիան» ցուցակված է Դուբայի ֆինանսական շուկայում եւ համարվում է Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բյուջետային առաջատար օպերատոր: Այս ավիաընկերությունն իր գործունեությունը սկսել է 2003թ.-ի հոկտեմբերին, այս պահին շահագործում է 52 նոր A320 եւ 4 A321 ինքնաթիռներ՝ սպասարկելով ԱՄԷ-ի, Մարոկկոյի եւ Եգիպտոսի հինգ հանգույցներից մոտ 170 երթուղիներ: 

«Էյր Արաբիայի» հետ ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին այս լուրը շատերի համար անսպասելի էր գլխավորապես այն պատճառով, որ ազգային ավիափոխադրողի համահիմնադիր դառնում է օտարերկրյա ավիաընկերություն։ Ինչո՞ւ է նման պայմանագիր կնքվում երկրորդ երկրի հետ, արդյոք առանց օտարերկրյա ավիափոխադրողի հետ համագործակցության հնարավորություն չկա՞ր ստեղծելու ազգային ավիափոխադրող, ինչո՞ւ է պետք ազգային փոխադրումներին մասնակից դարձնել այլ երկրի ավիաընկերության եւ քննարկվե՞լ է արդյոք տեղական ընկերությունների՝ ազգային ավիափոխադրող դառնալու հարցը․ այս եւ այլ հարցերի պատասխաններն ստանալու համար նախորդ ամիս գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ կառավարությանը։

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից ստացած պատասխանի համաձայն՝ «Էյր Արաբիա» ընկերության հետ քննարկումները սկսել են դեռեւս 2021թ. սկզբին, իսկ պայմանագիրը կնքվել է Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին եւ ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ, որի փորձը, կառավարության վստահեցմամբ, մեծապես նպաստելու է տեղական ավիացիայի ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ ավիաընկերության արդյունավետ կառավարմանը: Ի լրումն՝ փոխվարչապետի գրասենյակից նշել են, որ «Էյր Արաբիայի» հետ համատեղ ընկերության ստեղծումը նաեւ ներդրումային մրցունակության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի:

Կառավարությունը, ինչպես տեղեկանում ենք հարցման պատասխանից, համարում է, որ տեղական ընկերությունների փորձն անհամադրելի է «Էյր Արաբիա» ընկերության հետ: Գրավոր պատասխանում նշված է, որ ուսումնասիրվել է նախկին փորձը, արվել են մասնագիտական հաշվարկներ, ինչի արդյունքում մասնագետները եկել են եզրակացության, որ առավել արդյունավետ ձեւաչափը ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող գործընկերոջ հետ համատեղ ծրագիրն է: 

Խնդրել էինք պատասխանել նաեւ հարցին, թե ինչ ռիսկեր կարող են լինել, եթե որեւէ պարագայում այս ավիաընկերությունը սնանկանա կամ հեռանա, գնահատվե՞լ են արդյոք այդ ռիսկերը, հնարավոր ինչ լուծումներ կարող են լինել, եւ, ի վերջո, արդյոք դաշտից դուրս չե՞ն մղվի գոյություն ունեցող կամ ստեղծվելիք ավիաընկերությունները, եթե պետությունում մեկ ազգային ավիափոխադրող է լինելու։ Մեր ստացած պատասխանում ռիսկերի վերաբերյալ նշված է ոչ ավելին, քան այն, որ «Էյր Արաբիայի» նման համապարփակ փորձառություն ունեցող ընկերության հետ համագործակցությունը ռիսկերի համատեղ եւ արդյունավետ կառավարման հնարավորություն է տալու, եւ որ գործարքն իրականացվել է բիզնես ռիսկերի մանրամասն գնահատման հիման վրա․

««Էյր Արաբիան» եւ հայկական կողմը կիսում են այդ ռիսկերը: Ընկերության գործունեության ձախողման եւ սնանկացման պարագայում բացասական հետեւանքները տարածվում են թե՛ հայկական կողմի, թե՛ «Էյր Արաբիայի» վրա»:

Փոխվարչապետի գրասենյակից չեն հայտնել հայկական կողմի նյութական մասնակցության, օդանավերի քանակի ու մակնիշի վերաբերյալ տվյալներ՝ նշելով, որ դրանք ներկա պահին առեւտրային գաղտնիքի տիրույթում են:

Ինչ վերաբերում է «ազգային ավիափոխադրող» հասկացությանը, ապա հարցման պատասխանում նշված է, որ իրավական տեսանկյունից որեւէ կարգավորում «ազգային ավիափոխադրող» անվանումը չի ենթադրում ոչ միայն հայաստանյան, այլեւ շատ երկրների օրենսդրությամբ․

«Այդուհանդերձ, նոր ստեղծվող ընկերությունը միակ ավիափոխադրողն է, որի մասնաբաժնի մոտ կեսը տնօրինում է պետությունը ԱՆԻՖ-միջոցով: Ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է: ԱՆԻՖ-ի միջոցով պետությունը ներդրում է կատարել կոմերցիոն տեսանկյունից խոստումնալից ծրագրում: Համատեղ ձեռնարկության այս ձեւաչափն առավել արդյունավետ է»,- վստահեցրել են պաշտոնապես:

Ազգային ավիափոխադրո՞ղ, թե՞ ուղղակի համագործակցություն

Կառավարությունից ստացած պատասխաններն ու ներկա իրավիճակը, հնարավոր զարգացումները մեկնաբանելու համար դիմեցինք քաղաքացիական եւ ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանին։ Վերջինս թեեւ համարում է, որ Air Arabia-ն դինամիկ մենեջմենթով լավ ընկերություն է, բայց միեւնույն ժամանակ նշում է՝ այն միակն ու ամենամեծը չէ, նույնիսկ Էմիրություններում, առավել եւս՝ տարածաշրջանում, որպես մեծ ավիաընկերության օրինակ՝ նա նշեց Fly Dubai-ը:

Infocom-ի հետ զրույցում ավիացիոն ոլորտի կառավարիչը նկատեց՝ «Էյր Արաբիան» մեզ պես երկրներում մասնաճյուղ ստեղծելու 2 անհաջող փորձ ունի` Հորդանանում եւ Նեպալում․ 

«Եթե Նեպալի պարագայում մասնաճյուղի լուծարումը բացատրվեց քաղաքական իրավիճակի անբարենպաստությամբ, ապա Հորդանանի տարբերակում Air Arabia-ն, ըստ իմ տեղեկությունների, լուծարեց իր մասնաճյուղը կոռուպցիայից հեռու մնալու, իր անվան շուրջ կասկածելի կարծիք չստեղծելու նկատառումներով»,- նշեց Հակոբ Ճաղարյանը: 

Վերջինիս համոզմամբ՝ միջազգային որակավորման մասնագետներ հրավիրելն ու տեղացի փորձառու մասնագետներին ժամանակակից դարձնելն ավելի տրամաբանական կլիներ, քան համատեղ ձեռնարկությունում նրանց նշանակումը գործընկերոջ կողմից, ինչը նշված է կառավարության պատասխանում: 

Ինչ վերաբերում է «ազգային ավիափոխադրող» եզրույթին, ապա, ըստ մեր զրուցակցի, այն կառավարությունն է շրջանառության մեջ դրել: Իսկ այս համաձայնագիրը, նրա համոզմամբ, ընդամենը ՀՀ կառավարություն-«էյր Արաբիա» ավիաընկերություն համագործակցության մասին է․

««Ազգային ավիափոխադրող» աժիոտաժն այդ եզրույթի հետ որեւէ կապ չունի: Եվ հանդիսանում է հերթական բլեֆը: Նոր ստեղծվող ընկերությունը այսօրվա իրականությունում չունի ոչ մի շանս «ազգային»-ի պատվին արժանանալու, իսկ դրա պատճառները բազմաթիվ են, որոնց մասին ես բազմիցս խոսել եմ»։

Нет описания.

«Ազգային փոխադրողի» բացատրությունն՝ ըստ ICAO doc. 9626-ի, (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ԻԿԱՕ)), տվյալները՝ Հ․ Ճաղարյանի

«Ազգային փոխադրող է կոչվում այն ավիափոխադրողը, որը հիմնվել է՝ համաձայն տվյալ պետության ազգային օրենսդրության, սովորաբար պետության՝ օդատրանսպորտային ծառայություններ (այդ թվում՝ միջազգային օդատրանսպորտային ծառայություններ) մատուցող միակ կամ հիմնական ավիափոխադրողն է եւ օդային տրանսպորտի ոլորտում համարվում է ազգային գործիք»,- նշված է փաստաթղթում։

Հակոբ Ճաղարյանը նշեց՝ չի հավատում կառավարությունից ստացած պատասխանի այն պնդմանը, թե՝ «...նոր ստեղծվող ընկերությունը ոչ մի արտոնություն, պետական հովանավորություն չի ունենալու...»․

«Ես Էռնեկյան կրտսերի հետ քննարկել եմ այդ հարցը: Մանրամասները գաղտնիք են: Բայց այն, ինչի շուրջ ես բանայցել եմ՝ ի շահ տեղական ընկերությունների, 2019թ. դեկտեմբերի 15-ին ԱԺ-ն ամրագրեց իրենց գովազդած Ryan Air-ի համար: Դեռ մի բան էլ ավելի` սուբսիդավորմամբ նույն հիմնադրամի ֆոնդից: Ես չեմ հավատում, որ խաբեությունն արդարացնելու համար ավելի մեծ խաբեությունը չի հովանավորվելու: Իսկ դրանից բխող հետեւություններն ավելի ցավոտ են լինելու»,- ասաց ավիացիոն ոլորտի կառավարիչը՝ հավելելով, որ եթե երկրում մնա մի փոխադրող, ապա, վստահ է, նորից կանգնելու ենք 2013թ. իրավիճակի առաջ, երբ ՀՀ միակ ավիափոխադրող «Արմավիայի» սնանկության հետեւանքով երկիրը մնաց առանց ավիափոխադրողի։ Իսկ սա, Հակոբ Ճաղարյանի համոզմամբ, կառավարության հերթական խաբեությունն է․

«Արդեն չեմ հավատում, որ ընդամենը անփորձության եւ անհեռատեսության հետեւանք է»։ 

Airbus ընկերության հետ համագործակցության եզրերը մշուշոտ են

Հուլիսի 20-ին՝ «Էյր Արաբիայի» հետ համաձայնագրի ստորագրումից օրեր անց, Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում կատարեց՝ ներկայացնելով, որ ինքը դեռեւս 2020թ․ փետրվարին ավելի շահավետ պայմաններով եւ ավելի մեղմ` 10 տարվա ընթացքում վճարման գրաֆիկով արտադրողի՝ Airbus-ի հետ համաձայնեցրել եւ բերել էր A220 տիպի 8 օդանավի ձեռքբերման պայմանագիր, որի 2 օրինակները հանձնվել են Նիկոլ Փաշինյանին եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանին։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարությունից եւ վարչապետի աշխատակազմից գրավոր հարցմամբ խնդրեցինք տրամադրել տեղեկություններ՝ արդյոք Airbus A220 ութ օդանավ ձեռք բերելու պայմանագիր ներկայացվե՞լ է կառավարությանը, եւ եթե այո, ապա վճարման ինչպիսի գրաֆիկով, ձեռքբերման ինչպիսի պայմաններով է եղել այն, պայմանագիրը գործարկվելո՞ւ է որեւէ ժամանակահատվածի համար, իսկ եթե չի գործարկվելու, ապա ինչու։

Մեր ստացած պատասխանի համաձայն՝ «Airbus» ընկերության ներկայացուցիչները 2019 թվականին այցելել են Երեւան եւ ունեցել տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, ձեռք են բերվել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ, հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Այնուհետեւ «Airbus» ընկերությունը Հակոբ Ճաղարյանի միջոցով փոխանցել է հետագա համագործակցության շրջանակներում հնարավոր խորհրդապահական բնույթի տեղեկատվության (այդ թվում՝ օդանավի հնարավոր ձեռքբերման արժեքի) չհրապարակման մասին փաստաթուղթ, որն էլ ստորագրվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի կողմից: Վերոգրյալ փաստաթուղթը ստորագրվելուց հետո որեւէ գործընթաց «Airbus» ընկերության հետ դեռեւս չի իրականացվել»,- պատասխանել են կառավարությունից:

Ըստ Հակոբ Ճաղարյանի՝ վերագրյալ տեղեկությունները ներկայացված են մանիպուլացված․ 

««Airbus»-ի առաջարկած պայմանագրի մի օրինակն ինձ մոտ է, մյուս 2 օրինակները Նիկոլ Փաշինյանի ցուցումով 2020թ. փետրվարի 10-ին անձամբ հանձնել եմ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին: Առանց կոմերցիոն գաղտնիք պարունակող մասի` օդանավերի արժեքների եւ ստացման ժամկետների մասին տեղեկությունները կարող եմ ներկայացնել: Մինչ այդ ստորագրվել է, ինչպես նշվում է կառավարության պատասխանում, «Չհրապարակման մասին» համաձայնագիր: Airbus-ին Տուլուզում ինքս եմ ներկայացրել տեղական ավիաընկերության բիզնես-պլանի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել Airbus-ի մոտ 10 բարձրաստիճան պաշտոնյա: Այդ թվում՝ 3 փոխնախագահ, ֆինանսական տնօրենը, Կանադայից այդ հատուկ հանդիպման համար ժամանած 2 առաջատար մասնագետ եւ այլք: ՀՀ կառավարությանն արած պայմանագրի առաջարկը ծնվել է այդ հանդիպման արդյունքում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իր առաջարկած տարբերակը ներառում էր չնչին ֆինանսական ներդրումներ, որոնք կվերադարձվեին մոտակա 3-4 ամսում՝ գումարած բազմապատիկ ներդրումների ծրագիր: 

Այսպիսով, «Էյր Արաբիա» ավիաընկերությունն ու «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» պատրաստվում են ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը գործելու է որպես բյուջետային ուղեւորափոխադրող ավիաընկերություն։ Կառավարությունը, սակայն, հստակ չի պատասխանում հարցերին, թե հնարավոր ռիսկերը չեզոքացնելու ինչ գործիքակազմ կա, եւ թե ինչպես է կարգավորվելու դաշտը, որպեսզի նոր ստեղծող ավիաընկերությունը դուրս չմղի մյուս ավիափոխադրողներին։ Հստակ պատասխան չկա նաեւ հարցին, թե ինչու «Airbus» ընկերության հետ համագործակցությունը հետագա ընթացք չի ստացել այն պարագայում, երբ 8 օդանավի ձեռքբերման պայմանագիր էր առաջարկվել՝ ավիացիոն ոլորտի կառավարչի գնահատմամբ՝ ավելի շահավետ պայմաններով եւ 10 տարվա ընթացքում վճարման գրաֆիկով։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել