«Պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են»․ ԱԺ-ում շշեր նետեցին իրար վրա
11:02 - 25 օգոստոսի, 2021

«Պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են»․ ԱԺ-ում շշեր նետեցին իրար վրա

ԱԺ-ում ընթանում է կառավարության ծրագրի քննարկումը։

Խորհրդարանում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ վերջին օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր խմբակցությունների հարցերն ու ելույթները լսելով իր մոտ ծիծաղ ու ամոթ են առաջացել․ «Ես չեմ պատկերացնում՝ մարդ ոնց կարա տենց դատողություն ունենա։ Վերջին օրվա ընթացքում այդ խմբակցությունները փորձում են պարտության ամբողջ բեռը բարդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հիմա ես ուզում եմ թվերով արձանագրենք՝ ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի սայլը տեղից շարժվի․ 1990 թվականին ՀՀ բնակչության թիվը եղել է 3,5 մլն, 2018-ին՝ 2,9 մլն։ Այդ ժամանակ Փաշինյանը դեռ վարչապետ չէր։ Այսինքն՝ ձեր ղեկավարների պատճառով ՀՀ բնակչության թիվը պակասել է 550 հազարով։ Ադրբեջանի բնակչության թիվը 1990-ին եղել է 7մլն, 2018-ին՝ 10 մլն։ Այս ընթացքում Ադրբեջանը զինել է իր բանակը, երբ մենք գնում էինք 90-ականների զենքեր, Ադրբեջանը գնում էր ժամանակակից սպառազինություն, անօդաչուներ, երբ մենք արդեն պատերազմի ժամանակ դուրս էինք բերում 1 տանկ, Ադրբեջանը դուրս էր բերում 20 տանկ, մեր ամեն մեկ զինվորի առաջ կանգնած էր 10-ից ավելի ադրբեջանցի, թուրք, վարձկան։ Հիմա էս ամենը մենք պիտի՞ իրար հետ քննարկենք, հասկանանք՝ ինչն ենք սխալ արել, թե՞ անընդհատ մեղադրենք իրար։ Եթե մեղադրելով լինի, մենք թվերով, փաստերով մի քանի անգամ շատ կարանք ձեզ մեղադրենք»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ Փաշինյանի կառավարման տարիներին տասն անգամ շատ զենք է գնվել։

Նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չեն արձագանքում ընդդիմադիրները։

Պատգամավորը անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառմանը, որտեղ նա վիրավորել էր Փաշինյանին ընտրած քաղաքացիներին, ու ասաց, որ ընդդիմությունն առիթից օգտվում է, որ Փաշինյանն իր թիմին ասել է՝ «չպետք է տալ, մեկի գլուխը ջարդել»։ Պատգամավորի այս խոսքի ժամանակ ԱԺ-ից քմծիծաղներ լսվեցին։ Սարգսյանն ասաց, թե իրենք մնալու են կոռեկտության սահմաններում։  

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, որ Սարգսյանը «ռազբոռկա է սարքում», ինչին հակադարձեց ՔՊ-ական պատգամավորը՝ ասելով՝ «երեւի սխալ ա եղել, որ ռազբոռկա չենք սարքել», ու որ շուտով կանդրադառնա նաեւ Սեյրան Օհանյանին․ «Եթե 2008-ին մեզ մոտ ստացված լիներ հեղափոխությունը, եւ այն տեմպերով, ինչ տեմպերով զարգացել է բանակը 2018-ից հետո, զարգանար 2008-ից հետո, նման աղետալի հետեւանք տեղի չէր ունենա»։

Սարգսյանը հայտարարեց՝ պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճան են։ Սեյրան Օհանյանը, որը նախկին պաշտպանության նախարարն է, տեղից արձագանքեց «հայրենիքի դավաճանը դո՛ւ ես, այ տղա, իմ ժամանակ․․․», եւ նրա խոսքը լսելի չեղավ, քանզի Հայկ Սարգսյանը կտրուկ արձագանքեց՝ «ես քեզ ե՞մ ասում, արա՛»։ Այդ պահին Սեյրան Օհանյանը շիշը նետեց Սարգսյանիվրա, վերջինը սկսեց բղավել, թե՝ «խելոք պահի քեզ, արա» ու ինքն էլ իր շիշը նետեց դեպի Սեյրան Օհանյանը։ ԱԺ-ում ՔՊ խմբակցության կողմից շշեր նետեցին, հետո սկսեցին տարբեր կողմերից իրար շշերով հարվածել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, նիստն ընդհատվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել